ՀԱՐՍԻ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԹՈՇԱԿԱՌՈՒ ԿԻՆԸ ԳԻՇԵՐԵԼ Է ՓՈՂՈՑՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԱՐՍԻ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԹՈՇԱԿԱՌՈՒ ԿԻՆԸ ԳԻՇԵՐԵԼ Է ՓՈՂՈՑՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամը մեկն է այն կառույցներից, որը, 2011 թ-ից սկսած, ապաստան է տրամադրում չափահաս տարիքի անօթևաններին: Եթե մինչև 2014 թ-ը կացարանն ուներ 40 անօթևան, այս տարվանից 40 դարձել է 100, քանի որ փակվել է 4-րդ գյուղում գտնվող անօթևանների կենտրոնը և այնտեղ գտնվող 60 անօթևան տեղափոխվել է Վարդաշեն, 9-րդ փողոց, 70 շենքում տեղակայված անօթևանների կացարան:
«Իրավունքի» հետ զրույցում հիմնադրամի հոգեբան Համլետ Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի պետությունից ստանում են 56 մլն դրամ աջակցություն, իսկ Դանիայից 15.000 եվրո: Թեև հիմնադրամի հիմնական առաքելությունը ապաստան տրամադրելն է միայն առողջ անօթևաններին, սակայն կենտրոնում գտնվողների մի մասը`40-50 տոկոսը, հաշմանդամներ են ( նրանց մի մասը նաև հոգեկան հիվանդներ են), մոտ 30 տոկոսը քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրած և արդեն ազատության մեջ գտնվող անօթևաններ, 20 տոկոսն էլ աշխատելու կարողություն ունեցողներ: Կենտրոնի գործունեության շնորհիվ 18 անօթևան աշխատանք է գտել և վերադարձել ինքնուրույն կյանքի, 24 անօթևան աշխատում է, լուծվել է 19 հոգու անձնագրեր ստանալու խնդիրը:
Թեև «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում նախատեսված է անօթևաններին պահել 3 ամիս, սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասաց հիմնադրամի ներկայացուցիչը, մինչև անօթևանների խնդիրները` անձնագիր ստանալը, գրանցման, աշխատանքի տեղավորման, առողջական հարցերը վերջնական չլուծվեն, ոչ մի անօթևան 3 ամսից հետո փողոցում չի հայտնվում:
Ինչպես արդեն ասացինք, անօթևանների կացարանում բնակվում են նաև նախկինում ազատարկվածներ: Հիմնականում նրանք 30-50 տարեկան անձինք են, որոնց մեծ մասը մի քանի անգամ դատապարտված է եղել:
Հոգեբանի խոսքով` ամեն կերպ կենտրոնը փորձում է գտնել անօթևան մարդկանց հարազատներին, հաշտեցնել նրանց ու տուն վերադարձնել: «Որոշ դեպքում դա հաջողվում է, որոշ դեպքում ոչ»,- անկեղծանում է հոգեբանը:
Անօթևանները կենտրոնում անգործ չեն մնում. ըստ ծրագրի` նրանք պետք է կատարեն և կատարում են հասարակական աշխատանքներ: Օրինակ, նորոգում են վարչական մասի աշխատասենյակները, խնամում հիվանդ ու հաշմանդամ անօթևաններին:
Չնայած կատարվող մեծ աշխատանքին, այնուամենայնիվ, ծրագիրն ավելի արդյունավետ կլինի, եթե ըստ հոգեբանի, Հայաստանում ստեղծվեն անօթևան հաշմանդամների, հոգեկան հիվանդների կենտրոն: Երկրորդ` ցանկալի է, որ անօթևանների փաստաթղթերի հարցը արագ լուծվի:
Երրորդ առաջարկը, որն ավելի շատ խնդրանքի է նման, հետևյալն է` այն մարդիկ, ովքեր կարող են հիգիենայի պարագաներով, հագուստով (թեկուզ հագած) աջակցեն հիմնադրամին:
Անօթևաններին գտնելու հարցում կենտրոնը համագործակցում է ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների և տեղամասը սպասարկող համայնքային ոստիկան Գրիգոր Ավագյանի հետ:
Կենտրոնում գտնվող անօթևաններից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի`լի ձեռքբերումներով, բացթողումներով, հիասթափություններով:
«Իրավունքն» առաջիկայում կներկայացնի 2 անօթևանի պատմություն, որոնք մասնակցել են Արցախյան ազատամարտին, սակայն այսօր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում:
Իսկ այսօր կներկայացնենք անօթևանների կենտրոնում գտնվող 75-ամյա թոշակառու տիկին Վարդանուշի կյանքի պատմությունը: Երկար տարիներ տիկին Վարդանուշն աշխատել է առևտրի ոլորտում, վատ չի ապրել: Ինչպես ինքն է ասում, իր բնակարանը վաճառել է, գումարը տվել իր հարսին: Վերջինս այդ գումարով իր հայրական բնակարանն է վերանորոգել` խոստանալով սկեսուրին իր տանը պահել ու խնամել: Սակայն եղել է հակառակը: «Ընտանիքում ինձ չգնահատեցին, հարսս ինձ վատ էր վերաբերվում: Երբ տղաս տանը չէր լինում, ինձ ասում էր`թոփալ, վեր կաց գնա իմ տնից, որտեղ ուզում ես մնա: 3-4 տարի դիմացել եմ, բայց էլ չեմ կարողանում այդ ամենը կուլ տալ: Անցյալ տարի երկու օր գիշերել եմ փողոցում»,- արցունքոտված ասաց թոշակառու կինը, ապա հավելեց. «Չեմ ցանկանա, որ որևէ մեկը հայտնվի իմ վիճակում: Որ տուն ունենայի, ցամաք չոր հացը կուտեի, բայց փողոցում չէի մնա»:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

