SOS. ՍԵՎԱՆԻ ՋՐԻ 60%-Ը ՊԻՏԱՆԻ ՉԷ ԻՇԽԱՆ ԲՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16SOS. ՍԵՎԱՆԻ ՋՐԻ 60%-Ը ՊԻՏԱՆԻ ՉԷ ԻՇԽԱՆ ԲՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Էկոլուր» հԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքով` այս տարի Սևանա լճից բաց է թողնվելու ոչ թե 240 միլիոն խմ ջուր, այլ 270 միլիոն խմ:
Բնապահպանի խոսքով` արդեն բաց է թողնվել 170 միլիոն խմ, իսկ մինչև օգոստոսի 16-ը բաց է թողնվելու 75 մլն խմ ջուր:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նոր առաջարկություն էր ներկայացրել Ազգային ժողով, որտեղ որպես ջրբացթողումների առավելագույն չափաքանակ նշված է եղել 270 միլիոն խմ: Այդ փոփոխությունը 2-րդ և 3-րդ ընթերցմամբ ՀՀ ԱԺ պատգամավորներն ընդունել են:
Բնապահպանի խոսքով` արդեն արձանագրվել է, որ Սևանա լիճն ունի բացասական բալանս, իսկ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասում էր`չպետք է թույլ տալ, որ բացասական բալանս արձանագրվի: Նույն խոսքերն ասում է ներկայիս նախարարը: Սակայն, ըստ բնապահպանի, դրանք միայն խոսքեր են: Սևանի մակարդակն արդեն իջել է 9-10 սմ-ով, և կիջնի ավելի շատ, եթե այսպես շարունակվի: Սևանի ջրի 60%-ը պիտանի չէ իշխան տեսակի ձուկ բուծելու համար:
Մի հանգամանքի մասին ևս փաստեց Զարաֆյանը. բնպահպանության նախարարության կայքից անհետացել են մոնիտորինգ իրականացնող կայքի` Սևանի վատ վիճակի մասին պաշտոնական տվյալները:
«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանի խոսքով էլ ժամանակը եկել է արդեն մեկ առ մեկ խոսել ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլև առանձին մասնագետների մասին, որոնք պատասխանատու են բնապահպանական այս կամ խնդրի առաջացման համար: «Պետք է պատասխանատվության ենթարկել նաև այն միջազգային կառույցներին, որոնք գումար են տրամադրում պետական համապատասխան կառույցներին, իսկ վերջիններս դրանք ծախսում են անձնական նպատակների համար»,- եզրափակեց Արթուր Գրիգորյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

