ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
Արխիվ 12-16ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայ Ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, Արմեն Միքայելյանի հայցն ընդդեմ հայասատանյան ավետարանչական ընկերակցության: Դատական այսօրվա նիստում հայցվոր կողմը` վերապատմելի Արմեն Միքայելյանը, հիմնական շեշտադրումը կատարեց այն որոշման վրա, ըստ որի` Արագածոտնի մարզում գործող Ավետարանչական ընկերակցության գրասենյակը (որի պատասխանատուն եղել է Միքայելյանը) արդյունավետ չի աշխատել, որի պատճառով էլ դադարեցվել է դրա ֆինանսավորումը: Ա.Միքայելյանը պահանջեց պատասխանող կողմից մանրամասնել` ինչ ասել է` գրասենակի անարդյունավետ աշխատանք, որտե՞ղ է երևում այդ անարդյունավետությունը: Պատասխանող կողմի փաստաբանները, հղում անելով աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթները, ասացին, որ գործատուն պարտավոր չէ նման մանրամասներով հանդես գալ:
Արմեն Միքայելյանի բարձրացրած մյուս խնդիրը վերաբերում էր իրեն հովվի կոչումից կարգալույծ անելուն: Կարգալույծ անելու որոշման մեջ նշվում է`հովիվը գաղտնապահության ուխտն է դրժել, միտումնավոր տարածել է ապատեղեկատվություն ՀԱԵ-ի հասցեին: «Ես չեմ հասկանում` ինչ ուխտ դրժելու մասին է խոսքը, ես ինչ է, երդո՞ւմ եմ տվել, պրիսյա՞կ եմ ընդունել, որ ինչ-որ բան դրժեմ կամ չդրժեմ»,- վրդովված ասաց Միքայելյանը:
Հայցվոր կողմի ներկայացրած երրորդ խնդիրը վերաբերում էր իրեն և 15 աշխատակցի աշխատանքից ազատելուն: Միքայելյանը պնդում է, որ թեև իրենց աշխատանքից ազատման դիմումներում նշված է աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը (Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ), սակայն այդ հոդվածի անվան տակ իրենց ազատել են հայացքների ու տեսակետների արտահայտման համար, որը նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ կետն է:
Արդյոք գործատուն` հայ ավետարանչական ընկերակցությունն իրենց աշխատակիցներին նրանց համոզմունքների ու տեսակետների համար` սա դատարանի որոշմամբ պետք է ապացուցի հայցվոր կողմը: քանի որ վերջինս ուներ ապացույցներ, որոնք այս դատական նիստում չէր կարող ներկայացնել, դատական նիստը հետաձգվեց: Այն նշանակվեց հոկտեմբերի 7-ին ժամը 15:00-ին, իսկ մինչև օգոստոսի 29-ը հայցվոր կողմը թե դատարանին, թե պատասխանող կողմին պետք է ներկայացնի գործին առնչվող բոլոր այն ապացույցները, որոնք մինչ այդ դատարանում չի ներկայացրել:
Դատական այս գործընթացում հետաքրքիրն այն է, որ պատասխանող կողմի շահերը պաշտպանող փաստաբաններից երկուսին այսօրվա դատական նիստում ավելացավ ևս մեկը: Որքան էլ զարմանալի թվա, երրորդ փաստաբանը արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանն է:
«Իրավունքի» հարցին`ինչու է Օրբելյանը պաշտպանում հայ ավետարանանական եկեղեցու շահերը, երբ եղել են հրապարակումներ այն մասին, որ ավետարանական եկեղեցին հոգեորսությամբ է զբաղվում` դրանով իսկ կրոնական կառույցից վերածվելով աղանդավորական կազմակերպության, լսեցինք հետևյալ պատասխանը. «Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ: Փաստաբանը գործեր ընտրելիս որևէ դիսկրիմինացիա կրոնական հավատի հարցերով իրավունք չունի իրականացնել: Գործի ավարտից հետո խնդրեմ, քննարկենք ցանկացած հարց»:
Եթե նման պատասխան հնչեցներ նախկինում Արդարադատության փոխնախարարի պաշտոնը չզբաղեցնող մեկը, գուցե գնահատական չտայինք, բայց քանի որ Օրբելյանը զբաղեցրել է այդ պաշտոնը, ապա այդքան էլ պատահական չէ նման պատասխանը: Դեռևս փոխնախարարի պաշտոնին եղած ժամանակ Օրբելյանը լրատվամիջոցներից մեկի այն հարցին` արդյոք Միացյալ երիտասարդական լիգան հայտարարությունը, թե շատ աղանդավորներ աշխատում են արդարադատության նախարարությունում ու քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունում, իրականությանը համապատասխանում է Ա. Օրբելյանն ասել էր. «նախարարությունը չի պատրաստվում պարզել իր աշխատակիցների կրոնական պատկանելությունը»: Փաստորեն, ժամանակը ցույց տվեց, որ լավ հաշվարկված և «հեռանկարային» պատասխան էր, պրն Օրբելյան: Վառ ապացույցը Ձեր այսօրվա գործունեությունն է…
Արամ Օրբելյանը` Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

