ՓՈՔՐԻԿ ՀԱՅՈՒՀՈՒՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԹՐՔԱՑՆԵԼ
Արխիվ 12-16ՓՈՔՐԻԿ ՀԱՅՈՒՀՈՒՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԹՐՔԱՑՆԵԼ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մակյանի նախագահությամբ շարունակվում է Թուրքիայի քաղաքացի Ռուզաննա Յըլդըզի գործով դատական նիստը: ՙԹուրքացած՚ սույն կնոջը մեղադրանք է առաջադրվել երկու դրվագներով:
Ըստ քրեական գործի նյութերի. ՙՌուզաննա Յըլդըզը համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող մարմնավաճառությամբ զբաղվող ՀՀ քաղաքացի Լիանա Էդվարդի Պետրոսյանի հետª վերջինիս եւ իրեն անհայտ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից 2008 թվականի օգոստոսի 11-ին ծնված աղջկան պահելու եւ դաստիարակելու վերաբերյալ:
Որոշել են, որ քանի դեռ Լիանա Պետրոսյանը չունի մշտական բնակության վայր եւ եկամտի աղբյուր, նրա երեխային Ռուզաննան կտանի Թուրքիա, որտեղ ապրում է ամուսնու ընտանիքի հետ: 11.07.2009թ. Լիանան երեխայի հետ մեկնել է Թուրքիաª երեխային Ռուզաննայի մոտ թողնելու նպատակով: Սակայն տեսնելով, որ մուտքի արտոնագրի մեկամսյա օրինական ժամկետի ընթացքում չեն հասցնում երեխայի համար ձեռք բերել նոր փաստաթղթեր, 20.08.2009թ. Լիանան հետ է վերադարձել Երեւան:
2010 թվականի հունվարի 16-ին նա դստեր հետ կրկին մեկնել է Թուրքիաª Ռուզաննայի մոտ, մեկ ամսից վերադարձել միայնակ: Այնուհետեւ Ռուզաննան ամուսնուª Մեվլուդ Յըլդըզի հետ Լիանա Պետրոսյանի դուստր Լուսինե Պետրոսյանին ներկայացրել են Թուրքիայի Քոնիա քաղաքի ՔԿԱԳ բաժինª որպես իրենց դուստր եւ խնդրել վերջինիս տրամադրել ծննդյան վկայականª Մելեկ Յըլդըզ անվամբ: Այնուհետեւ ակնհայտ կեղծ տվյալներով ձեռք բերված ծննդյան վկայականի հիման վրա երեխայի համար ստացել են Թուրքիայի քաղաքացու անձնագիրը...՚:
Հասկանալի էª արդեն հայաստանյան դատարանում ամբաստանյալի աթոռին նստած Թուրքիայի քաղաքացին իրեն մեղավոր չի ճանաչում: Սակայն սույն դատական գործը շարունակվում է, եւ վստահ ենք, որ դեռ շատ մանրամասներ կբացահայտվեն` հայ երեխային թրքացնելու այս պատմության հետ կապված:

