Ինչ եք կարծում, այս աշխարհում որն է մեծագույն պատիժը:
Արխիվ 12-16
Ինչ եք կարծում, այս աշխարհում որն է մեծագույն պատիժը: Ամբողջ գերդաստանը կորցնելը, սնանկանալ եւ բոմժ դառնալը, հայրենիք կորցնելը... Ոչ, չարաչար սխալվում եք, իսկ միակ ճշմարտությունը հայտնի է թունդ արեւմտամոլ, ժամանակին ՀՀ Ազգային անվտանգության կառույցը հիմնովին քարուքանդ արած ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ. ՙԱմենամեծ պատժամիջոցը, որ Հայաստանին սպառնում է, Եվրասիական կամ Մաքսային կառույցների մեջ մտնելն է: Ավելի ծանր պատժամիջոցներ լինել չեն կարող: Ապագա Հայաստանը, որպես պետություն, չի կարող լինել Եվրասիական կառույցների կազմում՚: Հավա¯ր, հասեք, փրկեք...Իսկ թե ինչպես խուսափել Դավիթ Շահնազարյանի հիշատակած դաժանագույն ՙպատժից՚` կոնկրետ դարման է առաջարկում ՀՀՇ վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ: Նա, իրոք, երջանիկ է, քանի որ երանի ելք գտնողին, եւ իզուր չէր, որ 1990-ականներին ՀՀՇ-ում կատակում էին. ՙԵղիր երջանիկ, բայց ո°չ Աբգարյան՚: Իսկ դարմանը Կոլումբոսի հավկիթի պես պարզ է ու հասկանալի. ՙՈրեւէ ձեւով արագ իշխանափոխություն իրականացնելու միջոցով` լինի դա հեղափոխությամբ, հեղաշրջմամբ, ստիպողաբար կամ կամավոր հրաժարականով, թե` այլ կերպ: Հայաստանը հայտնվել է մահվան մահճում, եւ ժողովուրդն իրավունք ունի ամեն ինչ անել` իր անկախ պետականությունը փրկելու եւ իր ազգային շահերը պահպանելու համար՚: Ուռա¯, ընկերներ, թող Երեւանը խեղդվի այրվող անվադողերի ծխից, թող արյան գետեր հոսեն, թող կորցնենք Արցախը, իսկ լոռեցիները պատերազմեն, ասենք, արտաշատցիների դեմ` միայն թե իշխանափոխություն լինի:
Սակայն երջանիկ ՀՀՇ-ականից անչափ ավելի բարի է ՀՀ վաստակավոր հացադուլավոր ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ: Նա էլ առաջարկում է մի մեծ ծրագիր, որ ՀՀ նախագահը եւ ԱԺ բոլոր կուսակցությունները հոժար կամքով պայմանավորվում են, որ մինչեւ օգոստոսի 25-ը հրաժարական են տալիս Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, մինչ այդ, ՀՀ նախագահը ստորագրում է հրամանագիր` ինչ-ինչ անցումային մարմին ստեղծելու մասին, նշանակում նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, վերաձեւումներ են արվում իշխանության ամբողջ կառուցվածքում, եւ այլն, եւ այլն: Ինչպես ընդունված է ասել` երազելը վնաս չէ, բա որ հանկարծ ՀՀ 3 բարձրագույն պաշտոնատարները չենթարկվեն Անդրեասի հրամանին ու հրաժարական չտա±ն: Ինչ է, օգոստոսի 25-ից հացադուլի է նստելու: Չնայած կարելի է` շոգերն արդեն կոտրված կլինեն, համ էլ ժողովուրդը նոր թամաշա կունենա:
Սակայն իշխանափոխությանն ուղղված բոլոր` ինչպես խաղաղ եւ բարի, այնպես էլ չար եւ ռազմատենչ տարբերակները զարմանալիորեն լրիվ ՀԱԿմեջ է անում Դաշնակցությունը: Ախր, հազիվ Լեւոն Ակոպիչը բոլորին, անգամ ՕԵԿ-ին համոզեց, որ դեմ լինեն սահմանադրական բարեփոխումներին, հաստատեց վերին ատյանի ճշմարտությունը, որ այդ բարեփոխումների նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը, ու հանկարծ գալիս է ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ եւ ամեն ինչ փչացնում: Նա ԼՏՊ-ի հանճարեղագույն մտքերը որակում է ՙտեսողական դատողություն՚ եւ պնդում, որ ընդհակառակը` հենց սահմանադրություն փոխելը կարող է երաշխիք լինել, որ իշխանությունը չվերարտադրվի, լինեն համակարգային փոփոխություններ: Ավելին, օ¯ սարսափ, նա հավատում է Սերժ Սարգսյանի այն խոսքին, որ 3-րդ անգամ որեւէ ձեւով չի ստանձնի պետության ղեկը: Ինչպիսի դավադիր հարված թիկունքից, ինչպիսի սադիզմ, իրոք որ դաշնակը դաշնակ է մնում, եւ իզուր չէր ԼՏՊ-ն 1994-ի վերջին իր հրամանագրով փակել ՀՅԴ-ն:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

