«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ԻՐ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՍՊԵԿՈՒԼՅՈՒԱՑԻԱՅԻ ԺԱՆՐԻՆ»
Արխիվ 12-16«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ԻՐ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՍՊԵԿՈՒԼՅՈՒԱՑԻԱՅԻ ԺԱՆՐԻՆ»
Ամառվա արձակուրդային տրամադրությունը հերթական անգամ իր հարցազրույցով հարամեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, ուշագրավ է ոչ թե այն, որ կրկին վերջինս մաղձ է թափում ժողովրդի, պետության ու իշխանության գլխին, այլ այն, որ 60-ն անց ծերուկը սկսել է հակասել ինքն իրեն: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց. «Ոչ վաղ անցյալում` ՀԱԿԿ հանրահավաքի ժամանակ, ԼՏՊ-ն հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը այլեւս անշրջելի, կանխորոշված գործընթաց է` անկախ Հայաստանի իշխանությունների կամքից: Մինչդեռ այսօր ճիշտ հակառակն է պնդում` ասելով. «Եվրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելոռուսիան է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին» »: Թե ինչո՞ւ հիմա էլ ՀԱԿԿ հին կաղնին որոշեց սրբագրել նախկին հայտարարությունը ու այս անգամ ասել, որ ՄՄ եւ ԵՏՄ անդամակցության բանալին հայաստանյան իշխանությունների ձեռքում է, սա դեռ կարելի է պայմանավորել տարիքի հետ կապված հիշողության կորստով: Իսկ թե ինչո՞ւ պարոն ՀՀ առաջին նախագահը հույսը կտրեց իր ձեւավորած քաղաքական ուժից ու իր հարցազրույցում սկսեց ԲՀԿ-ին ձոնել, ըստ Հ. Սահակյանի. «Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ հավատարիմ է մնում իր քաղաքագիտական սպեկուլյացիայի ժանրին, ակնհայտորեն հնչեցնելով, պաշտպանելով, արժեվորելով ԲՀԿ-ն` նա շատ հետաքրքիր իրավիճակի մեջ է դնում իր քաղաքական թիմին` ուղղակի նշելով, որ իր քաղաքական թիմը որպես այդպիսին ուժ չի ներկայանցում: Ավելին` քաղաքականության մեջ հիմնական դերակատար չէ, այլ երկրորդային կամ երրոդային է: Սա էլ հետագայում պետք է նկատի ունենանք: Թեպետ նորություն չէ, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում 6-7 հոգի են, բայց ամեն մեկն էլ, այսպես ասած, տարբեր թիմերում են եւ որեւէ առնչություն չունեն մեկը մեկի հետ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

