ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ.«ՄԱՐԴԸ ՊԻՏԻ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ ԽՈՍԻ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԻՆՔԸ ԳՈՂ ՉԷ»
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ.«ՄԱՐԴԸ ՊԻՏԻ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ ԽՈՍԻ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԻՆՔԸ ԳՈՂ ՉԷ»
Երկար ժամանակ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն ու տնօրեն Կարեն Արիստակեսյանը շարունակում էին մնալ խոսակցությունների կիզակետում: Թեման թեժացավ, երբ թանգարանից անհետացավ հերոսամարտն ամբողջացնող մակետը, ապա` թանգարանի աշխատակիցների հետ տնօրենի վիճաբանությունն ու ծեծկռտուքը: «Իրավունքը» զրուցելով հենց ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ` փորձեց նրանից պարզել, թե ինչն է պատճառը, որ անընդհատ հայտնվում է սկանդալների կիզակետում:
- Պարոն Արիստակեսյան, ի վերջո, ի՞նչ եղավ այդ վիճելի մակետի հետ, նորից կվերականգնվի՞:
- Մակետի վերականգնման խնդիր չկա, մենք դրել ենք էլեկտրոնային տարբերակ, որն ավելի լավ է արտահայտում ամեն ինչ եւ լրացվելու է նոր տեխնոլոգիաների շնորհիվ: Կարող ենք հարյուրավոր այդպիսի մակետներ ստանալ: Մինչեւ էլեկտրոնային տարբերակի ստեղծումը, խորհրդակցել ենք դրա մասին: Աշխարհում հիմա այդ կարգի մակետ չկա, ինչ վերաբերում է հայրենասիրությանը, եւ փորձում էին հայրենասիրության դասեր տալ, ապա մենք հայրենասիրությունը ոչ թե սերտում ենք, այլ` հայրենասեր մարդն իր արյամբ, գենով ու գործով արդեն հայրենասեր է: Պետք չէ հայրենասիրությունից խոսել, այլ պետք է գործ անել:
- Իսկ որտե՞ղ է մակետը:
- Մակետն այսօր գտնվում է մեզ մոտ, եւ եթե որեւէ դպրոց ուզենա, մենք ուղղակի կօտարենք եւ կտրամադրենք իրենց: Այն ավելի շատ դպրոցական մակարդակի է, կարող է դիդակտիկ ուսուցողական լինել, քան թե` Սարդարապատի թանգարանում: Այն թանգարանային առարկա չէ, նմուշ է եղել, ընդ որում` այդ մակետը մինչեւ վերջ սարքված չի եղել: Այն դատարկ է եղել, հետո փորձել են դնել այդ տիկնիկները: Բայց եթե կարելի է այդ ամբողջը եռաչափ էկրանի վրա ստանալ` ե՛ւ տարազի նմուշներ, ե՛ւ հուշարձանի նմուշներ, ե՛ւ եռաչափ ստանալ ամբողջ Հայկական լեռնաշխարհը, էլ ինչի՞ է պետք այդ մակետը, որտեղ գույները խունացել էին, քայքայված էր, ոտքեր չուներ, անգամ հազիվ էր պահվում: Բայց չէ՞ որ մակետը հանեցինք ու տարածք ունեցանք մեր ազգային խոշորագույն ճարտարապետներց մեկին` Ռաֆայել Իսրայելյանին նվիրված անկյուն ստեղծելու, որի համար եւս քննադատվեցինք: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ համալիրներում պիտի ճարտարապետի անկյուն լինի, այն չի խանգարում հիմնական ցուցադրությանը: Մարդիկ մտնում են` սկզբում ծանոթանում, թե ով է եղել այս հուշահամալիրի հեղինակը, հետո անցնում հիմնական ցուցադրությանը: Այդ մակետը ոչինչ չէր ամփոփում: Թող գան, նայեն էլեկտրոնային եղանակով ու համեմատեն հնի հետ: Եթե ամբողջ աշխարհում սայլով չեն ման գալիս, ինձ ոչ ոք չի կարող նստեցնել սայլ ու պարտադրել, որ սայլով ման գամ, կամ` էշով: Ես չեմ ուզում էշին նստել, որովհետեւ այսօր աշխարհում ավտոմեքենա կա, նույնիսկ` արեւային էներգիայով, ի՞նչ անենք` գնանք էշո՞վ ման գանք:
- Իսկ գորգերի պատմության մասին ի՞նչ կասեք:
- Խոսել գորգերի մասին, ինչպես ադրբեջանցին է ասում` գորգ գողացեք թեկուզ մեջիթից, ես չեմ ընդունում: Մարդը պիտի մշակույթից խոսի այն ժամանակ, երբ ինքը գող չէ, մնացածն իր խնդիրն է` ո՞նց կխոսի, ե՞րբ կխոսի, որտե՞ղ կխոսի եւ ի՞նչ զազրախոսություն կանի: Գորգից խոսել, բայց գորգը շոշափելուց չհասկանալ` քո ազգային ինքնությունը, չհասկանալ, որ չի կարելի գորգը վաճառել, փոխանակել, տեղն ուրիշ գորգ դնել, նկարագրելուց այլեւ այլ բաներ նկարագրել, փորձագիտական նկարագրություն տալ ու ազնվությունից խոսել, որեւէ մեկին` որպես քաղաքացի Կարեն Արիստակեսյան, թույլ չեմ տա: Մնացածը թող իրենք գնան ու ճամարտակությունները թող դրսից անեն համարվելով լավ գորգագործ, գորգարվեստի մասնագետ, բայց գործ չունենան մի տեղ, որտեղ իրենք պղտորել են: Մարդը պիտի համեստ լինի, Կարեն Արիստակեսյանը երբեք չի ասել, որ Սարդարապատի թանգարանում 100.000 այցելուներ չեն եղել, եղել են, ավելին են եղել, բայց այդքան այցելու գալիս էր խորհրդային շրջանում: Բայց, փաստում եմ, որ այո, 1991 թվականից առ այսօր, անցյալ տարի թանգարանի այցելուների քանակը` փաստացի վճարման եղանակով, եղել է 25.000, որը 91 թվականից առ այսօր լավագույն ցուցանիշն է: Կան նաեւ իրենց աշխատած տարիների տվյալները, իսկ այդ տարիներին իրենք ինչո՞վ են զբաղվել: Ֆոնդեր են նորոգել, հաշվառում են արել, թե ֆոնդերը փակել գնացել են տուն, ես շատ լավ հիշում եմ, որ թերթերը գրում էին, թե Սարդարապատի թանգարանն անընդհատ փակ էր, իմ հիշողությունը չի դավաճանում: Ընդ որում, փաստաթղթեր էլ կան, որոնք խոսում են նաեւ ինձ քննադատողների մասին: Կան մարդիկ, որ պատմության մեջ հետք են թողնում, կան մարդիկ, որոնք մատնահետքեր են թողնում: Այդ մատնահետքերն այսօր դեռեւս կան Սարդարապատի թանգարանում, եւ խորհուրդ կտայի, որ ուղղակի մարդիկ ճանաչեն իրենց արած գործը, իրենց եւ չմտածեն, որ մարդկանց հիշողությունը շատ կարճ է, եւ չմտածեն, որ իրենց գրած այս կամ այն հոդվածը, գիտական ուսումնասիրությունը հայ ժողովրդի համար մեծ հայտնագործություններ են եւ կոկոզավիզ քայլեն: Թող համեստ լինեն, մի բան անեն` չխոսեն դրա մասին: Սեւակն ասում էր, ով կարողանում է` անում է, իսկ ով չի կարողանում` ասում է: Ես ասող չեմ, ասողը կարող է զազրախոսել այստեղ-այնտեղ թանգարան բացել, կարծես թե, պետության փողերն այնքան շատ են, որ ամեն տեղ պիտի թանգարան բացել: Եղածը պահենք ու պիտի լավ պահենք:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

