ՙ«ԵԹԵ ԼՏՊ-Ն ԼՌԵՐ, ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴՔԱՆ ՑՑՈՒՆ ՉԷՐ ԼԻՆԻ ԻՐ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ԼՏՊ-Ն ԼՌԵՐ, ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴՔԱՆ ՑՑՈՒՆ
ՉԷՐ ԼԻՆԻ ԻՐ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հերթական հարցազրույցն է հրամցրել հանրությանը, որն, ըստ էության, բացառապես չարախնդություն էր` քաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
- Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզվում է, որ խիստ դեմ է սահմանադրական բարեփոխումներին, իրականում մտահոգության առիթ կա՞:
- Ուրախ կլինեի, որ ՀՀ առաջին նախագահի բերանից լսեինք, թե ինչին է դեմ, եւ բառացի կոնկրետ որեւէ բովանդակային քննարկում ծավալվեր, որպեսզի կարողանանք նաեւ բովանդակային անդրադարձ կատարել: Եթե իրենք դեմ են իրական իրավունքներին ու ազատություններին, որպեսզի դրանք ամրագրվեն Սահմանադրությամբ, դա ուրիշ խնդիր է: Թե դե՞մ են, որպեսզի դատական իշխանությունն էլ ավելի կատարելագործվի եւ ավելի հստակ երաշխքիներ ունենա: Եթե դրան են դեմ, ապա մենք պետք է այդտեղ էլ որոշակի մտահոգություններ ունենաք: Սահամանադրական բարեփոխումները տեղական ինքնակառավարման հետ կապված բավականին լուրջ փոփոխություններ կարող է առաջարկվել, կամ այդ փոոխությունները միտված են դրան, ինչպես նաեւ հավասարակշռված քաղաքական համակարգ ունենալուն, եթե այս ամենին նա ամբողջությամբ դեմ է, ապա լավ կլինի սկսի մտածել: Այս առումով ոչ մի բովանդակային անդրադարձ չի կատարել Լ. Տեր-Պետրոսյանը, բացի, ինչպես դուք նշեցիք, չարախնդալուց կամ, այսպես ասած, սպեկուլյացիայից, ինչպես ինքն է նշում:
- Հարցազրույցում ՀՀ առաջին նախագահը նշել է, որ քաղաքագիտական սպեկուլյացիաներն իր ժանրը չեն:
- Բայց այդ հարցազրույցը ավելի քան քաղաքական սպեկուլյացիա որակելը, կարծում եմ` դժվար է: Որքան էլ իմ հարգանքը մեծ լինի առաջին նախագահի ինստիտուտի նկատմամբ, պետք է նշեմ, որ վերջերս իր իսկ կողմից ակնհայտ անհարգալից կամ անլուրջ վերաբերմունք է դրսեւորում այդ ինստիտուտի նկատմամբ, որոնք ամրագրվում են իր հարցազրույցներում` հակապետական, ապազգային հայտարարություններով: Եթե ավելի փաստերով խոսենք, իր հարցազրույցներում նա փորձում է նվաստացնել զինված ուժերին, թե հակադարձը այդքան էլ հուժկու չէ եւ այլն: Պետք է ընդամենը նշեմ, որ մեր զինված ուժերը բազմիցս նշել են, որ ցանկացած հակահարված կրկնակի է եղել: Այստեղ հարց է` թե ի՞նչ է ուզում առաջին նախագահը դրանով ասել աշխարհին, եւ այստեղ մեկնաբանությունները թողնում եմ հանրությանը:
- Լ. Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հարց է տալիս ու պատասխանում, թե ի՞նչ չպիտի աներ Հայաստանի իշխանությունը, որ անում է: Եթե նույն կերպ ձեւակերպենք, ապա ի՞նչ ճիշտ կլիներ, որ չաներ ՀՀ առաջին նախագահը:
- Պատասխանն ակնհայտ է` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը լռեր, այդ դեպքում այդքան ցցուն չէր լինի իր հանցավոր անպատասխանատվությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

