ՙՙԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԿՀ-ՆԵՐ ԳՈՂԵԳՈՂ ՆԵՐՍ ՄՏՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ ԵՂԵԼ ԵՆ՚
Արխիվ 12-16ՙԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԿՀ-ՆԵՐ
ԳՈՂԵԳՈՂ ՆԵՐՍ ՄՏՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ ԵՂԵԼ ԵՆ՚
Վերջին շրջանում տարատեսակ աղանդների տարածման, ինչպես նաեւ ՔԿՀ-ներում հոգեւորականի դերի մասին փորձեցինք զրուցել ՀՀ ԱՆ ՔԿՀ հոգեւոր պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ: Մեր զրուցակիցը նախ անդրադառնալով դատապարտյալների շրջանում հոգեւորականի դերին` մասնավորապես նշեց.
-Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայությունը հիմնվել է դեռեւս քսան տարի առաջ` ներկայիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ տնօրինությամբ: Հոգեւորականի եւ հոգեւորի կարիքը բանտերում, սահմանափակ տարածքում, հաճախ ավելի ակնառու է, քան ազատության մեջ: Նմանօրինակ հոգեւոր ծառայությունը շատ բնական է, դատապարտյալները եկեղեցի չեն կարողանում գալ, մենք ենք գնում իրենց ընդառաջելու:
Այսօր ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում էլ կան հոգեւոր անկյուններ` եկեղեցիներ, մատուռներ կամ խաչքարեր: Աշխարհի մի շարք երկրներում նույնիսկ բանտային հոգեւորականը պետական ծառայող է համարվում` համապատասխան զինվորական աստիճանով:
Անդրադառնալով վերջին շրջանում տարբեր աղանդավորական կառույցներին, ովքեր փորձում են Հայ առաքելական եկեղեցու դերը ցածրացնել, հայր Ռուբենը նշեց.
- Հայ եկեղեցու դեմ պայքար` իր սկզբնավորման օրվանից մինչ օրս, կա, մենք Քրիստոսի ճակատագիրն ենք կիսում: Այսօր էլ տարբեր աղանդավորական կառույցները ամեն կերպ փորձում են լռեցնել Հայ առաքելական եկեղեցու դերը, թուլացնել տարբեր կաղապարների ներքո, դա կարող է արվել նույն աթեիստական կամ աստվածմերժության դիրքերից հանդես եկող մարդկանց կողմից, դա կարող է արվել նաեւ աղանդավորական` բաժանիր, որ տիրես սկզբունքով:
- Ըստ Ձեզ` ինչո±վ են վերջիններս կարողանում, այսպես ասած, գրավել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին եւ շեղել իրենց կողմ:
- Հավատացեք, որ իրական Հայ առաքելական եկեղեցու հավատացյալը չի կարող երես թեքել եկեղեցուց, ով երես է թեքում եկեղեցուց, նա չի կարող իրական Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ լինել: Իրական Հայ առաքելական եկեղեցու հետեւորդը երբեք աղանդավոր չի դառնա, դժվար գտնեք մեկին, ով եկեղեցու պատմությանը ծանոթ, եկեղեցու առաքելության տարբեր շրջանների դժվարություններն ու խաչի ճանապարհին տեղյակ հավատացյալը թողնի իր մայր եկեղեցին եւ գնա ինչ-որ օտարոտի ուսմունքների հետեւից: Աղանդավորների շարքերը համալրում են նրանք, ովքեր տեղյակ չեն իրենց եկեղեցու պատմությանը, այս անտեղյակ, այսպես ասած, միայն մոմ վառողների շրջանում է, որ հայ եկեղեցու սպասավորը անելիք ունի: Ես խղճի ազատությանը դեմ չեմ, բայց մեր երկրում մենք դեռ պատրաստ չէինք դիմագրավելու դրա բացասական հետեւանքներին, մեր երկրում կրոնական կազմակերպություններին շատ վաղ գրանցեցին: Օրենքի ընդունման ժամանակ մենք պատրաստ չէինք, որպես հասարակություն, որպես ժողովուրդ այսքան կրոնական կազմակերպություններ գրանցելու: Սրա հետ կապված` մի պատմություն պատմեմ ձեզ: ՙԷրեբունի՚ հիվանդանոցում հանդիպեցի մորմոնների մի խմբի, եւ երբ նրանց հարցրի` ինչու են Հայաստանում իրենց քարոզչությունը տարածում, եւ խորհուրդ տվեցի գնալ այնտեղ քարոզ անել, որտեղ քրիստոնեությունը տարածված չէ` Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, եւ հետեւյալ պատասխանը հնչեց. ՙԱյնտեղ օրենքով արգելված է մեր քարոզչությունը՚: Այնպես որ, մենք ենք դռները բացել եւ թողել, որ տարատեսակ աղանդներ խուժեն Հայաստան եւ փորձեն խարխլել մեր եկեղեցին, ազգային արժեքները: Աղանդավորական կառույցները տարածվում են այն հայերի շրջանում, ովքեր պրակտիկ հավատացյալներ չեն:
- ՔԿՀ-ներում աղանդավորական կառույցների ներկայացուցիչները կարո±ղ են հոգեորսությամբ զբաղվել:
- Կարող են, եթե թույլ տրվի, հոգեորսության տարբեր եղանակներ կարող են լինել` գրականության առաքում եւ հավատացյալի միջոցով տարածում, երբեմն լինում է, որ չներկայանալով, թե ովքեր են, բարեգործական համերգներ են փորձում բերել եւ բեմից սկսում են իրենց հոգեւոր երգերը երգել եւ այդ միջոցով քարոզել, օրացույցներ են ուղարկում` վրան գրված հասցեներ: Այսինքն` աղանդավորների կողմից փորձեր եղել են` ՔԿՀ-ներ ներկայանալով ՀԿ-ների անվան տակ կամ մշակութային խմբակների անվան տակ, գողեգող ներս մտնելու:
- Դուք նշեցիք, որ որոշ աղանդներ փորձում են ՙգողեգող՚ մուտք գործել նաեւ ՔԿՀ-ներ, կասեք, ո±ր աղանդներն են եղել:
- Այդպիսի գործունեություն բացահայտել ենք հիմնականում ՙԱվետարանական՚-ների հետ կապված, ՔԿՀ-ներ ներխուժելու փորձեր է անում նաեւ ՙԿյանքի խոսք՚ աղանդը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

