ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԱԾԵԼԻՈՎ ԻՆՔՆԱՎՆԱՍԵԼ Է ԻՐԵՆ
Արխիվ 12-16ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԱԾԵԼԻՈՎ ԻՆՔՆԱՎՆԱՍԵԼ Է ԻՐԵՆ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` բանդայի գործով հերթական դատական նիստի ընթացքում, այն բանից հետո, երբ դատախազը կարդաց Դավիթ Գալստյանի նախաքննական ցուցմունքը, ամբաստանյալը ձեռքը տարավ բերանը, հանեց ածելին, կտրեց դաստակը եւ գոռաց՝ «արյունս ծծել ես, ի՞նչ ես ուզում»։ որից հետո, դատավորի հրահանգով բոլոր ներկաները լքեցին դահլիճը։ Ամբաստանյալին բուժօգնություն ցույց տալու համար շտապօգնություն են կանչել:
Նշենք, որ Դավիթ Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ բուժվել է հոգեբուժարանում:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

