«ՊԼԱՍՏԻԿ ՇՇԵՐԸ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՊԱՏՈՒՀԱՍ»
Արխիվ 12-16«ՊԼԱՍՏԻԿ ՇՇԵՐԸ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՊԱՏՈՒՀԱՍ»
Արդեն հինգերորդ տարին է ինչ ֆրանս-հայկական գիտարշավի մասնակիցները Սեւանա լճում իրականացնում են ստորջրյա հետազոտություններ, որի արդյունքում հայտնաբերել են հետաքրքիր փաստեր եւ տեսարժան վայրեր, որոնց մասին մինչ այժմ ոչ ոք չի իմացել: Սեւանը ամբողջությամբ ուսումնասիրելու նպատակով երկու տարի առաջ ստեղծվել է Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնը (ՍՀՍՀԿ), որտեղ մարդիկ հնարավորություն ունեն տիրապետելու սուզվելու հետ կապված բոլոր գաղտնիքներին: Գիտարշավի մասնակից (Մարսելի բնակիչ) Կլոդ Թուլումջյանի խոսքով` կենտրոնի եւ իրենց նպատակն է, որպեսզի բոլորին ցույց տան Սեւանն իր ամբողջ գեղեցկությամբ, ինչպես նաեւ այն վտանգներն, որոնք մարդու կողմից կարող են հասնել լճին: «Մենք որոշեցինք մեր գործունեության շրջանակները ընդլայնել եւ զբաղվել նաեւ ոչ գիտական գործունեությամբ եւ ուսումնասիրեցինք այնպիսի վայրեր, որը երբեւէ չի ուսումնասիրվել: Դրանց արդյունքում բացահայտել ենք լճի հատակին`մոտ 25 մետր խորության վրա մի հետաքրքիր տարածք, որտեղ ավազների մեջից դուրս են գալիս պղպջակներ եւ ծածկում ամբողջ տարածքը»,-նշեց ԿԼՈԴ ԹՈՒԼՈՒՄՋՅԱՆԸ: Ըստ բանախոսի , ուսումասիրված տարածքում կարելի է հանդիպել հետաքրքիր բուսական եւ կենդանական աշխարհի: Կ.Թուլումջյանը նաեւ հայտնեց, որ Սեւանա լճի խեցգետինը չափերով փոքրացել է եւ պակասել:
Երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանն էլ ընդգծեց, որ Սեւանա լիճը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ համարվում է բնական ռեսուրս: Ինչպես նա փաստեց, լճում դեռեւս հսկայական ուսումասիրություններ կան` կապված բուսաբանական, կենդանաբանական , երկրաբանական եւ էկոլոգիական հետազոտությունների հետ: «Այս տարի ՍՀՍՀԿ կենտրոնի ջանքերով ընդհամենը 20 րոպեում լճից դուրս բերվեց հսկայական աղբակույտ, այստեղ կա էկոլոգիական խնդիր: Մեր վերբերմունքը մեր հաստության նկատմամբ մեղմ ասաց նորմալ չէ: Ոչ միայն աղտոտվում է Սեւանի ափամերձ տարածքներն, այլեւ`ավազանը: Էլ չենք խոսում պլաստիկ շշերի մասին, որոնք Սեւանի եւ ամբողջ էկոլոգիայի համար դարձել են պատուհաս»,- շեշետեց ԱՐԱ ԱՎԱԳՅԱՆԸ: Այս ամբողջ աղբի մեջ Ա. Ավագյանի խոսքով`հնարավոր չէ ունենալ առողջ կենդանական եւ բուսական աշխարհ, ուստի դրա պատճառով ձկները սատկում են եւ վտանգվում է լողորդների կյանքը:
Երկու բանախոսներն էլ հույս հայտնեցին, որ մարդիկ գիտակցելով ամբողջ վտանգը, գուցե փորձեն խնամքով վերբերել բնությանը եւ Սեւանա լճին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

