ՓԱՍՏԱԲԱՆ. ՙՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ՚
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների կողմից օրերս Մոսկվայի ՙԴեմոդեդովո՚ օդանավակայանում ձերբակալված հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին` Լեւոն Հայրապետյանին, մեղադրում են ՙկինգիսեւյան՚ հանցավոր խմբավորման գործի բացահայտման շրջանակներում: Ներկա պահին Լ. Հայրապետյանը մեղադրվում է մի քանի քրեական հոդվածներով` փողերի օրինականացում հանցավոր ճանապարհով, չարաշահումներ, փողերի լվացում:
Այդ մեղադրանքի հետ կապված զրուցեցինք Լ. Հայրապետյանի փաստաբան ՌՈՒԲԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով նշեց. ՙՁերբակալությունը Հայրապետյանի համար մեծ անակնկալ էր: Թե ինչի մեջ են մեղադրում Հայրապետյանին, պաշտոնապես հայտնի կլինի հուլիսի 24-ին: Ամեն դեպքում չկան բավարար փաստեր, որոնք թույլ են տալիս պնդել, որ Հայրապետյանը մեղավոր է՚: Միեւնույն ժամանակ, ըստ փաստաբանի, այս պարագայում արդարադատությունից դժվար է խոսել, երբ տնտեսական հոդվածներով մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը. ՙԱյստեղ խոսել արդարադատության մասին` վաղ է, քանի որ հետաքննությունն արդարացի լինելու խնդիր չունի, հետաքննությունը հետաքննում է քրեական գործը: Համոզմունք ունեմ, որ Հայրապետյանին կալանքի տակ առնելու որոշումը ճիշտ չէր: Առավել եւս, որ 65-ամյա բարեգործը վատառողջ է: Այն հիվանդությունը, որն ախտորոշված է Հայրապետյանի մոտ, ենթադրում է, որ մեղադրյալը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչեւ դատավճիռը: Բայց անկախ ամեն ինչից` Հայրապետյանը իրեն իսկական հայի պես է պահում` ուժեղ եւ աշխատում է հնարավորինս չընկճվել՚: Եզրափակելով խոսքը` պարոն Մարգարյանը հավելեց. ՙԵս համաձայն չեմ այդ որոշման հետ, քանի որ գործի այն նյութերը, որոնք ներկայացվել են դատարանին, կալանք չէին ենթադրում, հիմք չկար այդ հանցագործությունում նրա մասնակցության վերաբերյալ: Ես համամիտ չեմ նաեւ այն տեսակետների հետ, որ Հայրապետյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ ունի: Համենայնդեպս ես նման ենթատեքստ չեմ տեսնում՚: