ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆ ԱԶԳԱՅԻՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է
Արխիվ 12-16ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆ ԱԶԳԱՅԻՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է
Հուլիսի 16-ին հայերի համար հաղթանակի եւ հոգեւոր կենտրոններից մեկում`Սարդարապատում, նշվեց տոլմայի 4-րդ համահայկական փառատոնը, որտեղ հանրությանը ներկայացվեցին հայկական ավանդականի տոլմայից մինչեւ զանազան համեմունքներով եւ ձեւավորումներով պատրաստված տոլմաններ: Հայկական ավանդական երգ ու պարի ուղեկցությամբ մարդիկ շրջում էին ներկայացված 26 տաղավարներով եւ համտեսում հայկական համեղ ուտեստը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես, փառատոնի ժյուրիի կազմը ներկայացնում էին տարբեր ոլորտի ներկայացուցիչներ`մշակութային գործիչներից մինչեւ քաղաքական գործիչներ: Ժյուրիի անդամ Սվետլաննա Պողոսյանը «Իրավունքի» հետ զրույցում ողջունեց փառատոնի գաղափարը եւ անցկացման համար ընտրված հրաշալի միջավայրը. «Տոլման հայի ինքնության ցուցիչն է, այս ուտեստը մյուսներն էլ կարող են պատրաստել, սակայն այդ համային , տոնածիսական գործառույթները տարբեր են: Հայկական տոլման իր համային առանձնահատկությամբ տարբերվում է: Այն, ինչը մենք արդեն համտեսեցինք, պատրաստված էր հետաքրքիր ձեւով, սակայն կարեւորն այն է, որ պատրաստողները հավատարիմ են մնում ավանդական տոլմայի գաղափարին»,-նկատեց ՍՎԵՏԼԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Տոլմայի փառատոնը հնարավորություն է տալիս մարդկանց փորձելու իրենց հմտությունները խոհարարության մեջ եւ ստանալու գնահատականներ մասնագետներից : «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով`տարեցտարի ավելանում է փառատոնի մասնակիցների թիվը, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը կայացած է: «Հասարակությունը հասկանում է, որ սա հենց այնպես ուտել խմելու միջոցառում չէ,այլ մշակութային փառատոն է: Ազգային խոհանոցը հստակ մշակույթ է, որը համարվում է հայկական մշակույթի անբաժան մասը, այն ոչ նյութական ժառանգություն է: Մեր նպատակն այն է, որ մենք հասկանանք եւ գնահատենք մեր արժեքները: Եթե ինքներս ճանաչենք ու գնահատենք մեր ազգայինը, ապա օտարը չի կարող այն յուրացնել: Ուզում ենք ցույց տանք, որ ազգային խոհանոցը պաշտպանելու կարիք ունի, որը մեր ինքնության կարեւոր մի մասինկն է»,-փաստեց ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ եւ ուրախությամբ ընդգծեց, որ այդ ամենը մարդկանց կողմից ընկալվում է: Նրա փոխանցմամբ հաջորդ ազգային փառատոնը լինելու է «Նավասարդ եւ թոնրատոն» փառատոնը, որին կհետեւեն այլ փառատոններ եւս, որոնք տեղի են ունենալու Հայաստանի տարբեր մարզերում:
«The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, երգիչ –երգահան Անդրե Սիմոնյանը փառատոնի ընթացքում արդեն հասցրել էր փորձել գրեթե բոլոր տոլմաններից, սակայն խոստովանեց, որ նախապատվությունը տալիս է ավանդական ձեւով պատրաստված տոլմային: Կարեւորելով տոլմայի փառատոնը՝ երգիչն ավելացրեց, որ հայկական խոհանոցը հայկական մշակույթի կարեւորագույն բաժիններից մեկն է, իսկ տոլմա պատրաստելը գեղեցիկ արվեստ է, որի արդյունքը հիանալի համն է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

