ՙԳՐԱՆՏԱԾԻԾ ՀԿ-ՆԵՐԻ ՆՄԱՆ ԱՇԽՈՒՅԺ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ՇԱՏ ՎԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ՚
ՙՀայաստանում այս պահին քաղաքական անդորր է, բոլորը արձակուրդ են գնացել, որպեսզի ուժերը հավաքեն ու աշնանը աշխուժացնեն քաղաքական կյանքը՚,- մեզ հետ զրույցում անդրադառնալով ներկայիս ներքաղաքական անցուդարձին` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Անդրադառնալով իր վաղեմի բարեկամ, ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալմանը եւ այն խոսակցություններին, որ գործարարի ձերբակալությունը անմիջապես առնչվում է ռուս-հայկական հարաբերություններին, պարոն Հարությունյանն ասաց. - Շատ տխուր երեւույթ է, որ ձերբակալել են Լեւոն Հայրապետյանին, ով մեծ բարերար է, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մեծ ջատագով:
Բայց եւ այնպես չեմ կարծում, որ անձի ձերբակալումով կամ անձի վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքով է պայմանավորված հայ-ռուսական հարաբերություններն ընդհանրապես: Այնպես որ, Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը կապել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հետ, ճիշտ չէ, եւ վաղաժամ է նրա մասին տարբեր խոսակցություններ տարածել: Վերջին շրջանում տարբեր գրանտակեր ՀԿ-ների աշխուժացման մասին պատգամավորը այն մտքին է, որ դա կարող է հետագայում շատ վտանգավոր հետեւանքների բերել. - Վերջին շրջանում Հայաստանում գործող բազմաթիվ ՀԿ-ներ սկսել են աշխուժանալ, որը պայմանավորված է նրանով, որ մենք հնարավորություն ենք տալիս մեր թշնամիներին ենթակա կազմակերպություններին ազատ գործել մեր երկրում, ազատ դրսեւորել իրենց նվիրվածությունը իրենց տերերի նկատմամբ: Եվ ի դժբախտություն մեզ եւ մեր ժողովրդի` այդ կազմակերպությունները շատ բացասական դեր են կատարում մեր պետության կյանքում: Եվ, ցավալին այն է, որ անգամ սաստող որեւէ քայլ չեմ տեսնում այդ գրանտածիծ կազմակերպությունների նկատմամբ: Այսքան տարի, դժբախտաբար, չեմ տեսել կամ լսել, որ բացահայտվի, թե կոնկրետ այսինչ գրանտածիծ ՀԿ-ն ծառայում է կոնկրետ այսինչ ուժին: Այնինչ մեր ժողովուրդը եւ մեր պետական օրգանները պետք է շատ զգոն լինեն. ՀԿ-ների նման աշխույժ գործունեության վերջը շատ վատ է լինելու: Համենայնդեպս, դա այսօր չի երեւում, բայց կգա մի օր, որ պարզ կդառնա, որ մենք բավականին խոցելի պետություն ենք, որովհետեւ մեր ներսում գործում են բազմաթիվ ՀԿ-ներ, որոնց ղեկավարում են արտասահմանյան հետախուզական կազմակերպությունները: