«ՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Արխիվ 12-16«ՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի խոսքով` գիտությունը Հայաստանի համար հաղթաթուղթ է, քանի որ իր զարգացվածության մակարդակով չի զիջում որեւէ այլ պետության: Սակայն ցավալի է, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացումը չտարածվեց գիտնականների վրա. «Նման աշխատավարձերով գիտություն աշխատեցնել հնարավոր չէ, գիտությունն այժմ առաջ է գնում միայն նվիրյալ գիտնականների շնորհի, ովքեր իրենց կատարած ահռելի աշխատանքի դիմաց գոնե 1/10-րդը չի ստանում: Ես չգիտեմ այս ամենը գիտակցաբար է արվում, թե ոչ, սակայն փաստ է, որ այս իրավիճակը բերելու է հասարակական ճգնաժամի լուրջ խորացման»,-նշեց ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: Նրա բնորոշմամբ անարդար է հասարակության մի հատվածի աշխատավարձը բարձրացնել, իսկ մյուսինը` ոչ: Եթե բարձրանում է աշխատավարձերը, բնականաբար կբարձրանա նաեւ ապրանքների եւ ծառայությունների գները, այս դեպքում Ա. Միքայելյանի համար անհականալի է, թե ինչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ակամա հայտնվել է մի հատվածում, որտեղ աշխատավարձի բարձրացումն «արգելված» է: «Եթե հանրային տրանսպորտի գների բարձրացման դեպքում մարդիկ ցույց էին անում եւ հասկանալի է, որ երկու օր տրանսպորտը կաթվածահար լինել չէր կարող, ապա գիտության դեպքում այլ է`եթե գիտությունը մեկ ամիս չաշխատի, այդ անգործությունը ոչ ոք չի նկատելու»,-շեշտեց Արեգ Միքայելյանը եւ ավելացրեց, որ նման քաղաքականությունը հանգեցնելու է նրան, որ մարդկանց միջեւ տեղի ունենա բեւեռացում:
Անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից տրվող Վիկտոր Համբարձումյանի անվան այս տարվա միջազգային մրցանակին Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ մրցանակն արդեն գտել է իր հասցեատերերին: Առաջին մրցանակը շնորհվել է Ֆելիքս Ահարոնյանին (Իռլանդիա, Գերմանի), իսկ երկրորդ մրցանակը համտեղելիության կարգով տրվել է Իգոր Կարաչենցեւին (Ռուսաստան) եւ Բրենթ Թալիին (ԱՄՆ):
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

