ՙՙԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՆՔ ԲԱՔՈՒ ՉՄՏԱՆՔ»
Արխիվ 12-16ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՆՔ ԲԱՔՈՒ ՉՄՏԱՆՔ»
Արդեն ավանդական է դարձել, որ ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին` ինչ-որ մտահոգություններ հայտնելով հարցազրույցների տեսքով: Ու այս բազմասերիալանոց շարքը ոչ այլ ինչ է, քան չարախնդություն` սեփական ժողովրդի ու հայրենի պետականության հանդեպ: Ի դեպ, վերջիններս անգամ արձակուրդ չեն մեկնում` շարունակելով «կռռալ», որ չհաջողվի Հայաստանին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, տապալվեն Սահմանադրական բարեփոխումները, հանրությունը սկսի չհավատալ զինված ուժերի ամրությանը... Արդյունքում` ստեղծված քաոսով հրճվեն առաջին եւ երկրորդ նախագահների ինստիտուտներն ու նրանց կառավարող վերին ուժերը: Այս ամենի եւ հատկապես ՀՀ առաջին նախագահի վերջին հարցազրույցի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ հետ:
«ԲՀԿ-Ի ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ ԿԵՐԵՎԱ, ԹԵ ԼԵՎՈՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ»
-Պարոն Աղաբաբյան, կարդալով Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցը` պարզվում է, որ վերջինս դեմ է ամեն ինչին` սկսած սահմանադրական բարեփոխումներից` վերջացրած ՀՀ ԵՏՄ անդամակցությունով: Իրականում ի՞նչ է նա ցանկանում ասել` անընդհատ բացասական մեսիջներ ուղարկելով հանրությանը:
- Լեւոն Տեր-Պետրոսյանը հասարակ քաղաքացի է եւ ոչ թե գործող քաղաքական գործիչ: Պետք չէ, որ նա այնքան մանրանա այն հարցերի մեջ, որոնք իր խնդիրները չեն: Իմ կարծիքով` իր խնդիրն ավելի բարձր է, եւ, բնականաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մանր մեկնաբանություններով չի կարող հակառակվել այն ճշմարտությանը, որն այսօր կա:
- Այնուամենայնիվ, Լ.Տեր-Պետրոսյանն այսօր կուսակցություն է ղեկավարում, թեպետ վերոնշյալ հարցազրույցում ավելի շատ խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, քան` ՀԱԿԿ-ի:
- Միգուցե քաղաքական դաշտում ընկերներ է ման գալիս, որովհետեւ մենակ չի կարող առաջ գնալ: ԲՀԿ-ի վերաբերմունքից կերեւա, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ էր ասում:
- Իսկ քաղաքական դաշտում, ի վերջո, ՀՀ առաջին նախագահը ընկերներ կգտնի՞:
- Իմ կարծիքով` ինքը ոչ թե պիտի ընկերներ գտնի, այլ իրեն պիտի գտնեն այդ ընդդիմախոսները: Եվ եթե մենք նկատի ունենք, որ այսօր ամենալուրջ ընդդիմությունը ԲՀԿ-ն է, ուրեմն` ուղղակի այդ նավի համար նա ուզում է տոմս գնել:
-Ի դեպ, Լ.Տեր-Պետրոսյանը, եթե առաջ ասում էր, որ այլեւս անդառնալի է Հայաստանի` Մաքսային միության անդամակցումը, եւ դա մեր իշխանություններից կախված չէ, ապա այսօր հակասելով ինքն իրեն` նշում է, որ ՄՄ անդամակցությունը ձգձգվում է հենց հայաստանյան իշխանությունների պատճառով:
- Հայ ժողովրդի պատմության մեջ անդառնալի մի բան է տեղի ունեցել, երբ սրանից 600-700 տարի առաջ հայկական պետության դեմ գենոցիդ արվեց, եւ վերացվեց հայկական պետականությունը: Թուրքական կայսրերը միշտ նվաճել են տարբեր երկրներ, բայց պետություն չեն վերացրել... Այնպես որ, հայ ժողովրդի համար անդառնալին սրանից 700 տարի առաջ է եղել, եւ ամեն մի թեթեւ քաղաքական ելեւէջների ժամանակ «անդառնալի» բառը օգտագործել` նշանակում է քաղաքական ոչ կիրթ վերաբերմունք ունենալ սեփական ազգի նկատմամբ:
- Նաեւ Լ. Տեր-Պետրոսյանին չի գոհացնում այն, թե ինչ հակահարված են տալիս հակառակորդին ՀՀ զինված ուժերը: Դուք ի՞նչ կասեք այս մասին:
- Նախ կասեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատճառով մենք Բաքու չմտանք, եւ երկրորդ` թող ինքն իր ծառայությունը Հայաստանի նկատմամբ` որպես Հայաստանի նախագահ հիշի, թե ինչեր է արել, հետո նոր այսօրվան անդրադառնա:
«ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՈՒՂԱՐԿԵԼ
ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
-Քաղաքագետ-վերլուծաբան Իգոր Մուրադյանը կանխատեսում է, որ աշնանը Հայաստանում եվրոպամետ ուժերի դեմ հալածանքներ կսկսվեն, ինչը կվերածվի քաղաքացիական պատերազմի ու սպանությունների: Ըստ Ձեզ, այսօր իրո՞ք կան նման սպառնալիքներ:
- Իգոր Մուրադյանին կարող եք ուղարկել օդերեւութաբանական կենտրոն, որ այնտեղից ինքն ընդամենը կարողանա ասել, թե Հայաստանի տարբեր վայրերում ջերմաստիճանը ինչքան բարձրացավ կամ իջավ:
- Քանի որ խոսեցինք ջերմաստիճանից, վերջերս ամառվա տապին զուգահեռ` խիստ ակտիվացել են գրանտածիծ ՀԿ-ները, համասեռամոլների լոբբիստները, տարատեսակ աղանդները, որոնք անգամ ԶԼՄ-ների վրա են փորձում հարձակում գործել, այդ թվում` «Իրավունքի»: Ինչպե՞ս պետք է պայքարել այս ախտի դեմ:
- Ուղղակի, նրանց ուշադրություն պետք չէ դարձնել, երբ նրանց վրա ուշադրություն ես դարձնում, նրանք ակտիվանում են: Հարկավոր է դրանց մոռանալ, նրանց մասին չհիշել, եւ կվերանան:
- Բայց ժամանակը ցույց է տալիս, որ բոլորովին էլ չեն վերանում...
- Կրկնում եմ` իրենց մասին պետք չէ խոսել, պետք չէ մտածել, պետք չի պատկերացնել, եւ դրանք կվերանան, կմնան մենակ: Պետք չէ իրենց մասին խոսելով` իրենց ակտիվացնել: Բոլորին ասեք, որ թողեն մեր երկիրը խաղաղ ապրի, եթե իրենք իրենց ընտանիքներում խաղաղ չեն, գոնե թողեն մենք մեր Երեւանում, մեր հայրենիքում խաղաղ ապրենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

