ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԵՆ
Արխիվ 12-16ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԵՆ
2010 թվականի մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի ժամանակ ընդունված վիրուսային հեպատիտների, մասնավորապես` Բ-ի և Ց-ի մասին որոշումը (ռեզոլուցիա) ՀՀ Առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ և իր հետագա աշխատանքներն իրականացրել է և իրականացնում է այդ համատեքստում: Վերջինիս վկայությունն է հուլիսի 28-ը, որպես հեպատիտների համաշխարհային օր, նշելը: Այդ մասին այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, բ.գ.թ. ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Իր խոսքով`վիրուսային հեպատիտները աշխարհում հանրային առողջապահական գերակա խնդիրներից են: Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր արդեն հայտնի են հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող մոտ 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված են 6-ը` Ա., Բ, Ց, Դ, Ե, Ջի: Լ. Ավետիսյանի փոխանցմամբ` տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1,4 մլն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակիր են: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ մահանում է սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ի հետևանքներից: Քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ Բ-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը` ծխելուց հետո: Աշխարհի ազգաբնակչության 150 մլն-ից ավելին վարակված են հեպատիտ Ց-ով և տարեկան հայտնաբերվում է 3-4 մլն վարակի նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից: Հեպատիտ Ա-ի և Բ-ի համար առկա են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի պատվաստանյութի ստեղծմանն ուղղված աշխատանքներն աշխարհում դեռևս շարունակվում են: Տիկին Ավետիսյանն ասաց նաև, որ այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ է պահանջում, որի հետևանքով բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների բեռը, առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը նշանակալի է աշխարհի բազմաթիվ երկրների համար:
Իսկ ասուլիսի այլ մասնակիցներ՝ ՀՀ ԱՆ համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր ԳԱՅԱՆԵ ՄԵԼԻՔ-ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ և ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի Լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. ՀԱՍՄԻԿ ՂԱԶԻՆՅԱՆՆ, անդրադառնալով Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակին ասացին, որ վերլուծությունը ցույց է տվել, որ համաձայն վարչական վիճակագրության տվյալների, հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 90 %-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008 թ. 25,7-ից նվազել է 2013 թ.` 2,3-ի: Բանախոսներն նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ. 3,4-ից նվազել է 2013թ.` 1,8-ի: Վերջին տասնամյակում հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազումն ակնառու է: Մասնագետները հուրախությամբ փաստեցին, որ մինչև 1999թ. պատվաստումների ներդնումը, նկատվում էր համաչափ նվազում և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 2,5 %, ապա պատվաստումների ներդնումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ` նվազում, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում` 98 անգամ /ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,1-ի/: Նշվածը ապացուցում է պատվաստումների անհրաժեշտությունը, կարևորությունը և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում: Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա, համաձայն վարչական վիճակագրական տվյալների, վերջինիս հիվանդացության նշանակալի աճ չի արձանագրվել: Սակայն այն շարունակում է մնալ առողջապահության գերակա հիմնախնդիրներից մեկը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վիրուսային հեպատիտներն ամբողջ աշխարհում հանրային առողջապահության հիմնախնդիրներից մեկն են` Առողջապահության նախարարությունը, հարցը կարևորելով, ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ` նպատակ ունենալով հետագայում պայքարի ու կանխարգելման միջոցառումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

