Բժիշկ. «ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ԲԱՑ ԳՈՒՅՆԻ ՄԱՇԿ, ԱՉՔԵՐ ԵՎ ՄԱԶԵՐ»
Արխիվ 12-16Բժիշկ. «ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ԲԱՑ ԳՈՒՅՆԻ ՄԱՇԿ, ԱՉՔԵՐ ԵՎ ՄԱԶԵՐ»
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրերն էին թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու Վ.Ա. Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Բժիշկները խոսել են արեւայրուքի, հնարավոր վտանգների ու պաշտպանիչ միջոցների մասին: Մաշկավեներաբան Ս. Խաչատրյանի խոսքով` տարածված այն կարծիքը, թե արեւայրուքն առողջարար է մարդու օրգանիզմի համար, սխալ է. «Մարդիկ լողափ են գնում, որպեսզի հատուկ արեւայրուք ստանան, ապա գալիս ու գլուխ են գովում, թե տեսեք, ինչ մուգ մաշկ ունեմ: Բժշկական տեսակետից, չի խրախուսվում: Արեւայրուքի հետեւանքով մարդու մաշկը կորցնում է խոնավությունն ու դիմադրողականությունը: Իսկ այդ ֆոնին կարող են ի հայտ գալ որոշակի մաշկային հիվանդություններ»:
Ուռուցքաբան Հ. Հակոբյանի խոսքով էլ` մաշկի քաղցկեղների հիմնական ռիսկի գործոն համարվում են ուլտրամանուշակագույն ճառագայթները.«Բոլորիս հայտնի է, որ մարդկանց մոտ կան բազմաթիվ պիգմենտային գոյացություններ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ կարող են վերափոխվել եւ դառնալ չարորակ ուռուցքներ, մելանոմաներ… Արեւի ճառագայթներից պետք է հատկապես խուսափեն մարդիկ, ովքեր ունեն բաց գույնի մաշկ, աչքեր եւ մազեր»:
Ասուլիսին ներկա բժիշկները միաձայն խորհուրդ տվեցին օգտագործել արեւապաշտպան միջոցներ, որոնց կայֆիցենտը 15 ոչ պակաս պետք է լինի: «Արեւից պաշտպանող քսուքները հիմնականում բաժանվում են երկու մասի`իրենց ազդեցության տեսակով: Առաջին տեսակը անդրադարձնում է արեւային ճառագայթները, երկրորդը` թուլացնում է արեւային ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա եւ պաշտպանիչ որոշակի շերտ ստեղծում: Վաճառքում գտնվող գրեթե բոլոր արեւապաշտպան միջոցները լավն են»,- վստահեցրեց մաշկավեներաբանն ու խորհուրդ տվեց օգտվել բրենդային միջոցներից, որոնք ստուգված եւ փորձված են տարիներով:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

