ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԻՆԸ ԴՍՏԵՐ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԲՈՒՅԺ, ՏԱՆ ՀԱՄԱՐ ԷԼ ՍԱՌՆԱՐԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԻՆԸ ԴՍՏԵՐ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԲՈՒՅԺ, ՏԱՆ ՀԱՄԱՐ ԷԼ ՍԱՌՆԱՐԱՆ Է
ԽՆԴՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վագիֆ Ավետիսյանը մեկն է այն ազատամարտիկներից, ում համար հայրենիքը թանկ էր ամեն ինչից: Հայրենասեր, նվիրյալ, համեստ, իսկական «Արաբո»-ական էր` հիշում են ազատամարտիկի մարտական ընկերները:
Վ. Ավետիսյանը ՀԱԲ-ի հիմնադիրներից է,1990-ից անդամագրվել է «Արաբո» ջոկատին և մինչ արցախյան ազատամարտի ավարտը եղել է մարտի դաշտում: 1995-1997 թթ-ը «Արաբո» ջոկատի անդամների հետ հալածվել է այն ժամանակվա իշխանությունների կողմից:1997 թ-ի վերջերին բանտից դուրս գալուց հետո ազատամարտիկը երկար չապրեց. իր մահկանացուն կնքեց 2000 թ-ին:
Նոր Արեշում բնակվող Վագիֆ Ավետիսյանի ընտանիքը, ինչպես ականատես եղավ «Իրավունքի» թղթակիցը, ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Ինչպես մեզ պատմեց ազատամարտիկի կինը` տիկին Աննան, ապրում են աղջկա`հոգեկան խնդիրներ ունեցող 33-ամյա Ծաղիկի թոշակով: «Սթրեսներից ու դեպրեսիաներից, իսկ ավելի կոնկրետ տղայիս մահվանից հետո աղջիկս հիվանդացավ. անընդհատ ասում է`պապայիս եմ ուզում»,- ասում է ազատամարտիկի կինը:
Դուստրը մի քանի օր եղել է Ավանի հոգեբուժարանում, սակայն մայրն անտեղից դուրս է բերել աղջկան, քանի որ իր խոսքերով դեղերը բացասական են ազդել Ծաղիկի առողջության վրա: «Ես խնդրում եմ մի կարգին հոգեբույժ տրամադրեն աղջկաս, որ գա մեր տուն, խոսի դստերս հետ»,- հուզված ասաց մայրը:
Առողջական խնդիրներով, սակայն, այս ամենը չի ավարտվում: Ամռան այս տապին տիկին Աննան չգիտի`մթերքները որտեղ պահի. «Սառնարանս չի աշխատում, չգիտեմ ինչ անեմ, բերեցի 7000 դրամ սարքել տվեցի, սակայն նորից փչացավ»:
Սառնարան չունենալուց զատ`բաղնիք, զուգարան էլ գրեթե չկա: Տանիք էլ որպես այդպիսին ևս գոյություն չունի. փայտերին ամրացված մի քանի թիթեղներով և դրանց տակ տարաներ դնելով` կինը փորձում է տունը պաշտպանել անձրևաջրերից: Ամռանն էլ էլեկտրաէներգիա չի օգտագործում` արևով ջուրը տաքացնելով` լուծում է կենցաղային հարցերը:
Կյանքի հարվածները, սակայն, կոփել են տիկին Աննային, ստիպել ամենավատ իրավիճակից ելքեր գտնել: Չնայած առկա դժվարություններին` ազատամարտիկը կինը լավատես է, հույսն աստծու և բարի մարդկանց վրա դրած` հավատում է`մի օր էլ իրենց առաջ դուռ կբացվի:
Մանրամասները` տեսանյութերում:









ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

