ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միջազգային հարթակում հայկական ֆուտբոլի անմրցունակ լինելը եւս մեկ անգամ հաստատվեց, երբ հայկական թիմերը Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման փուլը հերթական անգամ չհաղթահարեցին: Հայաստանի ներքին առաջնության թիմերից, երիտասարդական հավաքականից մեծ սպասելիքներ ունենալն այս պահին հեքիաթի ժանրից է:
Արդյունքում`հայ ֆուտբոլասերների միակ հույսը դարձյալ Հայաստանի ազգային հավաքականն է: Ի դեպ, հուլիսի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը նահանջել է երեք աստիճանով եւ զբաղեցնում է 41-րդ տեղը. Բեռնար Շալանդի թիմն ունի 635 միավոր:
Սեպտեմբերի սկզբնամասում մեր ազգային հավաքականը սկսելու է Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումները: Այս անգամ էլ միայն ընտրական փուլով չսահմանափակվելու համար ազգային ընտրանին մի քանի խնդիրներ պետք է լուծի, որից առաջնայինը թերեւս թիմի կորիզի լավ մարզավիճակն է: Մեր ֆուտբոլիստներն արդեն սկսել են մարզվել իրենց ակումբներում եւ նախապատրաստվում են նոր մրցաշրջանին: Մինչ պաշտոնական խաղերը, կան մի շարք ստուգողական հանդիպումներ, որոնք էլ ցույց կտան, թե ֆուտբոլիստներն ինչ մարզավիճակում են:
Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին` նշենք, որ նա բավականին լավ է սկսել նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը: Մխիթարյանը նպաստել է ընկերական խաղում Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի ՙԲորուսիայի՚ կամային հաղթանակին. Յուրգեն Կլոպի թիմը հյուրընկալվելիս` 4:1 հաշվով առավելության է հասել Ռեգիոնալ լիգայում հանդես եկող ՙՀեսեն Կասելի՚ նկատմամբ: 46-րդ րոպեին փոխարինելով Յոյիչին` Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը թիմում խաղաժամանակի խնդիր չունի, ինչը թույլ է տալիս նրանից սպասել տպավորիչ խաղ նաեւ ազգային ընտրանու կազմում:
Եվս մեկ նվաճում կարելի է համարել Գեւորգ Ղազարյանի տեղափոխությունը հունական ՙՕլիմպիակոս՚, թեեւ նրան դեռ պետք է հաջողվի վաստակել իր տեղը թիմի հիմնական կազմում: Իսկ Արթուր Սարկիսովը ոչ միայն հասցրել է ստանալ իր խաղաժամանակը, այլեւ դառնալ գոլի հեղինակ, որը Sportbox-ի վարկածով ճանաչվել է լավագույնը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի երկրորդ տուրում:
Արազ Օզբիլիսի վնասվածքը թերեւս մնում է ամենալուրջ խնդիրը հավաքականում: Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականին հաճախ բաժին են հասնում ավելի քան բարդ մրցակիցներ, Օզբիլիսի տաքարյուն խաղի կարիքը թիմին ուղղակի անհրաժեշտ է: Յուրա Մովսիսյանի դեպքում բարեբախտաբար ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց. նա արդեն մարզվում է անհատական ծրագրով, եթե անգամ իր լավագույն մարզավիճակին չհասնի, մեկ է` հավաքականին անչափ կարեւոր շրջանում օգնել կկարողանա:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

