ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ.ԿՈՄԱՆԴՈՍ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԼԵՎՈՆ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ.ԿՈՄԱՆԴՈՍ
Ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 16-ին Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը: Արցախին մեծ աջակցություն ցույց տված գործարարի ձերբակալումը մեծ վրդովմունք առաջացրեց հայ հանրության շրջանում: Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ, որոնցից ամենահավանականն այն է, որ այս ձերբակալության ետևում կանգնած է Ադրբեջանը, քանի որ գործարարը մեծ աջակցություն էր ցույց տալիս ԼՂ-ին. նրա աջակցությամբ Արցախում կառուցվում է Սուվորովի և Մադաթովի անվան ուսումնարանը:
Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), հրապարակախոս Բակուր Կարապետյանը, Արցախյան պատերազմի հերոս, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը վստահ են`Լևոն Հայրապետյանի ձերբակալումը Ադրբեջանի ձեռքին գործն է, որի վառ ապացույցն այս օրերին ադրբեւջանական մամուլի հորթային հրճվանքն է:
ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքով էլ եղել է թյուրիմացություն, որն անպայման կշտկվի: Նրա կարծիքով պետք է փոխեն Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը`հաշվի առնելով նրա առողջական վիճակը: «Քաղաքական որևէ ենթատեքստ չեմ տեսնում»,- ասաց նախկին պաշտոնյան:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև նյարդաբան, Լևոն Հայրապետյանի բժիշկ Հենրի Բակունցը, ում խոսքով` Լևոն Հայրապետյանը սրտանոթային խնդիր ունի, երկու անգամ ստենդավորվել է, ինֆարկտ ու ինսուլտ է տարել, ունի շաքարային դիաբետ: Նման հիվանդներին արգելվում է պահել բանտում: «Շատ երկրներում նման հիվանդներին չեն կալանավորում»,- մանրամասնում է բժիշկը:
Ա. Տեր-Թադևոսյանն էլ հիշեցնում է` Ադրբեջանի հատուկ ծառայությունները վաղուց էին հետևում Լևոն Հայրապետյանին: Հարցին` իսկ կարող էին այդ ձերբակալումը կանխել ռուսական իշխանությունները, Կոմանդոսն ասաց, որ պետք չէ այս ամենը կապել ռուսական իշխանության ու ռուս ժողովրդի հետ: «Հետաքննություն է արվում և ամեն ինչ կբացահատվի»,-եզրափակեց Արցախի հերոսը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

