ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է, ԻՍԿ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆԵՐ ԵՆ
Արխիվ 12-16ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է,
ԻՍԿ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՊԱՐԶԱՊԵՍ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆԵՐ ԵՆ
Օրերս տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Նիստում որոշվել է ԱԺ-ում ձեւավորել մշտական համագործակցության ձեւաչափ` բաղկացած խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որը մշտական ուշադրության կենտրոնում կպահի սակագների բարձրացման գործընթացը, կանխարգելիչ առաքելություն կստանձնի այդ ուղղությամբ: Այս առումով ՕԵԿ-ը դիմել է ԱԺ խմբակցություններին` էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման հարցով աշխատանքային խումբ ձեւավորելու համար: Թե արդյոք վերոնշյալ աշխատանքային խմբի ձեւավորմանը կմասնակցի ԱԺ քաղաքական մեծամասնությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ.
-Աշխատանքային խումբը ստեղծվում է ԱԺ հանձնաժողովների միջոցով, այսինքն` համապատասխան հանձնաժողովներում քննարկման արդյունքում է որոշվում: Խմբակցությունները չեն որոշում ստեղծե՞ն աշխատանքային խումբ կամ` ոչ:
- Այնուամենայնիվ, նպատակահարմար գտնո՞ւմ եք այդպիսի աշխատանքային խմբի ստեղծումը:
- Չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը:
- Մեկ հարցի եւս անդրադառնանք, պարոն Բաղդասարյան. լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ նրան ՀՀԿ-ականներն առաջարկում են կամ քվեարկել այնպես, ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս անդամները, կամ մինչեւ սեպտեմբեր հրաժարվել պատգամավորական մանդատից: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ծիծաղելի է, նման երեւույթ չկա: Շուշան Պետրոսյանն օրինակելի պատգամավոր է, շատ հայրենասեր մարդ, իսկ այդ խոսակցությունները պարզապես ինչ-որ մարդկանց պրովոկացիաներն են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

