«ԱՅՆ ՎՐԱՑԻՆ, ՈՎ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՀԱՅԻՆ, ՎՐԱՑԻ ՉԷ»
Արխիվ 12-16«ԱՅՆ ՎՐԱՑԻՆ, ՈՎ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՀԱՅԻՆ, ՎՐԱՑԻ ՉԷ»
Ինչպես արդեն անդրադարձել էր «Իրավունքը», հուլիսի 19-ին` Թիֆլիսում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի հոգեւորականներ ու այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ: Սակայն վրացական իրավասու մարմինները հերքում են, թե միջադեպը տեղի է ունեցել ազգայնական հողի վրա, չնայած նրան, որ այսպիսի աղմկահարույց ընդհարում չի եղել անգամ մոլի ազգայնական Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի օրոք: Միջադեպի եւ վրացական իրավապահ մարմինների ու իշխանությունների արձագանքի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց այս օրերին Ջավախքում գտնվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հկ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ.
- Համենայն դեպս, իմ ունեցած տեղեկության համաձայն, դա կենցաղային հողի վրա ծագած կոնֆլիկտ է: Ես զրուցեցի իմ կոլեգայի` Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ, ով ասաց, որ կենցաղային պատճառով է տեղի ունեցել միջադեպը: Բայց բոլոր դեպքերում այն, ինչ տեղի է ունեցել դատապարտելի է: Չեմ ուզում այս ամենին ազգամիջյան կամ միջեկեղեցական կոնֆլիկտի որակում տալ, որովհետեւ բոլոր դեպքերում հայ-վրացական հարաբերություններում պետք է պատշաճ ուշադրություն դրսեւորենք եւ կարողանանք իրերը կոչել իրենց անուններով: Այնուամենայնիվ, եթե ազգությամբ վրացին կամ քրիստոնյա մարդը կարող է հայհոյել հայ եկեղեցուն, նրա մեջ առնվազն թուրքի արյուն է հոսում: Երկու եղբայրական ժողովուրդներին սա անհարիր է, որովհեոտեւ սերունդները նաեւ պետք է պարտավորվածություն ունենան, որպեսզի իրենց հաջորդող սերունդներում հայ-վրացական ջերմ հարաբերությունները պահպանվեն:
- Իսկ ի՞նչ մանրամասներ եք կարողացել պարզել միջադեպի հետ կապված:
- Տեղի ունեցածին մարդիկ ավելի զգայուն են վերաբերում, որովհետեւ եկեղեցու մատույցներում է եղել կոնֆլիկտը: Նշեմ, որ ըստ իմ գործընկեր Ռուսլան Պողոսյանի, հարձակվող խմբում անգամ ազգությամբ հայեր են եղել: Նա ասաց նաեւ, որ եկեղեցու տարածքից դուրս է եղել միջադեպը: Բոլոր դեպքերում, որքան էլ մեղմացուցիչ տարբերակներ փնտրենք, այնուհանդերձ եղածը վատ բան է: Եվ այսօր գործը նախաքննության փուլում է ու Վրաստանի իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, որպեսզի այլեւս նման միջադեպ չկրկնվի:
- Ըստ Ձեզ, արդյոք սա այլ երկրների համապատասխան ուժերի կողմից չի արվում, որպեսզի սեպ խրվի հայ-վրացական բարեկամության վրա, հատկապես դեպի Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միություն ունեցած հայ-վրացական տարբեր կողմնորոշումներից հետո:
- Ես բազում իմ հարցազրույցներում նշել եմ, որ հայ-վրացական հարաբերությունները ենթադրում են ինքնատիպ փոխհարաբերություններ: Մենք ասում ենք, որ քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու թշնամիներ, բայց հայ-վրացական փոխհարաբերությունները պետք է յուրահատուկ լինեն, քանի որ Վրաստանում ու Ջավախքում կես միլիոն հայ է ապրում: Եվ այս առումով ես ասել եմ ու կասեմ, որ այստեղ պետք է լինի այն հյուրասեղանը, որտեղ կմեկտեղվեն ոչ միայն հայ-վրացական շահերը, այլեւ գերտերությունների, տվյալ դեպքում Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության: Երբ Վրաստանը Եվրոասոցացման պայմանագիր է ստորագրում, իսկ Հայաստանը գնում է դեպի Եվրասիական տնտեսակամ միություն, կարծում եմ` սա պիտի լինի այն հատման կետը, որտեղ ընդհանուր շահեր ի հայտ կգան: Ավելին` փոխադարձ ներդրումների տարբերակով եւս պետք է աշխատենք. Վրաստանի այն գործարարները, որոնց հետաքրքրում է Եվրասիական շուկան Հայաստանում պետք է ներդրումներ կատարեն եւ ընդհակառակը Հայաստանում, ում Եվրոպական շուկան է հետաքրքրում, պետք է Վարաստանում ներդրումներ կատարեն: Եվ այսօր ոչ թե պետք է լինի հարաբերությունների սառեցում, այլ պետք է ավելի ջերմանանք: Վերջապես հայն ու վրացին կենսաբանորեն այն ազգություններն են, որ որքան արտաքին ուժերը պարտադրեն կամ ուղղորդեն, որ միմյանց նկատմամբ վատ վերաբերվեն, այդքան այդ հակաթույնը, իմունիտետը պետք է բարձրանա: Եվ այստեղ ընդամենը պետք է նորից մեջբերեմ հանճարեղ հայրենակցիս` Ջիվանու խոսքը. «Ազգիս, կրոնիս, պատմությանս չդիպչե՛ս», իսկ վրաց բանաստեղծ Իլյա Ճավճավաձեն ասում էր. «Այն վրացին, որ չի սիրում հային, վրացի չէ»: Իսկ վերադառնալով միջադեպին` հորդորում եմ, որ այս հարցում յուրաքնանչյուրս շատ զգուշավոր, նրբանկատ ու հեռատես լինենք, որ ունքը դնելու փոխարեն աչքը չհանենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ջավախք-Երեւան

