ՙՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ Է ԽԱԽՏՈՒՄ
Արխիվ 12-16ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ Է ԽԱԽՏՈՒՄ
Ստորեւ ներկայացնում ենք ՙՀետաքննության՚ թիվ 79 (2427)-ում հրապարակված N զորամասի հրամանատար, փոխգնդապետ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցի շարունակությունը:ՍԱՀՄԱՆԻ ԲԵՐԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՅԴՔԱՆ ՋԱՀԵԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԴՈՒ ԵՍ
Փոխգնդապետի համար զորամասն իր առաջին տունն է, իսկ ընտանիքի մասին էլ խոսելուց ասաց. ՙԻնչ է եղել որ, մարդիկ իրենց համար ապրում են, եթե սահմանները հսկվում են, եթե խաղաղություն է, ուրեմն ամեն ինչ արդեն լավ է՚:
- Չեմ կարող ասել, որ բանակ զորակոչված 18-20 տարեկան բոլոր տղաները կայացած են: Այստեղ ամենադժվար բանն այն է, որ այսքան զինվորների համար պատասխանատուն դու ես, նրանց արածի ու չարածի, լավի ու վատի համար: Իհարկե դժվար է` սահմանի բերանին այդքան ջահել զինվորներ գիշեր-ցերեկ, արեւին ու ցրտին զենքերը ձեռքներին թուրքի դեմ կանգնած են: Երբ զորամասում չեմ լինում, բոլորն արդեն գիտեն` ինձ զանգահարելիս առանց բարեւելու միանգամից պետք է զեկուցեն, թե ինչպես է իրավիճակն այստեղ: Մինչեւ բարեւեն, մինչեւ զեկուցեն` ես կիսամարդ կդառնամ (ժպտում է-հեղ.), որովհետեւ ամեն զանգելուց մտածում եմ` ինչ-որ դեպք է պատահել:
Ես իմ զինվորներին հրահանգավորել եմ, որ եթե իրենք ունեն խնդիրներ, ապա անմիջապես ինձ մոտ գան, եւ մենք փորձենք համատեղ այդ խնդիրը լուծել: Նրանց հետ զրուցելիս ես ստեղծում եմ անմիջականություն, որպեսզի նրանք չզգան, որ իրենց դիմաց նստած է հրամանատար: Մենք զրուցում ենք որպես ընկերներ: Նրանց հետ զրուցելիս զգում եմ, որ առաջին հերթին ծառայության ընթացքում նեղվում են կարոտից: Իսկ մնացած հարցերում ժամանակ է պետք, օրինակ` տեղին հարմարվելու եւ նորմալ ծառայելու համար նրանց ժամանակ է պետք, զինվորական երդումը տալուց հետո արդեն ամեն ինչ իր հունով ընթանում է: Այս տարի ես փախուստ չեմ ունեցել զորամասից, քանի որ շատ զինվորներ են եղել, որ ընտանիքում խնդիրներ են ունեցել կամ մեկի ծնողն է հիվանդանոցում եղել, եւ նրանք ցանկացել են մի քանի օրով տուն գնալ: Ես մտածել եմ, որ ավելի լավ է ես խախտում անեմ ու նրանց մի քանի օրով տուն ուղարկեմ, քան թե թողնեմ, որ զորամասից փախչեն: Այդ ո±ր հայ զինվորը իմանա, որ հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է ու զորմասը անօրինական ձեւով չլքի: Այս ամենվ հանդերձ ես իմ զինվորներին ասում եմ, որ զինվորը պետք է միշտ կիսաքուն եւ հոգնած լինի, պարզ է, եթե զինվորը ամբողջ օրը քնի, ապա նա ոչ հոգնած, ոչ էլ կիսաքուն կլինի: Այժմ պատրաստվում ենք, որպեսզի ընդունենք մեր նորակոչիկներին: Հոգեբանորեն հարմարվելը շատ դժվար է: Մենք աշխատում ենք նրանց հետ, ունենք մշակված ծրագրեր, որպեսզի նրանք կարողանան շուտ սովորել ամեն ինչ:
ԹՇՆԱՄՈՒՆ ՄԻՇՏ
ԱՏԱՄ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱՍ
-Դուք ծառայել եք ե°ւ Խորհրդային Միության բանակում, ե°ւ ՀՀ բանակում, ինչո±վ կառանձնացնեիք մեր բանակը:
- Մենք` հայերս, ծայրահեղությունից ծայրահեղություն ենք. կամ լավն ենք, կամ վատը, միջինը չկա: Մենք լավն ենք նրանով, որ խորհրդային բանակի ժամանակ չկար մարտական հերթապահություն, իսկ այսօր մեր բանակում 18 տարեկան երեխան արեւի, ձյան տակ 14 օր շարունակ խրամատում կանգնած սահման է պահում: Հայ զինվորը գիշեր-ցերեկ լարված սահման է պահում: Մեր զինվորներն ավելի զգոն են եւ պատրաստված: Այսօր մեր զորամասի առաջնային խնդիրը պետական սահմանների պահպանությունն է եւ պաշտպանությունը, ՀՀ խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը: Յուրաքանչյուր հայի խնդիրն է, որ մեր ուզած տարբերակով լուծենք մեր երկրի սահմանային խնդիրները, այնպես, ինչպես մենք ենք ուզում, այլ ոչ թե մեր հակառակորդը: Հրադադարի խախտումը միշտ հակառակորդի կողմից է լինում, որից հետո էլ մենք նրանց ցույց ենք տալիս, որ սահմանում ասողը մենք ենք, ոչ թե ինքը: Թշնամուն միշտ ատամ պետք է ցույց տաս, որ նա հասկանա, որ յուրաքանչյուր ժամանակ դու կարող ես իրեն պատժել:
Փոխգնդապետի հետ զրուցելով դուրս ենք գալիս նրա աշխատասենյակից եւ սկսում ենք շրջել զորամասում` ճաշարան, զինվորների համար նախատեսված հանգստի սենյակ, դասապատրաստման սենյակ, ննջասենյակներ` ամեն ինչ մաքուր է, կարգ ու կանոնով դասավորված: Ամբողջ զորամասի պատերին պաստառներ են, ՀՀ հերոսների նկարները եւ նրանց խոսքերը, ահա այսպես ամեն օր հայ զինվորն այստեղ իր աչքի առջեւ ունենալով մեր հերոսների օրինակները` ձգտում է նմանվել նրանց:
Զորամասից դուրս ենք գալիս ու, անցնելով որոշակի ճանապարհ, հասնում ենք հրաձգարան, որտեղ զինվորներն անցնում են կրակային պատրաստություն: Որոշ ժամանակ հեռվից փոխգնդապետի հետ դիտում եմ, թե ինչպես են կրակում զինվորները, կրկին նայում եմ հրամանատարին, նույն բարի ժպիտն է դեմքին` միախառնված հպարտությամբ, նա կարծես ապրում է յուրաքանչյուր զինվորի հետ, յուրաքանչյուրի հետ դիրքավորվում եւ կրակում յուրաքանչյուրի հետ: Այժմ ինձ համար պարզ է, թե ինչպես է փոխգնդապետ Սամվել Պողոսյանը զորամասում հաստատել կարգ ու կանոն, ձեռք բերել զինվորի սերն ու հարգանքը:
Վերադառնում ենք մայրաքաղաք, ամբողջ ճանապարհին խորհում եմ փոխգնդապետի ասածների` հայ զինվորին տված նրա նկարագրի շուրջ: Ինձ համար փոխգնդապետը հրամանատարի իսկական կերպար է` հաղթանդամ ու ՙխիստ հայացքով՚, սակայն ներքուստ բարի սրտով, հոգատար եւ սրտացավ դեպի հայ զինվորը, դեպի այն փոքրիկ ընտանիքը, որ Հայոց բանակում մեկ բառով կոչվում է զորամաս:
Պատրաստեց` Հայոց բանակով
եւ հայ զինվորով միշտ հպարտ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

