ՆԱՆԱՅԻ ԵՎ ՍԱՐՈՅԻ «ԿԱՐՈՏԸ» ԿՎԵՐԱԾՎԻ ՓՈՔՐԻԿ ՖԻԼՄԻ
Արխիվ 12-16ՆԱՆԱՅԻ ԵՎ ՍԱՐՈՅԻ «ԿԱՐՈՏԸ» ԿՎԵՐԱԾՎԻ ՓՈՔՐԻԿ ՖԻԼՄԻ
Ամառվա տապը չխանգարեց երգչուհի Նանային եւ երգիչ Սարո Թովմասյանին, որպեսզի հանրությանը մի նոր անակնկալ մատուցեն` «Կարոտ» զուգերգի տեսահոլովակի տեսքով: Լինելով նկարահանման վայրում` «Իրավունքը» զրուցեց այս գաղափարի մասնակիցների հետ:
«ՎՍՏԱՀ ԵՄ` ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՎԱՆԻ ԱՅՍ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ»
Տեսահոլովակի եւ զուգերգի գաղափարի շուրջ համախմբված թիմի մասին երգչուհի ՆԱՆԱՆ նշեց.
- Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Արամ Անտոնյանն է: Երգը լսելուն պես, շատ հավանեցի ու ցանկացա կատարել, բայց այս անգամ զուգերգի տարբերակով` Սարոյի հետ: Ինքս առաջարկեցի Սարոյին, որովհետեւ նա ինձ համար տաղանդաշատ երգիչ է, շատ
հզոր ձայնային տվյալներով, որ Հայաստանում, կարելի է ասել, քիչ կա: Ինչ վերաբերում է տեսահոլովակին, կրկին ինքս ցանկացա, որպեսզի Անի Երանյանի հետ աշխատենք, ով ինձ համար շատ թանկ մարդ է: Անին շատ տաղանդավոր դերասանուհի եւ երգչուհի է, բայց ցանկացա այս անգամ նրան տեսնել լավագույն ռեժիսորի կերպարում: Համոզված եմ, որ թեպետ, որպես ռեժիսոր, սա նրա առաջին աշխատանքն է, բայց նա ունի փայլուն ապագա ու վստահ եմ` ժողովուրդը կհավանի այս տեսահոլովակը:
- Տեսահոլովակը ու երգի բովանդակությունը կորցրած սիրո մասին է եւ մեր ժողովուրդը սիրում է դա վերագրել հենց կատարողներին` երգչին կամ երգչուհուն, իսկ իրականում սա որեւէ կապ ունի՞ Ձեր կամ Սարոյի անձնական կյանքի հետ:
- Միգուցե երգի հեղինակ Արման Անտոնյանի հետ կապ ունի, բայց, փառք Աստծո, ինձ հետ կապ չունի, ոչ էլ Սարոյի կյանքում կա նման բան: Սարոն ինձ համար լավ ընկեր է, լավ եղբայր, նաեւ իմ հարեւանն է, որին շատ հարգում եւ սիրում եմ, բայց այս տեսահոլովակը մեր անձնական կյանքի հետ բացարձակ կապ չունի:
- Տեսահոլովակի պրեմիերայից հետո` ի՞նչ սկանդալներ կամ բամբասանքներ կարող են լինել:
- Դե կսկսեն բամբասել` ասելով, որ ես ու Սարոն սիրում ենք իրար կամ սիրեկաններ ենք, որը ծիծաղելի կլինի ու ցանկալի է, որ նման խոսակցություններ չլինեն, որովհետեւ կրկնում եմ` Սարոն իմ
եղբայրն է, եւ մենք պարզապես երգ ենք կատարում ու տեսահոլովակում շատ գեղեցիկ խաղում ենք:
-Վերջերս նորաձեւ է դարձել, որ մեր երգիչ-երգչուհիները իրենց տեսահոլովակները նկարահանում են արտասահմանում: Մինչդեռ Դուք լինելով շատ հաճախ արտասահմանում` որոշեցիք հայրենիքում նկարահանել: Ինչո՞վ է պայմանավորված:
- Պարզապես, հայրենիքում ամեն ինչ ստանում ենք ավելի բարձր որակի, որովհետեւ այստեղ ամեն ինչ ավելի հեշտ է տրվում, քան դրսում: Դրսում, ավելի թանկ է տեսահոլովակ նկարահանելը ու արդյունքն էլ անորակ:
- Արդյո՞ք Նանան չի հոգնել սիրո մասին երգելուց:
- Ոչ, սերը դա Աստված է: Կարող ես սիրո մասին անդադար երգել` սիրած էակի, ծնողի, հայրենիքի սիրո…կապ չունի, կարեւորը, որ լինի սեր:
«ՆԱՆԱՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐՈՂ Է ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԴԱՌՆԱԼ»
Տեսահոլովակի ռեժիսոր, դերասանուհի ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆՆ էլ վստահեցրեց.
-Նանան ասաց, որ ուզում է այնպիսի մի տեսահոլովակ, որն առասարակ կտարբերվի: Ես էլ իմ հնարավորությունների չափով
փորձեցի գեղեցիկ տեսահոլովակ ստանալ: Այնպես որ, համոզված եմ` այն, ինչ որ մենք պատկերացրել ենք, ես կստանամ:
- Հետաքրքիր է, որքանո՞վ է բարդ Նանայի եւ Սարոյի հետ աշխատելը:
- Անկեղծ ասած, ինձ թվում էր` ահավոր բարդ կլինի, բայց, եթե ճիշտն ասեմ, այնքան հեշտ եղավ եւ իմ պատկերացրածից շատ ավելի լավ: Սա կոնկրետ Սարոյի մասին եմ ասում, իսկ Նանան նույնիսկ կարող է դերասանուհի դառնալ:
- Դուք երկու փորձն էլ ունեք` տեսախցիկի առա՞ջ է հեշտ աշխատել, թե՞ տեսախցիկի հետեւում:
- Որպես դերասանուհի`մի քիչ ավելի թեթեւ է աշխատելը, քանի որ քո պարտականություններն այնքան էլ շատ չեն: Իսկ ռեժիսորական աշխատանքն ավելի դժվար է: Օրինակ, մենք տեսահոլովակի համար կարող ենք ժամերով լույս դնել, որ ստանանք ընդամենը մի վայրկյանանոց կադր, ինչը մեր ուզածը կլինի:
- Անի, քանի որ տեսահոլովակը սիրո մասին է, բաց տեսարաններ հնարավո՞ր է լինեն…
- Մեզ մոտ գռեհիկ ոչինչ չի կարող լինել, եթե անգամ բաց տեսարան լիներ, դա կլիներ էսթետիկ եւ գեղեցիկ:
- Այսինքն` հանդիսատեսը սկանդալային որեւէ բան չի՞ գտնի տեսահոլովակում:
- Իհարկե, թեպետ մեր հանդիսատեսը այնպիսին է, որ անպայման մի սկանդալ կգտնի, ես համոզված եմ: Բայց Նանայի համար պատրաստ եմ այդ սկանդալին:
- Հնարավո՞ր է, որ Ձեր ռեժիսորական գործունեությունը այս համագործակցությունից հետո շարունակական լինի:
- Ոչինչ չեմ բացառում, բայց ասեմ, որ ես կտրականապես դեմ էի… Բայց այնպես ստացվեց, որ ես էլ ցանկացա նկարահանել այս տեսահոլովակը, հետո բոլորս ցանկացանք ու արդյունքում ծնվում է մի գեղեցիկ տեսահոլովակ:
«ԴԺՎԱՐ, ԹԵ ՄԵԶ ԻՐԱՐ ՀԵՏ ԱՄՈՒՍՆԱՑՆԵՆ»
Ի դեպ, տեսահոլովակում հերոսուհու` Նանայի ամուսնու կերպարը կմարմնավորի դերասան ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ, ով «Իրավունքի» հետ զրույցում ասաց.
-Նանան իմ մտերիմ ընկերներից է, ինչպես նաեւ Սարոն: Ընկերական լավ միջավայրում որոշվեց, որ կարելի է իրար հետ համագործակցել:
- Կարեն, մեր ազգը սիրում է տեսահոլովակի հերոսներին իրականում էլ «ամուսնացնել», այս դեպքում կա՞ այդպիսի մտավախություն:
- Իհարկե, չկա մտավախություն, դժվար, թե մեզ իրար հետ ամուսնացնեն, կարծում եմ` որ չի լինի այդպիսի բան, միայն` տեսահոլովակով:
- Իսկ սա առաջի՞ն տեսահոլովակն է որտեղ նկարահանվում եք:
- Ոչ, Քրիստինե Պեպելյանի «Մեծ սեր» տեսահոլովակում էլ եմ նկարահանվել, այժմ էլ նկարահանվում եմ «Անցյալի ստվերներ» հեռուստասերիալում:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Լուսանկարները` ՀԱՅԿ ՍԵՐՈԲՅԱՆԻ

