ՙՙՙՙՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՄ ՙՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ՚
Արխիվ 12-16ՙՈսկե Ծիրան՚ միջազգային 11-րդ կինոփառատոնի հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի շրջանակներում կայացավ կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԻ ՙՃանապարհի փիլիսոփաներ՚ ֆիլմի պրեմիերան: Ուշագրավ էր այն, որ ֆիլմի հերոսներն էին իրական վարորդները, ի դեպ, ո°չ ավել, ո°չ պակաս` Երեւանից, Գյումրիից, Կապանից, Գորիսից, Մոսկվայից, Պոդոլսկից, Բաթումիից, Թբիլիսիից, Սերբիայից: Ավելին` ֆիլմը նկարահանվել է 500 դրամանոց բյուջեով, հեռախոսով ու թաքնված տեսախցիկ տարբերակով, ինչից միայն շահել էր ֆիլմի բովանդակությունը, որին արդեն անդրադարձել է ՙԻրավունքը՚:
Այս անգամ պրեմիերայից հետո ՙԻրավունքը՚ Հ. Շատյանի հետ զրուցեց ֆիլմում առկա մի շարք հետաքրքրական դրվագների մասին:
- Շատյան, մեր նախորդ զրույցում, Դուք նշել էիք, որ ոչ բոլոր վարորդներին եք հասցրել տեղեկացնել, որ նրանք հայտնվել են ֆիլմում, ինչը կարող էր խնդիրներ առաջացնել իրենց կողմից: Մինչդեռ ֆիլմում տեսանք, որ նրանցից բացի լուրջ խնդիրներ կարող են լինել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի, ինչպես նաեւ ռուսական էստրադայի հին կաղնիների` Կաբզոնի կամ Ալլա Պուգաչովայի հետ, որոնց ֆիլմում անդրադառնում են մեր վարորդները:
- Վովա Գասպարյանի հետ խնդիր չի կարող լինել, որովհետեւ ոչ մի վատ բան չի ասում մեր ֆիլմի հերոսը նրա մասին, նույնիսկ ավելի լավն է ասում: Իսկ Կաբզոնի հետ կապված` իրականում ասվում է այն, ինչ որ կա, ու ես չեմ ուզում կեղծել: Ալլա Պուգաչովան էլ, դե, ռուսական էստրադայի լեդին է, չէ...
- Ի դեպ, ֆիլմի հերոսներից միայն Ձեր որդին` փոքրիկ Դավիթ Շատյանը նկատեց, որ նկարահանում եք իրեն:
- Դա հատուկ էր թողած իրականում, որ հենց միայն երեխան է նկատում, որովհետեւ միայն երեխան է նկատում այն, ինչ իսկապես պետք է նկատել, ոչ թե այն, ինչ քեզ է ձեռնտու: Միեւնույն ժամանակ, նա այնքան է սովորել, որ ես իրեն պետք է նկարեմ, որ միշտ էլ հարցնում է` պապ, նկարո±ւմ ես, թե` չէ: Բայց այս դեպքում այդ դրվագը հատուկ էր թողնված:
- Թեպետ ֆիլմում մեր դառը իրականությունն էր ներկայացված, սակայն այն շատ դրական նոտայով ավարտվեց` փոքրիկ Շատյանի լավատեսությամբ: Ի վերջո, մենք կարո±ղ ենք հույսներս դնել այդ դրականի վրա, թե վաղը փոքրիկն էլ կմեծանա ու կնմանվի ՙՃանապարհի փիլիսոփաներին՚:
- Հուսով եմ, որ վաղը Դավիթ Շատյանը չի մտածի այնպես, ինչպես վարորդները: Հիմա երեխան չգիտի` ինչը չի սիրում, եւ հուսով եմ, որ չի էլ իմանա: Այսինքն` մենք ամեն ինչ պետք է անենք, որ նա չտեսնի այս ամենը, միշտ էլ այդպես է, ասում ենք` ՙապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք՚: Եվ նույնիսկ այդ վարորդները, եթե մի բան չեն սիրում, կարող է ենթագիտակացաբար լինել, ոչ թե կոնկրետ պատճառով: Իհարկե, պետք է անել ամեն ինչ, որ երեխան այդպես էլ չիմանա, թե ինչ չի սիրում, թեպետ դա իդեալական տարբերակն է: Իսկ այդպիսի վերջաբան ընտրեցինք, որ այդ հույսը պահպանվի: Եվ սա կարեւոր է` մարդիկ պետք է հավատան, որ դեռ ապագա ունեն:
- Ինչ սպասելիքներ ունեք ՙՈսկե Ծիրանից՚:
- Ոչ մի սպասելիքներ չունեմ, կարեւոր նպատակն այն է, որ այս ֆիլմը դիտեն հնարավորինս ավելի շատ մարդիկ: Սա ամենամեծ հնարավորությունն է, որ ֆիլմը 10 կամ 100 հոգի ավել դիտի:
- Այսինքն` մեծ էկրաններին ֆիլմը չի մնա...
- Հայաստանում վավերագրական ֆիլմ դիտելու մշակույթ դեռ չի ձեւավորվել, իսկ ցուցադրություններ անելու համար ֆինանսներ են պետք: Բայց հուսով եմ` ուրիշ փառատոների մասնակցելուց հետո` մի քանի տարի անց ֆիլմի ինտերնետային տարբերակը կունենանք, եւ այդ ժամանակ այն կտեսնեն բոլորը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

