ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ. ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՊՐՈՊԱԳԱՆԴՄԱՆԸ ԼՈՒՐՋ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ. ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՊՐՈՊԱԳԱՆԴՄԱՆԸ ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վստահեցնում է`այս տարի խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ պաշտոնական թվերով մի փոքր ավելին կլինի: Մթերման գինն էլ նախորդ տարվա`145 դրամի փոխարեն այս տարի կլինի 150 դրամ: Անցյալ տարի ունեցել ենք 167.000 տոննա, այս տարի կունենանք 10 տոկոսով ավելի բերք: Քանի որ խաղողի բերքն այս տարի ավելին կլինի, բնականաբար գինու ու կոնյակի արտադրության ու արտահանման ծավալներն էլ կավելանան, մասնավորապես` գինու արտահանումը կավելանա 30 տոկոսով, կոնյակինը`20:
Խաղողի տեսակներից, ըստ Հարությունյանի, կարմիր խաղողի դեֆիցիտ կլինի, որի պատճառով վերջինիս գինը շուկայում մի փոքր բարձր կլինի:
Ինչո՞ւ հայկական գինին, այնուամենայնիվ, հայկական կոնյակի նման աշխարհում շատ տարածված չէ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը: Պատճառները նախ և առաջ, ըստ գինեգործների միության նախագահի, պատմական հիմք ունեն. «1828-ին, երբ Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, բոլոր այգիները թուրքերի ձեռքում էին. արգելված էր Արևելյան Հայաստանում գինեբեր խաղող մշակել: Ռուսական տիրապետությունն էլ իր հերթին օղու պահանջարկ առաջացրեց, և հայերը դարձան ցարական Ռուսաստանի լավ օղեգործները: Հետո եկան եվրոպական տեխնոլոգիաները, հայերը դարձան կոնյակագործներ»:
Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, բանախոսի խոսքով`մեր կառավարությունն Իտալիայի, Ֆրանսիայի նման պետք է երկարաժամկետ ու շատ ցածր տոկոսներով վարկեր տրամադրի գինեգործներին: «Խաղողի այգի տնկելուց 13-14 տարի հետո ես միայն զգում եմ, որ այն քոնն է, այն անընդհատ խնամքի ու մշակելու կարիք ունի»,- ասաց Ա. Հարությունյանը`հավելելով, որ հայկական գինին պրոպագանդելու առումով կարևոր դեր ունի արտգործնախարարությունը, սակայն, այդ կառույցը գինեգործության պրոպագանդմանը լուրջ չի վերաբերվում, ի տարբերություն վրացիների: «Ցանկանում ենք մասնակցել այն երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին, որտեղ մենք պետք է գինի արտահանենք և ԱԳՆ-ին ասում ենք` ձեր դիվանագիտական խողովակներով գինին տարեք դեսպանատուն, մենք այնտեղից կվերցնենք: Մեզ արտգործնախարարությունն ասում է`ոչ, կխախտենք օրենքը»,- մանրամասնեց Հարությունյանը:
Սակայն գինու նկատմամբ հետաքրքրությունն ու սպառումը սկսել է վերականգնվել. եթե հայկական կոնյակի 90 տոկոսը սպառվում է դրսում, ապա գինու պարագայում հակառակն է` մեծ մասը սպառվում է ներսում:
Սոնա Դավթյան

