«ԱՓՍՈՍ՝ ՏՈԼՄԱՅԻ ՀԱՄՏԵՍՄԱՆԸ ՕՂԻ ՄԻԱՑՆԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ…». «ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ» 2014
Արխիվ 12-16«ԱՓՍՈՍ՝ ՏՈԼՄԱՅԻ ՀԱՄՏԵՍՄԱՆԸ ՕՂԻ ՄԻԱՑՆԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ…». «ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ» 2014
Խոհանոցային հնարքներին տիրապետելն ամենքին չէ, որ տրված է. «ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ» համեղության ու թարմ մտքերի, խոհանոցային երևակայական թռիչքի համար հրաշալ միջոց է՝ միևնույն ճաշատեսակը ստանում է այդքան տարբեր համային գունավորումներ՝ պաղպաղակով տոլմա, քունջութով տոլմա, դարչինով տոլմա, տոլմա, որը երեսպատված է նռան շիրայից պատրաստված շերտով, խեցգետնի ու ձկան մսով, ձմերուկով տոլմա, գառան միսը փաթաթաված կարմիր կաղամբով …
Սարդարապատն իր հյուրընկալ հարկի տակ ազգային երգ-երաժշտության ու պարի ուղեկցությամբ հյուրընկալել էր թե՛ հայկական խոհանոցը գնահատող հայերին, թե՛ օտարերկրացիներին, ովքեր անհագորեն վայելում էին մեր տոլման:
«Շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ, ինձ շատ դուր է գալիս նայել՝ ինչպես են մարդիկ բարի գործով օգնում մշակույթի զարգացմանը և ազգային դիմագծի պահպանմանը: Մեր ազգային խոհանոցը ևս հարուստ է, բայց ձեզ մոտ մի տեսակ ավելի տաք է ու ջերմ, տոլման էլ՝ շատ համեղ»,- ասում է Կորեայից ժամանած ԱՍԵԼ ՈՒՄԵՏՈՎԱՆ՝ շնորհակալություն հայտնելով ընկերուհուն, ում հրավերով ինքը ներկա էր փառատոնին:
Փառատոնին մասնակից 22 տաղավարների մրցութային ուտեստները գնահատվում էր ժյուրի կազմի կողմից.
«Ափսոս՝ ժյուրի ենք. այս համեղ ճաշկերույթին, տոլմայի համտեսմանը օղի միացնել չենք կարող»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ, ով ժյուրիի այն խստապահանջ անդամներից է, ում համար կարևոր է նաև ուտեստի արտաքին տեսքը.«Ինչքան էլ ուտող-խմող ազգ ենք, բայց ուտեստ ճաշակելը ուղղակի կենսաբանություն չէ, այ դրա հաջորդն է կենսաբանություն, ուստի պետք չէ նույն արժեքով մոտենալ: Ուտելիս գեղեցիկն է նախընտրելի»:
Մասնակիցները կարողացան նաև զարմացնել ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, ով, իբրև ոչ պակաս համեղ տոլմա պատրաստող, հիացած էր թե՛ ավանդական, թե՛ տոլմաների ամենաէկզոտիկ տեսակներով. «Ասեմ նաև, որ գնահատում եմ, երբ տոլմայի միսը ծեծած է լինում, ոչ թե աղացած կամ կտրատած՝ և՛ ավելի համեղ է ստացվում, և՛ մարսողության համար է նախընտրելի»:
«Ուրախ եմ փառատոնի համար, այն շարժը, որ ուղղված է հայկական մշակույթի տարածմանն ի նպաստ, ինձ համար շատ կարևոր է և գնահատելի: Հայկական տոլմա շատ եմ սիրում, հատկապես կնոջս ու մայրիկիս պատրաստածը, մեր իրականության մեջ՝ ըստ տարածաշրջանների, այն, իսկապես, պատրաստման բազմազանություն ունի»,- ավելացնում է ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ՄՐՈՆ):
Ժյուրիի քաղաքական կողմն ապահովող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ «Տոլմայի փառատոնում» նախևառաջ արժևորում է մեր ազգային արժեքներն այս ճանապարհով գովազդելու, փառաբանելու, արժևորելու, օտարի ճանկերից փրկելու միտումը: «Մեր անգամ ամենափոքր թերացումը հարևաններն ի նպաստ իրենց են օգտագործում, նույնիսկ տիպիկ ազգայինն են զավթում, ինչպես փորձեցին անել մածունի պարագայում: Պետք է ամուր պահել մեր հայակականը, հատկապես տոլմայի պարագայում, որն ունի ավելի քան 4-5 հազար տարվա պատմություն: Ի դեպ, «ուդուլի» բառը գալիս է ուրարտերենից և կազմվել է «տոլմայի» տառադասումից»:
Իսկ հայկական տոլմա՞, թե՞ վրացական խինկալի բարդ ընտրության առաջ հայտնվելով՝ պարոն ԹՈՐՈՍՅԱՆԸ չկարողացավ որևէ մեկն առավել բարձր դասել, ասելով միայն, որ ազգային համեմունքներով համեմված ցանկացած ուտեստ բոլոր պարագայում էլ գնահատելի է ու համեղ:
«ԻՐԱՎՈՒՆՔԸ » զրուցեց նաև միջոցառման հաղորդավար ԺԱԿԻ հետ, ով արդեն մի քանի անգամ ներկայացել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ աշխատանքով. «Համագործակցությունս այս թիմի հետ մարդկային որակների վրա է հիմնված. պարոն ՄԱՄՈՒԼՅԱՆԻ հետ առաջին իսկ ծանոթությունից մեծ բավականություն ստացա՝ որպես հայ մարդու, մտածող ու կազմակերպչական ջիղ ունեցողի: Եվ, ի վերջո, ցանկացած պատմական երևույթ, առարկա շարունակում է կյանք ունենալ, քանի դեռ նրան ապրեցնում են սերունդներն ու տվյալ ժամանակում ապրողները: Ողջունելի է նաև տարբեր տարածաշրջանների շնորհալիների, մշակույթի գործիչների ելույթները: Սա հերթական, շարքային էստրադային միջոցառումներից չէ, այստեղ ես էլ եմ համակվում ընտանեկան, հայկական մթնոլորտով…»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

