Այս օրերին քիչ քիչ շրջանառության մեջ են մտնում խոսակցություններ, որ արեւմտյան համապատասխան հաստատությունները հայաստանյան ՙթեժ աշնան՚ հետ կապված նորից հայտնվում են լիդերի փնտրտուքների հին բարդությունների առաջ: Անշուշտ, աշնանային ՙհեղափոխական՚ սխեմաների լոկոմոտիվի դերում փորձում են տեղավորել ԲՀԿ-ին, որը, սակայն, հատկապես այդ հարցում համաձայն է միայն ստվերային դերակատարման:
Չնայած ավելին չի էլ պահանջվում, քանի որ ՙհեղափոխական՚ ստրատեգների մոտ կա այն համոզմունքը, որ հրապարակավ ԲՀԿ-ին առաջին պլան մղելու դեպքում մեծ է ողջ գործընթացը Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապելու ու շարժման մասսայականացումը ձախողելու վտանգը: Ու նորից պտտվել-պտտվել ու մտածում են հրապարակային լիդերի ֆունկցիան ՙհին տաշտակների՚` Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա դնելու մասին` այլընտրանքային ֆիգուրա դեռ չտեսնելու պատճառով: Բայց Տեր-Պետրոսյանից պահանջվում է հրապարակավ դեմ գնալ Եվրասիական միության ծրագրերին, որից, ավելի ճիշտ, հակառուսական բնույթի կտրուկ քայլերից նա հեռատեսորեն փորձում է ձեռնպահ մնալ` մտահոգված լինելով իր կառավարման տարիների հետ կապված որոշ կոնկրետ կոմպրոմատների ջրի երես ելնելու հավանականության: Րաֆֆին շեշտադրված հակառուսականությունից ավելի կոնկրետ, հակաեվրասիականությունից, չի խուսափում: Բայց Լեւոնը ոչ մի կերպ չի համաձայնվում մտնել Րաֆֆիի քաղաքական ենթակայության տակ: Մեր աղբյուրն ասում է, որ կինչեւ իսկ համապատասխան դեսպանատների մակարդակով արված հորդորները արդյունք չեն տվել, եւ խնդրի լուծման համար հիմա մտածում են Լեւոն-Րաֆֆի հանդիպման կամ հանդիպումների շարք կազմակերպելու մասին: ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ