ԳՈՒՆԱՎՈՐ ՔԱՂԱՔԻ ԴԵՄՔՆ ՈՒ ԱՆԴԵՄՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԳՈՒՆԱՎՈՐ ՔԱՂԱՔԻ ԴԵՄՔՆ ՈՒ ԱՆԴԵՄՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքն ապրում է, շարժվում, սպառում ու սպառվում: Ամեն անկյունում մի նոր գունավոր վահանակ է, նոր մտքի թռիչք ու նոր առաջարկ: Փողոցները տեղեկացնում են, հայտարարում ու վաճառում: Նայիր քաղաքի վերևից, քայլիր մայթերով կամ կանգնիր կանգառում: Նկատե՞լ եք՝ որքան շատ է տեղեկատվությունը, որքան շատ է վաճառքը՝ բաց երկնքի տակ:
Այսօր, երբ գովազդը հասել է տեսանելիության գրեթե բոլոր շերտեր, մենք չենք էլ մտածում թե որտեղից են նրանք ծնվում ու ինչ նպատակ են հետապնդում: Փողոցի անկենդան վահանակներն արդեն հոգնեցնող են. աչքն արդեն սովոր է, ու չի նկատում նույնաիտպ վահանակները: Մարդկության պատմության հետ գովազդն էվոլյուցիա ապրեց. փոխվեցին սպառողների կարիքները, ընկերության նպատակներն ու մատուցվող ապրանքների ծավալները, ընդարձակվեցին հնարավորություններն ու տարածման սահմանները: Եվ հասարակական կյանքում հայտնվեց շարժական գովազդը` ապահովելով տեսանելիության մի նոր մակարդակ.
«Ամբողջ աշխարհում է հայտնի շարժական գովազդի արդյունավետությունը: Շարժական գովազդը համարվում է այլընտրանքային գովազդային միջոց, որը մեր իրականության մեջ էլ արդյունավետության առումով իր ամուր դիրքերն ունի: Այդ ոլորտի ամենամեծ նորամուծությունը կրեատիվությունն է. այսօր հասրակության պահանջները օրեցօր ավելի են խստանում, աչքն ուզում է ավելին տեսնել քան կա, հետևաբար` պահանջ է առաջանում հետաքրքիր լուծումներ տալ ցանկացած գովազդի: Միանշանակ ակնհայտ է, որ ոչ բոլոր գովազդային կրիչներն ունեն այդ հնարավորությունները, իսկ հասարակական տրանսպորտը, շնորհիվ իր յուրահատկությունների և ծավալների, կարողանում է ապահովել նման լուծումներն ու կրեատիվության դրսևորման հնարավորություն տալ»,- մեզ հետ զրույցում նշեց շարժական գովազդի փորձագետ Արտակ Համբարձումյանը:
Հաճախ՝ անգամ չենք էլ նկատում, թե որտեղից ենք իմանում այս կամ այն կազմակերպության գործունեության մասին: Բայց երբ անտարբեր հայացքով, ականջակալներով կամ գիրքը ծնկներին սեղմած մի պահ նայում ենք երթուղայինից դուրս, մեզնից անկախ կարդում ենք ավտոբուսների վրա գրված գեղեցիկ արտահայտությունները, տեսնում ենք հսկայական պատկերներն ու մեծ գովազդային պոստեռները: Մենք դա տեսնում ենք, ուզենք, թե՝ ոչ: Մեր կամքից անկախ է ինֆորմացիան հասնում մեր ենթագիտակցություն, մեզանից անկախ էլ այն վերլուծում ենք գիտակցականում:

