Լ. ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԹՈՌԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է` ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ` ՊԱՊԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՍՆԵԼՈՒ
Արխիվ 12-16Լ. ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԹՈՌԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է`
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ` ՊԱՊԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՍՆԵԼՈՒ
Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Թայլանդից, Իրանից: ՙԻրավունքի՚ հետ զրույցում արվեստի վաստակավոր գործիչ, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Մնջախաղի փառատոնի տնօրեն ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ հավաստիացրեց, որ այս տարի փառատոնն էլ ավելի հետաքրքիր ու անակնկալներով լեցուն է լինելու.-Քանի որ այս տարի վեց երկիր է մասնակցում փառատոնին, այդ իսկ պատճառով հայաստանյան մասնակիցներին քիչ հնարավորություն կտրվի: Փառատոնի ընթացքում կլինի հայաստանյան մի ներկայացում, այն Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դիպլոմային աշխատանք է, երիտասարդ բեմադրիչի պլաստիկ աշխատանք: Եվ փառատոնի բացումը կազդարարի մեր թատրոնը` Մնջախաղի պետական թատրոնը` փոքր ձեւաչափի մեջ: Իսկ մնացած օրերին հանդես կգան դրսից ժամանած արտիստները` իրենց ներկայացումներով: Բայց այս ամենով չի սահմանափակվի ամեն ինչ, ընթացքում կլինի, օրինակ` կրկեսային մաս, կլինեն իլյուզիոնիստներ, ինչպես նաեւ ավազանկարչություն, որը հիմա շատ նորաձեւ է: Այսինքն` փորձեցինք ծրագրում ընդգրկել մի քիչ շոու էլեմենտներ:
- Այդ ամենը կրկին կլինի միայն Ծաղկաձորո±ւմ, թե այլ քաղաքներում էլ սպասեն Մնջախաղի փառատոնին:
- Այո, կլինի միայն Ծաղկաձորում` բացօթյա բեմի վրա: Նույնիսկ, այս տարի փորձում ենք մեր վաղեմի երազանքն իրականացնել: Դեռ վերջնական պարզ չէ, հնարավոր է, որ Դիլիջանում էլ մի փոքր ցուցադրություն ունենանք` փառատոնի հաջորդ օրը: Այդ ժամանակ թատրոններից ծրագիր կկազմենք ու համերգային մաս կունենանք: Պարզապես, հիմա այդ ամենը հստակ չէ, դեռ բանակցային ընթացքի մեջ ենք:
- Իսկ այս տարի Լեոնիդ Ենգիբարյանի թոռը` Պիտեր Պոպերը, կգա± Հայաստան:
- Պիտերը, ո°չ, դժվար թե այս տարի գա, քանի որ չի կարողանում գալ, մի քիչ զբաղված է: Դե գիտեք, աշխատում է Եկատերինբուրգի կրկեսի հետ, շատ է այս ու այն կողմ գնում, մի քիչ զբաղված է, բայց խոստացել է գալ Հայաստան` պապի արձանը տեսնելու, դեռ չի տեսել: Նա Հայաստան եկավ 2010 թվականին, իսկ մենք 2012-ին ենք արձանը տեղադրել:
- Պարոն Դադասյան, վերջերս խոսակցություններ էին պտտվում, թե ինչ-որ բաներ են տեղի ունենում Մնջախաղի պետական թատրոնի ներսում` իբրեւ, դուք թույլ չեք տալիս, որ վաստակ ունեցող արտիստներն աշխատեն ու կայանան թատրոնում:
- Ես կարող եմ միայն ասել, որ նման խոսակցություններ ոչ միայն թատրոնում, այլ նաեւ ցանկացած հիմնարկությունում կարող են լինել, բայց դրանք խոսակցություններ են: Ընդհանուր, ներքին հունով ընթացող պրոցեսներ են, այնպես, ինչպես բոլոր հաստատություններում ու հիմնարկություններում:
- Իսկ թատրոնի խաղացանկում փոփոխություններ կա±ն, ի±նչ նոր ներկայացումներ եք պատրաստվում բեմադրել:
- Դե, մենք նոր ներկայացում արդեն ունենք բեմադրված, որի վրա դեռ նոր աշխատանքներ կան անելու: Մնջախաղի փառատոնից հետո կփորձենք նորից վերսկսել այդ աշխատանքները: Այսինքն` մեր այս տարվա արածը միայն նոր ներկայացումն է: Այն խաղացինք ու հանդիսատեսի դատին հանձնեցինք այս տարվա մայիսին, բայց գիտեք, որ բեմադրությունն այնպիսի բան է, որ մշտական աշխատանք է պահանջում: Դեռ մշակման փուլ պիտի մտնի այն, շատ պիտի աշխատվի վրան, մինչեւ ավարտուն տեսք ստանա: Հավանաբար, հույս ունենք, սեպտեմբեր-հոկտեմբերին ներկայացումն արդեն ավարտուն փուլում կլինի:
- Փաստորեն, Մնջախաղի թատրոնի տանիքի հարցն այդպես էլ անորոշ մնա±ց, տարածք այդպես էլ չգտաք:
- Այդպես էլ մնաց, բայց դեռ հույսեր փայփայում ենք, դեռ հույսերը չեն մարել:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

