ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ Է ԳՆՈՒՄ
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ կարծում է, որ կառավարությունն աղանդների դեմ ցանկություն չունի պայքարելու:
Կառավարությունն ունի վարչություն` ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին, որը, չգիտես ինչու, դարձավ ՊՈԱԿ. ՙԱյդ վարչությունում չկան մասնագետներ, որոնք պետք է զբաղվեն կրոնական կառույցների խախտումներով: ՊՈԱԿ-ը միայն վիճակագրական հաշվետվություն է պատրաստում՚: Ամարյանի խոսքով` մինչ այժմ մենք անգամ չունենք հոգեւոր անվտանգության հայեցակարգ. ՙԱրդեն 3-րդ տարին է, որ ազգային անվտանգության խորհուրդը պատրաստում է այդ հայեցակարգը: ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծվեց աշխատանքային մի խումբ, բայց առ այսօր ոչ մի աշխատանք արված չէ՚: Ինչու է պետությունն այդքան պասիվ` քայքայիչ գործունեություն ծավալողների նկատմամբ: Ըստ Ամարյանի` հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեծ գումարներ են մտնում ՀՀ` այդ կառույցների անվամբ: Բացի այդ` կան կոռուպցիոն ռիսկեր, մասնավորապեսª որոշ պաշտոնյաներ ունեն, այսպես ասած, իրենց մասնաբաժինը: ՙԱվետարանական եկեղեցու գործունեության հետեւանքով տարեկան Հայաստան մտնում է 7 մլն դոլար գումար: Դրանից միայն 800.000 դոլարն է նշված կառավարության համապատասխան հանձնաժողովում: Մնացած 6 մլն 200.000 դոլարը չկա: Ճշտումներից հետո Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներն ասում են` մենք 5 մլն դոլարը տալիս ենք Արցախին, 2 մլն-ը` Հայաստանին: Պարզվում է` բարեգործություն անելու անվան տակ այդ գումարով Ավետարանչական ընկերակցությունը գույք է գնում, իսկ այդ գույքը պատկանում է ԱՄՆ-ում գործող Ավետարանչական եկեղեցու կառույցին՚,- մանրամասնեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավարը: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ