ՈՒՍՈՒԲ ԲԵԿԻ ԵՎ ՋՀԱՆԳԻՐ ԱՂԱՅԻ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ
Արխիվ 12-16Մի առիթով մեր հրապարակումներից մեկում ներկայացրել էինք, թե ինչպես են Հայաստանի եզդիները` մոսկվաբնակ գործարար Միրզա Սլոյանի գլխավորությամբ, նախապատրաստվում իրենց ժողովրդի երկու արժանավոր զավակների` Ուսուբ բեկի 145 եւ Ջհանգիր աղայի 140-ամյա հոբելյաններին, որոնք պետք է նշվեն աշնանը` Ակնալճի եզդիական սրբավայրում, այնտեղ կանգնեցնելով նրանց արձանները: Այդ օրն Ակնալճում կդրվի նաեւ հայ-եզդիական բարեկամության հուշարձանը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշաքարը, զորավար Անդրանիկի արձանը: Այս ամենին նախորդեց ուխտագնացություն Ուսուբ բեկի եւ Ջհանգիր աղայի ծննդավայր` Արեւմտյան Հայաստանում գտնվող Ասլանլու եւ Չիբուխլի գյուղեր: Այդ ամենի մասին մեր հարցերին պատասխանում է ՄԻՐԶԱ ՍԼՈՅԱՆԸ:
-Ուխտավորների մեջ էին Ուսուբ բեկի եւ Ջհանգիր աղայի թոռները, մեր համայնքի ներկայացուցիչներ, նաեւ մեր բարեկամ հայեր: Բնականաբար, սրտի թրթիռով սպասում էինք մեր ժողովրդի երկու արժանավոր զավակների ծննդավայրերի հետ հանդիպմանը: Ընդամենը գիտեինք, որ Ուսուբ բեկը ծնվել է Սուրմալուի Ասլանլու, իսկ Ջհանգիր աղան Վանի Չիբուխլի գյուղերում:
- Ըստ նկարագրությունների` Ասլանլուն գտնվում է հեռավոր սարերում: Ինչպես նկարագրված էր, այդպես էլ Ձեզ ներկայացա±վ այդ բնակավայրը:
- Երեւակայեցեք, որ` այո: Գյուղը գտնվում է սարերի փեշերին եւ դրանից հետո այլեւս որեւէ բնակավայր չկա: Երեւի Հասընի ցեղապետերն իրենց բնակության այս վայրն ընտրել են ոչ պատահականորեն, քանի որ այսքան հեռու այն ավելի ապահով է եղել եւ բնության կողմից պաշտպանված: Ամենակարեւորն այն էր, որ Ուսուբ բեկի տունը պահպանված էր այնպես, ինչպես ներկայացվում էր հնագետ Ալեքսանդր Քալանթարի 1912 թվականի լուսանկարում: Այսօրվա տանտերերը, ովքեր քրդեր էին, շատ ջեր մեզ ընդունեցին: Նրանք հիշում էին, թե ովքեր են ապրել այս տներում եւ մեծ հարգանք ունեին նրանց նկատմամբ: 1912 թվականից այս կողմ այստեղ շատ քիչ բան էր փոխվել: Մեզ տարան, ցույց տվեցին այն աղբյուրը, որի մոտ Փանոս Թերլեմեզյանն անցած դարասկզբին նկարել էր Կոմիտասին եւ Ուսուբ բեկին: Ցավոք, այդ նկարը չի պահպանվել: Մեզ հետ էր շեյխ Զադա Ուսուբյանը, ով համապատասխան հոգեւոր արարողություն կատարեց: Հենց Ուսուբ բեկի տան բակում հնչեցին նրա հերոսական անցյալը գովերգող երգեր` Մրազ Սլոյանի կատարմամբ: Մենք ոգեկոչեցինք մեր մեծ հայրենակցի հիշատակը, հող վերցրինք նրա հոր եւ պապի գերեզմանից, ջուր` աղբյուրից: Այդ հողը կխառնվի Շամիրամում գտնվող նրա գերեզմանի հողին եւ կցողվի նրա տան հարեւանությամբ գտնվող աղբյուրի ջրով: Նույն հողից եւ ջրից կդրվի նրա հուշարձանի հիմքում:
- Եթե չենք սխալվում, այնուհետեւ Դուք եղաք Ձեր հոր ծննդավայրում` Քուլիկ գյուղում, ուր այժմ թուրք-ազերիներ են ապրում: Տարբերություն կա±ր այդ երկու գյուղերի միջեւ:
- Իհարկե, եթե առաջին դեպքում, ամենակարեւորը, պահպանված էին մեր հին գերեզմանները, ապա իմ ծննդավայրում դրանք գետնին էին հավասարեցված: Այստեղ թուրք-ազերին է գործել` ձգտելով ոչնչացնել նախկինում ապրած մարդկանց բոլոր հետքերը: Ինչ-որ տեղ բարեկամական չէր նաեւ վերաբերմունքը մեր նկատմամբ: Այս ամենով հանդերձ պետք է նշել, որ մեր հողաշեն տները հիմնականում պահպանվել էին` իրենց բակերով ու անմշակ այգիներով: Դա էլ, երեւի, այն պատճառով, որ նրանք չեն ցանկանում ապրել ՙանհավատների՚ տներում:
- Ինչ զգացումներ ունեցաք` գտնվելով Ձեր գյուղում:
- Հոգիս տակնուվրա էր եղել, բայց ձգտում էի ինձ հանգիստ պահել: Կինոժապավենի նման աչքիս առջեւով էին անցնում այն ամենը, ինչ պատմել էին հայրս եւ մեր գերդաստանի անդամները: Ձգտում էի նրանց ասածների արձագանքները գտնել, հասկանալ ամեն մի քարն ու թուփը, ամեն մի կիսաքանդ տունն ու բակը: Ամենակարեւորը, քայլեցի իմ նախնիների բնակավայրում, փորձեցի մեր տունը գտնել, փնտրեցի իմ պապերի ու ապուպապերի ոտնահետքերը, եւ հավատացեք, որ գտա, որքան էլ թշնամական լիներ մեր նկատմամբ վերաբերմունքը ու լուռ աղոթքով իմ գերդաստանի կարոտը փոխանցեցի եւ գուցե այն թախիծը, որ ունեին հայրս եւ մեր գերդաստանի մյուս անդամները:
- Ենթադրվում էր, որ ուխտագնացության հաջորդ կետը պետք է լիներ Վանի Չիբուխլի գյուղը:-Չիբուխլին եւս տարածաշրջանի ամենավերջին գյուղն էր: Այստեղ էլ առաջին հանդիպած տարեց բնակիչը մեզ ցույց տվեց Ջհանգիր աղայի հայրական` Խատիֆ աղայի տունը, որը գտնվում էր գյուղի աղբյուրներից մեկի մոտ եւ այդ աղբյուրը հայտնի էր որպես Խատիֆ աղայի աղբյուր: Բոլորս ջուր խմեցինք այդ աղբյուրից եւ մարդիկ, ովքեր ապրում էին այդ տներում, մեզ սիրով ու ջերմությամբ ընդունեցին, պատմեցին իրենց իմացածը` ասելով, որ Ջհանգիր աղան քաջ ու համարձակ մարդ էր, ով սովի տարիներին իր ունեցած աղուհացը կիսում էր նաեւ իր թշնամիների հետ: Մենք գիտեինք նաեւ, որ 1915 թվականին Չիբուխլի գյուղի շուրջը ձեւավորվում է Եզդիխանա գավառը, որի ղեկավար է նշանակվում Ջհանգիր աղան:
- Ինչպիսին էր հանդիպումը տեղի քրդերի հետ:
- Ես կասեի` բարեկամական: Բավական շատ մարդ էր հավաքվել, ով ինչ գիտեր` պատմում էր: Չթաքցնենք նաեւ, որ կային ոչ բարի վերաբերմունք ունեցող մարդիկ, ովքեր ասում էին, որ Ջհանգիր աղան կոտորել է իրենց նախնիներին: Բայց դրան հակառակ, երկու կին չհամբերեցին, խառնվեցին խոսակցությանը, ասելով, որ Ջհանգիր աղան հարգված ու գնահատված մարդ էր անգամ թշնամիների կողմից: Նա իսկապես պահպանում էր իր ազգային ակունքները եւ ջերմ բարեկամություն ուներ հայերի հետ: Մեզ հետ էր Ջհանգիր աղայի թոռը` Մրազը, ով ուրախությունից երեխայի նման հեկեկում էր, ասելով. ՙՎերջապես եկա մեծ պապիս տուն՚: Այստեղ էլ փոքրիկ այգու բարդիների արմատների մոտից հող ենք վերցնում, աղբյուրից` ջուր ու փորձում մինչեւ վերջ հասկանալ այս գերհուզական օրվա խորին խորհուրդը:
Եզդիներիս եւ հայերիս համար թանկ են Արեւմտյան Հայաստանի բոլոր բնակավայրերը, պատմաճարտարապետական հուշարձանները: Եվ բնականաբար, մենք պետք է լինեինք ե°ւ Վանում, ե°ւ Մուշում, ե°ւ Բիթլիսում, ե°ւ Էրզրումում, ե°ւ Բայազետում, ե°ւ Իգդիրում, այլ տեղերում: Ամենուր մեզ ուղեկցում էր մեր պապերի ու ապուպապերի` Մեծ եղեռնի զոհերի հիշողության ձայնը` անկախ նրանից, թե որտեղ էինք լինում…
Զրույցը վարեց
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ

