ՙՔԱՐՎԱՃԱՌԻ ՏԱՐԱԾՔ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ
Արխիվ 12-16ՔԱՐՎԱՃԱՌԻ ՏԱՐԱԾՔ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ
ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ
Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով` մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` օրերս Քարվաճառի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված:
Ինչպես նշեց նախարարը, միշտ էլ եղել են նման տեղեկություններ` Քարվաճառի տարածք հնարավոր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին. ՙՊաշտպանության բանակի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, եւ այդ միջոցառումների ընթացքում` համագործակցելով նաեւ ՆԳՆ-ի, ԱԱԾ-ի հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը եւ հետքերի հետեւից գնալով` հայտնաբերել էին այդ խմբի մեկ անդամի: Նրան հայտնաբերելուց հետո, մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցինք` հավելյալ անցակետեր, հավելյալ ստորաբաժանումներ նաեւ ուղարկվեց այդ հատված, եւ բացահայտվեցին բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում: Այդ միջոցառումների ընթացքում նաեւ որոշակի մտավախություն կար ազգաբնակչության մոտ, մանավանդ որ նախնական տվյալներով` կա տեղեկատվություն, որ տասնյոթ տարեկան ԼՂՀ քաղաքացու սպանության մեջ նաեւ կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել՚: Ապա Ս. Օհանյանը վստահեցրեց. ՙԱյսօր ՊԲ հրամանատարությունը համապատասխան խնդիրներ է իրականացնում` հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու եւ նաեւ ականապատման միջոցառումներ իրականցնելու ուղղությամբ, նաեւ ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն իրոք իր առջեւ դրված խնդիրները լուծում է՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

