Ա. ԲԱՂԴԱԴՅԱՆ. ՙՄԵՐ ԳԵՐՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է՚
Արխիվ 12-16Ա. ԲԱՂԴԱԴՅԱՆ. ՙՄԵՐ ԳԵՐՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է՚
Օրեր առաջ Վանաձորում ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան 19-րդ միջազգային մրցաշարը, որտեղ 120 ըմբիշների պայքարում Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել 1 արծաթե ու 6 բրոնզե մեդալ:
Միակ արծաթե մեդալը իր հաշվին գրանցել է Նարեկ Սիրունյանը (65 կգ): Նա եզրափակչում զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Խաբալաշվիլիին. երկրորդ մրցափուլում, երբ վրացի ըմբիշը հաղթում էր 12:4 հաշվով, մրցավարը նրան երրորդ նախազգուշացումն է տվել ու հաղթանակը շնորհել Սիրունյանին: Սակայն մրցավարական անձնակազմի խորհրդակցության արդյունքում, այնուամենայնիվ որոշվել է արդարացի գործել ու հաղթող ճանաչել Խաբալաշվիլիին: Արթուր Բաղդասարյանն էլ (65 կգ) 3-րդ տեղի համար պայքարում մեկ միավորի առավելությամբ հաղթել է Ուլուկման Մամատովին (Ղրղզստան):
Մինչեւ 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Գարիկ Բարսեղյանը, որը առավելության է հասել Վլադիմիր Ֆլեգոնտովի (Ռուսաստան) նկատմամբ: Մինչեւ 97 կգ քաշում էլ, բրոնզի համար մենամարտել են Հայաստանի երկու ներկայացուցիչները` Վիկտոր Կազիշվիլին ու Էդգար Ենոքյանը. նրանցից ուժեղ է գտնվել Ենոքյանը: Մինչեւ 70 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը մեծ առավելությամբ կարողացել է հաղթել Թոռնիկե Խոստիաշվիլիին (Վրաստան) ու կանգնել պատվո հարթակի 3-րդ աստիճանին: 86 կգ-ում էլ իր հաշվին բրոնզե մեդալ է գրանցել Վահե Թամրազյանը, որը մեծ առավելությամբ հաղթել է Դիանիս Խռամիանկուն (Բելառուս): Հերթական բրոնզե մեդալը Հայաստանի հավաքականի համար ապահովել է Եվրոպայի փոխչեմպիոն Մուսա Մուրթազալիեւը (96 կգ): Այս տարի մրցաշարին մասնակցում են 8 երկրների հավաքականներ: Առաջնության արդյունքների, հավաքականի հետագա անելիքների մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱԴՅԱՆԸ:
- Գոհ եք մեր ըմբիշների ելույթներից:
- Ընդհանուր մասնակցությունը լավ էր, շատ գոհ չեմ կարող լինել, քանի որ հաղթող չունեցանք, բայց մեր գերնպատակը դա չէր: Մեր ըմբիշները 3-4 գոտեմարտ անցկացրին, մեկը պարտվեց եւ 2-րդ տեղ զբաղեցրեց, մյուսըª 3-րդ, սակայն դա որեւէ բան չի փոխում: Մեր գերնպատակը Աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելն է, կարեւոր է, որ մեր մարզիկները շատ լավ համատեղ հավաք անցկացրին Ծաղկաձորում` Կիրգիզիայի, Վրաստանի հավաքականների հետ: Առաջիկայում ունենք հավաք Կիսլովոդսկում, այնուհետեւ Ուզբեկստանում: Թիմի ընդհանուր վիճակը լավ է, կարող եմ ասել, որ Դավիթ Սաֆարյանն էլ վնասվածքից լիովին վերականգնվել է, այնպես որ, կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը եւ հուսանք, որ լավ արդյունքներով կվերադառնանք:
- Նշել էիք, որ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարից հետո կհայտնեք հավաքականի կազմը, որը կմասնակցի Աշխարհի առաջնությանը:
- Այո, ամեն ինչ որոշված է, բայց դեռ հայտարարություն չեմ անի: Երբ վերադառնանք Կիսլովոդսկից, կներկայացնեմ հավաքականի կազմը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

