ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՈՒ ՄԻԿԱՅԻ «SHINE OUT»-Ը
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՈՒ ՄԻԿԱՅԻ «SHINE OUT»-Ը
Երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆՆ օրերս ավարտեց իր երրորդ` «Shine out» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման աշխատանքները, որն իրականցրեց ռեժիսորը ԱՐՄԵՆ ՓԻՐԻՄԱՍԻՀԻԻՆ, ով նաեւ Կարենի նախորդ 3 տեսահոլովակների ռեժիսորն է: Այս անգամ Կարենը հանդես է գալիս ոչ թե առաջին երգի տեսահոլովակի նման երգչուհի Ջուսի, այլ իր հասակակից` հաղորդավար Միկայի հետ, որտեղ Միկան ոչ թե երգում, այլ` ռեփ է կարդում:
«Իրավունքը» ներկա լինելով նկարահանման հրապարակում` փորձեց մանրամասներ պարզել տեսահոլովակից: Նախ պարզեցինք, որ Կարենն այս երգով պատրաստվում է մասնակցել մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին: Կարենի բնորոշմամբ երգը. «Բարության մասին է, դրական ու բարի երգ է: Տեսահոլովակն էլ երգի նման նույնպես դրական է»:
Ի դեպ, այս երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց Կարենն է, իսկ գործիքավորումն արել է երգիչ, գործիքավորող Գուժը. «Երգի երաժշտությունն ինքս եմ գրել, այդ հարցում ինձ օգնել է տաղանդավոր կոմպոզիտոր, երգիչ Գուժը, ով էլ հենց գործիքավորել է երգը»,- ասաց Կարենն ու պատմեց, թե ինչու որոշեց զուգերգը կատարել հենց բոլորիս հայտնի հաղորդավար Միկայի հետ. «Անցյալ տարվա մանկական «Եվրատեսիլի» երգիս մեջ կա ռեփի հատված, որը ես եմ կարդում, բայց այս անգամ ուզում էի, որ ռեփը ոչ թե ես, այլ` ուրիշ մեկը կարդար: Որոշեցի առաջարկել Միկային, եւ նա սիրով համաձայնեց»:
ՄԻԿԱՅԻ բնորոշմամբ. «Լավ միտք էր, լավ երգ էր, ինչպե՞ս կարող էի չհամաձայնել»,- հավաստիացրեց Միկան եւ շտապես տեղեկացնել, որ ռեփ կարդում է առաջին անգամ, իսկ մինչ այդ փորձել է սիրողական մակարդակով` խնջուքների ժամանակ.
«Փորձում եմ նաեւ այս տեսանկյունից ներկայանալ, քանի որ մինչ այս ինձ բոլորը ճանաչում էին որպես հաղորդավար եւ դերասան: Պիտի ասեմ, որ իմ մեջ գտա այդ տաղանդը` Կարենի օգնությամբ»:
Ի դեպ, երգն ունի երկու տարբերակ` տեսահոլովակը նկարահանվում է անգլերեն, իսկ «Եվրատեսիլի» նախընտրական փուլում` անգլերեն կլինի միայն ռեփի հատվածը, երգն ամբողջությամբ կհնչի հայերեն տարբերակով, քանի որ ըստ մրցույթի կանոնների` թույլատրվում է, որ երգը 30 տոկոսով լինի անգլերեն:
Կարենի պրոդյուսեր հայրիկի` ԱՐՄԵՆԻ փոխանցմամբ, քանի որ երգը նախատեսվում է մանկական «Եվրատեսիլի» նախընտրական փուլում ներկայանալու համար, իրեն ընտրել են տեսահոլովակի տարբերակը. «Որոշեցինք երգը հանրությանը ներկայացնել տեսահոլովակի ձեւով, որպեսզի հավանողները քվեարկեն երգի օգտին: Ճիշտ է, երգը դեռ ոչ մի տեղ չի հնչել, բայց արդեն օգոստոսին տեսահոլովակի հետ միասին կընդգրկվի երաժշտական տասնյակներում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

