ՎԱԽԿՈՏ ՈՒ ՓԱԽՉՈՂ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԵՏՔ ՉԷ
Արխիվ 12-16ՎԱԽԿՈՏ ՈՒ ՓԱԽՉՈՂ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ
ՈՉ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԵՏՔ ՉԷ
Օրերս մամուլը հեռուստասերիալային դերասան Լեւս Դավթյանի, իրենից առաջ Սեպուհ Ապիկյանի (եւ այս շարքը շարունակական է) հետ ողբում էր, թե վերջիններս պատրաստվում են արտագաղթել հայրենիքից: Իրականում կարտագաղթեն, թե` ոչ, սա հարցի մյուս կողմն է, բայց հանրությանը «հաթաթա» տալ ու սպառնալ, որ կարտագաղթեմ, ապսուրդի ժանրից է: Այս արտագաղթողների ու իրենց անվան շուրջ գոնե դրանով հետաքրքրություն առաջացնողների վերաբերյալ, վերջերս շատ տեղին համեմատություն արեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ պ.գ.թ. ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. «1915 թվականի ապրիլի 24-ին թուրքը կոտորեց մտավորականության այն զգալի հատվածին, որոնք Եվրոպայից թողեցին ու հետ եկան: Նրանցից հայ բանաստեղծ Ռուբեն Սեւակը հետ է եկել 1915 թվին:
Այս մասին նա նշել է, թե իրեն ասում էին` ինչի՞ ես գնում, քանի որ արդեն սկսվել էր ջարդը: Բայց Ռ.Սեւակը պատասխանել է.«Բա ժողովրդիս կողքը չլինե՞մ»: Իսկական հայ մտավորականի պատասխան, իսկ այսօր ո՞ր մի մտավորականից այսպիսի պատասխան կարելի է սպասել: Ցավոք սրտի, մի մասը միշտ զբաղված է, մյուս մասն էլ սպառնում է, որ իրեն բան չասեն, թե չէ` կգնա երկրից: Այստեղ այդքան վտանգավոր չէ իր գնալը, որքան սպառնալը: Ի՞նչ է, համարվում է շատ մեծ շնո՞րհ, որ իրենք այստեղ են ապրում»:
Եվ, իրոք, դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե այսօր ո՞ր մտավորականի հեռանալուց կտուժի հայրենի մշակույթը կամ միգուցե կշահի: Բայց ամեն մի հեռուստասերիալում մի դրվագում նկարահանված դերասան, ով իրեն հպարտորեն մտավորական է կոչում, մի՞թե գոնե մի պահ չի մտածում, որ պարտավոր է իր ժողովրդի կողքին լինել: Հասկացանք, որ սահմաններից ստացված լուրերը երբեմն ոմանց սեփական կաշին փրկելու ցանկություն է առաջացնում, բայց եթե այսօր PR-վելու պակաս ունեք կամ` հերոսանալու, ապա եղեք զինվորի կողքին, սահմանամերձ գյուղացու կողքին ու հաստատ հայրենիքն էլ ըստ արժանվույն ձեզ կգնահատի: Չէ՞ որ ոչ մի ժամանակներում եւ ոչ մի ժողովրդի վախկոտ ու փախչող մտավորական, աչքը այլ երկրի գրպանին հառած արվեստագետ պետք չէ: Հայրենի հողը չարենցներ, սեւակներ, զոհրապներ, կոմիտասներ է ծնել ու էլի կծնի, այնպես որ, ճանապարհն ազատ է, ձեր գնալուց հաստատ դուք եք տուժելու, ոչ թե հայրենիքը:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

