ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՑԵԼ Է ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եթե տարիներ առաջ երեխաներին փողոցից կտրելով` կարելի էր նրանց հրամցնել հեռուստատեսությամբ ցուցադրվող հետաքրքիր մանկական հաղորդումներ, ապա այսօր շատ ծնողներ գերադասում են` ավելի լավ է իրենց երեխան փողոցում երկար խաղա, քան տանը նստի եւ դիտի անորակ սերիալներ եւ հաղորդումներ: Թվում է, թե հեռուստատեսությունը պետք է լիներ մատաղ սերնդի դաստիարակող այն օղակներից մեկը, որի ռազմահայրենասիրական եւ դաստիարակչական բնույթի հաղորդումներով մանուկները կկարողանային զարգացնել իրենց ունակությունները: Նախկինում երեխաների համար կար ՙՀեքիաթն է կանչում՚ մանկական հաղորդումը, որի ընթացքում նեկայացվում էին հետաքրքիր պատմություններ, պատմվում հեքիաթներ եւ ցուցադրվում մուլտֆիլմեր, նման հաղորդումների օրինակները բազմաթիվ են: Այսօր դրա փոխարեն երեխաները դիտում են սերիալներ, հային փնովող ու ծաղրող անճաշակ հաղորդումներ: Ի±նչ պիտի արվի բացը լրացնելու եւ ժամանակակից սերնդին հետաքրքիր լինելու համար, թեման ՙԻրավունքը՚ փորձեց պարզաբանել ստորեւ.
Հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ- Երեխաներին պետք է շատ լուրջ վերաբերվել, նրանք լուրջ մարդիկ են: Պետք է խնամքով վերաբերվել այն ամենին, ինչի հետ առնչվում են նրանք` այդ թվում նաւ հեռուստահաղորդումներին եւ ֆիլմերին: Այդ ամենով նրանք աշխարհն են ճանաչում, անհրաժեշտ է, որպեսզի երեխաների մտածողությանը համապատասխան ձեւերով արժեքներ ներարկել եւ սերմանել նրանց մեջ: Ես երկու տարեկան թոռնիկ ունեմ, նա արդեն էկրանային կյանքով է ապրում, այլ ելք չկա` էկրանը մեր կյանք է մտել: Այս դեպքում հարց է, թե էկրանից ի±նչ է երեւալու, դրա միջոցով ինչպե±ս է ձեւավորվելու երեխայի հոգեկան աշխարհը: Մանկական հաղորդումները պետք է լինեն ուսուցանող եւ գեղագիտական հաճույք պատճառող, որոնք կզարգացնեն երեխայի ընկալումները: Երեխաներին շատ մեծ արժեքներ կարելի է փոխանցել պարզ թվացող ֆիլմերի կամ մանկական հաղորդումների ժամանակ: Չգիտես ինչու, այսօր կա կարծրացած դիրքորոշում, թե նման հաղորդումների պահանջարկ չկա, իսկ ինչո±ւ են թերագնահատում լսարանին: Եթե հեռուստատեսությամբ չկա այն հաղորդումները, որոնք պետք է դիտեն երեխաները, ապա խորհուրդ կտամ ծնողներին, որպեսզի աշխատեն ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ տիրում են իսկական արժեքները: Եթե երեխան ձեւավորվի այդպիսի մթնոլորտում, ապա նրան հետագայում այդ ամենից կտրելը դժվար կինի` անհասկանալի ու մակերեսային հաղորդումներով չի տարվի:
ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱԼԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ (Ալլա մորաքույր)- Այն, որ այսօր գրեթե չկան մանկական հաղորդումներ, անձամբ ինձ համար շատ տխուր է, սա իհարկե մեծ սխալ է: Այն ժամանակ, երբ երեխաների համար վարում էի ՙՀեքիաթն է կանչում՚ ծրագիրը, ինձ շատ լավ էի զգում, որ կարողանում եմ հեռուստատեսության շնորհիվ խոսք ասել նրանց: Օրինակ` Ռուսաստանում այդ հաղորդումն արդեն գրանցվել է Գինեսի գրքում, քանի որ եթեր է հեռարձակվում 60-ական թվականներից: Մեր ազգը սիրում է ընկնել նորաձեւության հետեւից` լավ բաները դնում ենք մի կողմ` չմտածելով, որ այն մեր երեխաներին անհրաժեշտ է: Ցավալի է նաեւ այն, որ մեր երեխաների համար այլեւս չեն ցուցադրվում դաստիարակչական բնույթի մուլֆիլմեր, այդ պատճառով էլ թոռնիկներս նայում են ռուսական մուլտֆիլմեր: Տարիներ առաջ ես էլ մանուկների համար հետաքրքիր հաղորդումներ էի առաջարկում, սակայն ոչ ոք չէր արձագանքում, կամ էլ ասում էին, որ դրա հետ մեկտեղ տանեմ նաեւ գովազդներ: Շատ կցանկանայի, որ լավ ու բարի հաղորդումները վերադառնան էկրան, շատ հետաքրքիր է, որ մինչեւ այժմ ինձ բոլորը անվանում են Ալլա մորաքույր, չնայած ես դերասանուհի եմ եւ մեծ դերեր եմ խաղում, սակայն սա փաստում է, որ ժողովրդի մեջ լավ հաղորդումները տպավորվում են՚:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

