ՙԱՅՍՕՐ ԳՐՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ՀԻՆ ԵՆ՚
Ամեն տարվա հուլիսի նախավերջին կիրակին առավել բարձր է հնչում տերյանական պոեզիան. հայ-վրաց քաղաքական, մշակութային գործիչներ, Տերյան քնարերգուի սիրահար բազմահազար մարդիկ հավաքվում են Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում եւ բացօթյա հանդեսով, ազգային երգ ու պարով, ասմունքով ներկայացնում ՙՏերյանական պոեզիայի օրերը՚:
Այս տարի տոնակատարության արդեն 48-րդ անցկացումն էր, որը, ի համեմատություն նախորդների, փոքր-ինչ զիջում էր մշակութային ու հոգեւոր դաշտի կարկառուն անուններով: ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀԳՄ պատվիրակության ղեկավար, գործադիր տնօրեն ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ տեղեկացրեց` տերյանական պոեզիայի առթիվ Ջավախք այցելությունն իր համար թվով չորրորդն է: Բանաստեղծը իրեն այնչափ Տերյանի սիրահար է համարում, որ տերյանական պոեզիան իր գոյության ձեւերից մեկն է դիտարկում եւ կարծում է, որ ցանկացած գրագետ հայ մարդ չի կարող անտարբեր անցնել տերյանական անձրեւի միջով, տերյանական խոսքի անձրեւի միջով: ՙԱմեն անգամ տպավորությունս փառահեղ է լինում, նախ ինքը` Տերյան երեւույթն է արդեն իսկ թեւավորող: Այս ամբողջ թովչանքը, որ մենք արդեն 100 տարուց ավելի է` վայելում ենք, չի սպառվում, նա մի անբացատրելի ֆենոմեն է, գաղտնիք, անասելի առեղծված, որ տարիներով սնում է ժողովրդին` երբեք չհնանալով: Այսօր գրողներ կան, որ արդեն իսկ կենդանության օրոք են հին: Տերյանը ստեղծեց իրական կախարդանք, նրա 1908 թվականին լույս տեսած ՙՄթնշաղի անուրջները՚ սիրահարների ամենամեծ նվերն էր միմյանց: Այն ժամանակվա սերնդի համար դա Աստվածաշունչ էր, իրենց սրտի, մտքի, հոգու Ավետարանը: Տերյանը անմիջական կապ ունի հոգու ու սրտի հետ, որոնք ամենամնայունն են ու չեն ենթարկվում ոչնչի՚: