«ՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՄ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»
Արխիվ 12-16«ՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՄ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»
«Ոսկե Ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի շրջանակներում կայացավ կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԻ «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմի պրեմիերան (պրոդյուսեր` Գրիգոր Հայրապետյան): Ուշագրավ էր այն, որ ֆիլմի հերոսներն էին իրական վարորդները, ի դեպ, ո՛չ ավել, ո՛չ պակաս` Երեւանից, Գյումրիից, Կապանից, Գորիսից, Մոսկվայից, Պոդոլսկից, Բաթումիից, Թբիլիսիից, Սերբիայից: Ավելին` ֆիլմը նկարահանվել է 500 դրամանոց բյուջեով, բջջային հեռախոսով ու թաքնված տեսախցիկ տարբերակով, ինչից միայն շահել էր ֆիլմի բովանդակությունը, որին արդեն անդրադարձել է «Իրավունքը»: Այս անգամ պրեմիերայից հետո «Իրավունքը» Հ. Շատյանի հետ զրուցեց ֆիլմում առկա մի շարք հետաքրքրական դրվագների մասին:
- Շատյան, մեր նախորդ զրույցում, Դուք նշել էիք, որ ոչ բոլոր վարորդներին եք հասցրել տեղեկացնել, որ նրանք հայտնվել են ֆիլմում, ինչը կարող էր խնդիրներ առաջացնել իրենց կողմից: Մինչդեռ ֆիլմում տեսանք, որ նրանցից բացի լուրջ խնդիրներ կարող են լինել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի, ինչպես նաեւ ռուսական էստրադայի հին կաղնիների` Կաբզոնի կամ Ալլա Պուգաչովայի հետ, որոնց ֆիլմում անդրադառնում են մեր վարորդները:
- Վովա Գասպարյանի հետ խնդիր չի կարող լինել, որովհետեւ ոչ մի վատ բան չի ասում մեր ֆիլմի հերոսը նրա մասին, նույնիսկ ավելի լավն է ասում: Իսկ Կաբզոնի հետ կապված` իրականում ասվում է այն, ինչ որ կա, ու ես չեմ ուզում կեղծել: Ալլա Պուգաչովան էլ, դե, ռուսական էստրադայի լեդին է, չէ՞...
- Տիտրերում աստղանիշներով էր գրված, թե ռուսական էստրադայի ինչն է նա (ծիծաղում են հեղինակն ու Հ.Շատյանը):
- Չէ, չեմ կարծում, ավելի շատ փոխաբերական իմաստով կարելի է հասկանալ:
- Ի դեպ, ֆիլմի հերոսներից միայն Ձեր որդին` փոքրիկ Դավիթ Շատյանը նկատեց, որ նկարահանում եք իրեն:
- Դա հատուկ էր թողած իրականում, որ հենց միայն երեխան է նկատում, որովհետեւ միայն երեխան է նկատում այն, ինչ իսկապես պետք է նկատել, ոչ թե այն, ինչ քեզ է ձեռնտու: Միեւնույն ժամանակ, նա այնքան է սովորել, որ ես իրեն պետք է նկարեմ, որ միշտ էլ հարցնում է` պապ, նկարո՞ւմ ես, թե` չէ: Բայց այս դեպքում այդ դրվագը հատուկ էր թողնված:
- Բառապաշարի առումով` ֆիլմում ցույց էր տրված, որ միայն մեր վարորդների մոտ չէ ձեւավորված «ախպեր-արա» խոսելաոճը, բացի այդ, տարբեր երկրներում վարորդները նույն խնդիրներն էին արծարծում: Փաստորեն, դա ցույց տալով` փորձում էիք մխիթարե՞լ հայ հանդիսատեսին:
- Հենց ցանկացել եմ` հանդիսատեսը դա զգա, որ միայն մենք չենք պրոբլեմի մեջ: Օրինակ, հենց 90-ական թվականներին, երբ ոչ ոք լույս չուներ, բոլորն ավելի հանգիստ էին դա տանում: Իսկ երբ այսօր մեկի լույսն անջատում են, այնպես է խառնվում իրար, որ իր համար տառապանք է դառնում: Բայց երբ դու գիտես, որ քո պես էլի մարդիկ կան, գոնե մխիթարվում ես ու ըստ այդմ էլ սկսում քայլեր անել` լավ լինելու համար, ոչ թե ասել` թե մեր երկիրն ամենավատն է: Ոչ, մեր երկիրը լավերից մեկն է: Ուղղակի, մենք չենք տեսնում այն, ինչ ուրիշ տեղ է կատարվում:
- Թեպետ ֆիլմում մեր դառը իրականությունն էր ներկայացված, սակայն այն շատ դրական նոտայով ավարտվեց` փոքրիկ Շատյանի լավատեսությամբ: Ի վերջո, մենք կարո՞ղ ենք հույսներս դնել այդ դրականի վրա, թե վաղը փոքրիկն էլ կմեծանա ու կնմանվի «Ճանապարհի փիլիսոփաներին»:
- Հուսով եմ, որ վաղը Դավիթ Շատյանը չի մտածի այնպես, ինչպես վարորդները: Հիմա երեխան չգիտի` ինչը չի սիրում, եւ
հուսով եմ, որ չի էլ իմանա: Այսինքն` մենք ամեն ինչ պետք է անենք, որ նա չտեսնի այս ամենը, միշտ էլ այդպես է, ասում ենք` «ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Եվ նույնիսկ այդ վարորդները, եթե մի բան չեն սիրում, կարող է ենթագիտակացաբար լինել, ոչ թե կոնկրետ պատճառով: Իհարկե, պետք է անել ամեն ինչ, որ երեխան այդպես էլ չիմանա, թե ինչ չի սիրում, թեպետ դա իդեալական տարբերակն է: Իսկ այդպիսի վերջաբան ընտրեցինք, որ այդ հույսը պահպանվի: Եվ սա կարեւոր է` մարդիկ պետք է հավատան, որ դեռ ապագա ունեն:
- Ի՞նչ սպասելիքներ ունեք «Ոսկե Ծիրանից»:
- Ոչ մի սպասելիքներ չունեմ, կարեւոր նպատակն այն է, որ այս ֆիլմը դիտեն հնարավորինս ավելի շատ մարդիկ: Սա ամենամեծ հնարավորությունն է, որ ֆիլմը 10 կամ 100 հոգի ավել դիտի:
- Այսինքն` մեծ էկրաններին ֆիլմը չի՞ մնա...
- Հայաստանում վավերագրական ֆիլմ դիտելու մշակույթ դեռ չի ձեւավորվել, իսկ ցուցադրություններ անելու համար ֆինանսներ են պետք: Բայց հուսով եմ` ուրիշ փառատոների մասնակցելուց հետո` մի քանի տարի անց ֆիլմի ինտերնետային տարբերակը կունենանք, եւ այդ ժամանակ այն կտեսնեն բոլորը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

