«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁՐԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
Արխիվ 12-16«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁՐԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջին գործողություններին փաստեց, որ Ադրբեջանը միշտ էլ ձգտել է ցույց տալ իր վայրագությունները, սակայն նրա վերջին գործողությունը հանրության մեջ լայն արձագանք գտավ այն պատճառով, որ տարբեր մարդիկ սկսեցին այն տարբեր կերպ մեկնաբանել:«Ադրբեջանի հերթական սադրանքը մեր կողմից ստացավ համարժեք պատասխան: Ամեն ինչ ցույց տվեց, որ Ադրբեջանը շարունակում է իր նմանատիպ գործողությունները, իսկ Հայաստանն ի վիճակի է կանխելու այդ գործողությունները, բացի այդ, այս գործողությունների մեջ կարելի է գտնել ավելի հեռուն գնացող պատասխանները»,-նշեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԸ:
Քաղաքագետի խոսքով` Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ շրջանների ուղղությամբ ադրբեջանական կողմի մշտական կրակոցները չեն կարող ստիպել հայ ազգաբնակչությանը լքել իրենց բնակության վայրը, քանի որ Հայաստանը անում է ամեն ինչ, որպեսզի սահմանամերձ շրջանները հսկեն զինվորականները, որի արդյունքում էլ հայ բնակչությունը կմնա իր բնակության վայրում: «Ադրբեջանի կողմից սահմանամերձ շրջաններում անընդհատ կրակոցներն ուղղված են խաղաղ բնակչության դեմ, որոնք բացարձակապես չեն մտնում այս հիմնախնդրի տրամաբանության մեջ: Այն որ հակառակորդ կողմը թիրախ է դարձրել խաղաղ բնակչությանը դա պետք է դատապարտվի միջազգային կառույցներում»,-մեկնաբանեց Ալ.Մարգարովը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

