«ՍԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՆ Է, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է» (Տեսանյութ)
Արխիվ 12-16«ՍԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՆ Է, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է» (Տեսանյութ)
Շուտով երգչուհի ՆԱՆԱՆ եւ ՍԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ հանրության դատին կհանձնեն «Կարոտ» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը: «Իրավունքը» արդեն անդրադարձել է տեսահոլովակի բովանդակալից նկարահանման աշխատանքներին եւ նշել, որ այն նման է փոքրիկ ֆիլմի` իր հարուստ դրվագներով: Իսկ այս անգամ մեր զրուցակիցն է «Կարոտ» երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԸ:
-Արման, նախ խոսենք երգի բովանդակության մասին…
- Երգը երկու սիրող սրտերի մասին է, որոնք բաժանվել են միմյանցից, բայց երկուսն էլ տառապում են ու չեն կարողանում իրար հասնել: Եվ նրանք հիշում են իրենց անցած սերը, հիմնականում գովերգում այն: Այսինքն` այս երգը անսահման մարդկային կարոտի մասին է:
- Հետաքրքիր է, դա Ձե՞ր սիրո պատմությունն է, թե՞ երգի կատարողների` Նանայի կամ Սարոյի:
- Ես ունեցել էի նոր բաժանում ու նաեւ կար գեղեցիկ երգ գրելու գաղափարը… Արդյունքում դրանք համատեղեցի ու ստացա այս երգը:
- Իսկ երգը հատուկ Նանայի ու Սարոյի համա՞ր է գրվել:
- Այո, երգը գրվել է որպես զուգերգ ու հենց Նանայի ու Սարոյի համար: Պատվերը ստացել եմ իրենց կողմից ու որեւէ այլ մեկին չեմ առաջարկել երգել այն: Իսկ Նանան ու Սարոն անմիջապես հավանությունը տվել են ու սկսել ձայնագրման աշխատանքները:
- Նախկինում համագործակցություն ունեցե՞լ էիք Սարոյի կամ Նանայի հետ:
- Սարոյի հետ դեռեւս չէի ունեցել համագործակցություն, իսկ Նանայի հետ սա արդեն երրոդ համագործակցությունն է: Նանայի համար գրել եմ նաեւ «Հալելա» երգի խոսքերը: Ունեմ գրած եւս մեկ երգ, որի մասին կարծում եմ` Նանան դեռ կխոսի, չեմ ուզում փակագծերը բացել, բայց էլի կլինի զուգերգ:
- Հիմնականում այն երգիչ-երգչուհիները, որոնք սիրո մասին զուգերգ են կատարում, անմիջապես բամբասկոտ հանրությունը սկսում է «ամուսնացնել» կամ «բաժանել» նրանց: Ըստ Ձեզ, Ձեր հեղինակած երգը կարո՞ղ է այսպիսի խոսակցությունների պատճառ դառնալ:
- Չեմ կարծում, որ այդպիսի խոսակցություններ կլինեն, որովհետեւ շատ շատերը գիտեն , որ Նանան ու Սարոն ուղղակի լավ ընկերներ են, ոչ ավելին: Եվ այդ առումով չեմ կարծում, որ որեւէ մտավախություն ունենք: Բայց, ճիշտ եք, սովորաբար, հենց այդպես էլ լինում է, որ երգի պրեմիերայից հետո, հանրությունը սկսում է վառ երեւակայությամբ բամբասանքներ հյուսել:
- Անվերջ սիրո կամ բաժանման մասին երգեր են գրվում, ի վերջո այս թեման սպառում ունի՞:
- Այս թեման կարծում եմ սպառում չունի, որովհետեւ սա համամարդկային թեմա է: Սա այն թեման է, որը չի կարող շրջանցել որեւէ մեկին, քանի որ բոլորն էլ իրենց կյանքում ունեցել են ե՛ւ սեր, ե՛ւ բաժանում, ե՛ւ կորուստ… Այնպես որ, կարծում եմ`այս երգը բոլորին է վերաբերում եւ ով էլ լսի իր սրտի մի լարին այն կդիպչի: Ընդհանրապես, անգամ բաժանման թեման չի ունենա ավարտ, քանի որ մեր ազգը, ինչպես գիտենք բոլորս, ավելի մելանխոլիկ, ռոմանտիկ է ու կարելի է ասել,որ սիրում ենք ողբալ եւ լացել: Թեպետ այս երգն այնքան էլ լացելու չէ, ես կասեի ավելի շատ գովերգում է ունեցած սերը:
- Այնուամենայնիվ, «Կարոտ» երգը, ըստ Ձեզ, սրտի մխիթարա՞նք է` իր սերը կորցրած անձնանց համար, թե՞ նախազգուշացում, որ պահեն ու պահպանեն այն:
- Այն կլինի ոմանց համար նաեւ մխիթարանք: Չէ՞ որ մխիթարանքը նաեւ այն է, որ նստած լսում ես ինչ-որ մի երաժշտություն, որը քո սրտին հոգեհարազատ է: Եվ եթե այս երգը լսելով մարդիկ թեկուզեւ մի քանի վայրկյանով մտովի հասնեն այն կետին, որ իր նախկին սիրեցյալի հետ են, երջանիկ են, կարծում եմ` դա արդեն կլինի Նանայի ու Սարոյի հաջողության գրավականներից մեկը: Իհարկե, չեմ կարծում, որ այս երգի պրեմիերայից հետո հանրությունը համատարած կասի` բրավո, շատ լավ է, բայց չեմ էլ կարծում, որ միանշանակ կասեն, թե վատ է: Թեպետ այս պարագայում կարծում եմ դրական արձագանքները շատ ավելի կլինի, քան բացասականը: Ես կողմ եմ ցանկացած առողջ քննադատության, սա հայկական շոու-բիզնեսն է, որտեղ ամեն ինչ անկանխատեսելի է:
- Որպես վերջաբան` «Կարոտ» երգի պրեմիերայից առաջ ի՞նչ կցանկանայիք ասել:
- Ուզում եմ, որ մեր հայ ազգը ավելի շատ երջանկանալու առիթներ ունենա այս կյանքում , այսինքն` ցավալի, ողբալի, տխուր իրավիճակները ավելի քիչ լինեն: Թող մեր երգերը, որոնք գրում ենք հենց մեր ազգի համար` լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որեւիցե մի կերպ ազդեցություն ունենան մարդկանց վրա ու սկսեն ավելի թեթեւ ապրել, կյանքին նայել դրական կողմերից: Ինչ-որ կատարվել է անցյալում, թող մնա հենց այնտեղ ու առաջ գնալով` նայենք միայն ապագային:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

