ՙՄԽԻԹԱՐՅԱՆԸ 3 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է 4 ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ՚
Արխիվ 12-16ՙՄԽԻԹԱՐՅԱՆԸ 3 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է 4 ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ՚
Նոր մրցաշրջանի նախապատրաստական այս շրջանը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար դարձավ լավագույն որակները դրսեւորելու հարթակ: Դորտմունդի ՙԲորուսիայի՚ կազմում հանդես եկող Մխիթարյանի համար շատ կարեւոր է երկրորդ մրցաշրջանը գերմանական ակումբի կազմում անցկացնել նախորդից բարձր մակարդակի վրա: Առաջին մրցաշրջանում թեեւ Մխիթարյանը հիմնականում արդարացնում էր իրեն խաղադաշտում, բայց ցանկացած վրիպման դեպքում արժանանում էր սուր քննադատության:Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է իր անցկացրած առաջին մրցաշրջանին եւ կիսվել նոր ծրագրերով, հայ կիսապաշտպանը մասնավորապես նշել է. ՙԴրական եմ գնահատում առաջին մրցաշրջանս ՙԲորուսիայում: Նախորդ մրցաշրջանում հնարավոր է, որ չօգտագործեցի իմ բոլոր հնարավորությունները: Իհարկե, ցանկանում եմ ավելի շատ աչքի ընկնել հաջորդ մրցաշրջանում: Պետք է բարելավեմ խաղս բոլոր տեսանկյուններից: Մարզիչն ասաց ինձ, որ պետք է շարունակեմ այնպես, ինչպես սկսել էի՚:
Ինչպես երեւում է Մխիթարյանն իր արժեքը թիմում որոշել է ցույց տալ հենց առաջին իսկ հանդիպումներից: ՙԲորուսիան՚ արդեն անցկացրել է 3 ընկերական հանդիպում, որոնց ելքի վրա Հենրիխն անմիջականորեն ազդել է: Գերմանական ՙՀեսեն Կասելի՚ դեմ հանդիպմանը Մխիթարյանը աչքի էր ընկել մեկ անգամ, իսկ ՙԲորուսիայի՚ երկրորդª ՙՀայդենհայմի՚ դեմ ընկերական խաղում Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղը սկսել էր ՙԲորուսիայի՚ փոխարինողների նստարանից եւ խաղադաշտ էր դուրս եկել ընդմիջմանը, երբ դորտմունդցիները պարտվում էին 1:2 հաշվով: 56-րդ րոպեին Մխիթարյանը հավասարեցրել է հաշիվը, սակայն 11 րոպե անց մրցակիցը դարձյալ առաջ է անցել հաշվի մեջ: 71-րդ րոպեին Հենրիխը դարձավ նաեւ դուբլի հեղինակª կրկին հավասարեցնելով հաշիվը: Խաղի ավարտից 5 րոպե առաջ ամերիկացի կիսապաշտպան Ջոյ Գյաուն կամային հաղթանակ պարգեւեց ՙԲորուսիային՚ª 4:3:
Իսկ ՙԲորուսիայի՚ երրորդ ընկերական խաղում թիմը պարտությունից խուսափեց հենց Մխիթարյանի գոլի շնորհիվ: Մրցակիցը Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող ՙՕսնաբրյուկն՚ էր, որի դեմ խաղն ավարտվեց 1:1 հաշով: Այսպիսով` Մխիթարյանը 3 հանդիպումներում դարձել է 4 գոլի հեղինակ, եթե հայ ֆուտբոլիստն այս արդյունավետությամբ հանդես գա նաեւ պաշտոնական խաղերում, լուրջ մրցակից կդառնա առաջնության ռմբարկուների պայքարում: Ինչեւէ, ֆուտբոլում կանխատեսումներ ու գուշակություններ անելը, մեղմ ասած, անլուրջ է, առաջիկայում նոր մրցաշրջանն է Բունդեսլիգայում եւ անչափ կարեւոր հանդիպումներ` Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրո-2016թ. խմբային փուլի շրջանակներում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

