«ՍԱ ԱՅՆ ԵԶԱԿԻ ԴԵՊՔԵՐԻՑ Է, ՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԵՒԷ ՎԱՐԿԱԾ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՉԿԱ»
Արխիվ 12-16«ՍԱ ԱՅՆ ԵԶԱԿԻ ԴԵՊՔԵՐԻՑ Է, ՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԵՒԷ ՎԱՐԿԱԾ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՉԿԱ»
Երեկ երեկոյան կողմ Շիրակի մարզի Գետք գյուղի մոտակայքում ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի բնակիչ Հարություն Գրիգորյանի դին` հրազենային վնասվածքներով:
Նշենք, որ Հարություն Գրիգորյանը Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի եղբայրն է:
Սպանվածի դին հայտնաբերել են Շիրակի մարզի Գետք գյուղի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող շինություններից մեկում` փոսի մեջ:
Սպանվածի վերաբերյալ փորձեցինք զրուցել գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, ով ցավով նշեց.
- Ինձ համար ցավալի եւ զարմանալի է, որովհետեւ որեւէ առիթ, պատճառ չեմ տեսնում, որի արդյունքում հնարավոր էր նման բան լիներ: Կարող է կենցաղային հարցի շուրջ վեճ լիներ, բայց ոչ ավելին, որովհետեւ Հարությունը նորմալ անձնավորություններ: Հիմնականում ՌԴ-ում էր լինում, այնտեղ որոշ բիզնեսն էր ուներ:
- Այժմ Գյումրիում ի՞նչ վարկածներ են շրջանառվում, ի՞նչը կարող էր սպանության պատճառ դառնալ:
- Ճիշտն ասած, սա այն եզակի դեպքերից էր, որ մինչ այս պահը սպանության որեւիցէ վարկած գյումրեցիների շրջանում չկա, բոլորն էլ զարմացած են:
Հավելենք, որ ԲՀԿ-ական ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի ղբոր` Հ. Գրիգորյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով եւ 235 հոդվածի առաջին մասով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

