ԻՆՉ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ՈՒՈՐԼԻՔԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ՈՒՈՐԼԻՔԸ
Նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպմանը համանախագահներն անդրադարձել են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: Հանդիպումից հետո ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկ լուսանկարի հետ Twitter-ում կրկին թողել է հետեւյալ գրառումը` Արցախյան հիմնահարցը պետք է լուծվի ամբողջությամբ, ինչքան էլ լինեն գլոբալ խնդիրներ: Սակայն այս անգամ չի նշել, թե խնդրի ամբողջական լուծում ասելով` ինչ նկատի ունի: Իսկ հայաստանյան տարբեր քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն այդ կապակցությամբ հետեւյալ կարծիքին են.Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց.
- Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը եւ մյուս համանախագահը անում են հայտարարություններ, որոնք հիմնված են այն բանի վրա, որ կարողանան որեւէ ձեւով խթանեն բանակցային գործընթացը: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի ո°չ ներքին քաղաքական իրավիճակը, ո°չ էլ արտաքին զարգացումները հնարավորություն չեն տալիս ասելու, որ մոտ ապագայում խնդրի վերաբերյալ որեւէ առաջընթաց կունենանք: Եթե Ուորլիքի հայտարարության տակ փնտրենք ենթատեքստ, ապա կգտնենք, բայց կարծում եմ, որ դա արդեն կարեւոր չէ:
Արցախյան ազատամարտի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ասաց.
- Այնպիսի իրավիճակ է, որ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում: Մինսկի խումբը այնպիսի սկզբունքներով է աշխատում, որ չեմ կարող ասել, թե մենք ինչ պետք է անենք կամ չանենք: Իսկ եթե Ուորլիքի հայտարարության տակ թաքնված է Արցախյան ազատագրված հողերը վերադարձնելու հաշվին հիմնախնդրի ամբողջական լուծման մտադրությունը, ապա ես դրան կտրականապես դեմ եմ: Եվ ոչ միայն ես, այլեւ` ամբողջ հայությունը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
- Երբ ասում են` ամբողջությամբ, ես ենթադրում եմ , որ այսօր բանակցությունների սեղանին առկա բոլոր հնարավոր պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն: Ենթադրենք, մենք ունենք 10 խնդիր, եթե այդ խնդիրներից մեկը չի լուծվել, նշանակում է, որ մնացյալ հարցերում էլ համաձայնության չենք եկել: Եթե սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները եւ համանախագահող երկրների կողմից հինգ կետեր, ապա դրանց վերաբերյալ պետք է պայմանավորվածություն ձեռք բերել ամբողջապես, իսկ եթե չկա ամբողջական պայմանավորվածություն, նշանակում է այն գոյություն չունի: Ամբողջական լուծումը ես այսպես եմ պատկերացնում, այլ լուծում հնարավոր չէ:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանակներում կատարել է հարցում` պարզելու համար, թե ինչ ենթատեքստ է պարունակում Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը.
1. Սա այն հերթական հայտարարություններից է, որոնք որեւէ կերպ չեն ազդում ղարաբաղյան բանակցությունների վրա- 58%:
2. Ուորլիքի հայտարարությունից զգացվում է, որ ԱՄՆ-ը փորձում է որոշակի պարտադրված լուծումների հասնել Ղարաբաղում- 24%:
3. ԱՄՆ-ն այս կերպ փորձում է Եվրասիական միությանն անդամակցությունից Հայաստանին հեռու պահել Ղարաբաղի խաղաքարտը խաղարկելով- 11%:
4. Ղարաբաղում իրավիճակը արհեստականորեն սրելով` ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանի ուշադրությունը շեղել Ուկրաինայից- 7%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

