ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Արխիվ 12-16ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով երկար տարիներ եղել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած հայ-վրացական միջադեպին եւ Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր սպասավորների վրա հարձակմանը` նշեց.
-Իհարկե, ցավում եմ այդ միջադեպի համար: Իմ ունեցած տեղեկություններով` միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը, բայց, ցավոք սրտի, այն վերածվել է մեծ ընդհարման, որը տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ: Անկախ նրանից` եղել է կենցաղային վեճ, թե` ոչ, այնուամենայնիվ, մենք այստեղ խնդիր ունենք` կրոնական եւ ազգային հանդուրժողականության, որի ուղղությամբ արդեն համապատասխան հայտարարություններ արվել են մեր եկեղեցու Վրաստանի թեմի եւ նաեւ Վրաց Պատրիարքարանի կողմից: Կարծում եմ, որ այստեղ միջեկեղեցական, մեր եւ վրաց ժողովրդի ոչ միայն պետական, այլեւ ժողովրդական դիվանագիտության տեսանկյունից հարաբերությունների ջերմացման, ակտիվացման գործիքներ պետք է աշխատեցնենք, որպեսզի կարողանանք իրավիճակը բարելավել: Չէ± որ Վրաստանը մեր ռազմավարական ճանապարհն է, այսինքն` մեզ համար արտաքին քաղաքական կարեւոր գործընկեր: Եվ մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր եւ ավելի խորանան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

