ՙՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ Է ԽԱԽՏՈՒՄ
Արխիվ 12-16ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ Է ԽԱԽՏՈՒՄ
Առավոտ կանուխ կրկին զորամասում ենք: Հարավ-արեւմտյան այս զորամասն այցելում եմ երկրորդ անգամ: Առաջին անգամ այցելելով զրուցեցի զինվորների հետ, ծանոթացա նրանց առօրյային, բոլորն էլ գիտակից ու խելացի տղաներ, ամենակարեւորը` Հայրենիքի հանդեպ սերը նրանք արտահայտում են ոչ թե լոկ խոսքերով, այլ իրենց կատարած գործերով: Այն, ինչին ականատես եղա զորամասում, հաճելի էր` կարգ ու կանոն, մաքրություն: Թվում էր, թե այս տարածքը Հայաստանից կտրված մի փոքրիկ աշխարհ է, որն ապրում է իր օրենքներով, եւ ըստ այդ օրենքների բոլորն այստեղ մեկ ընտանիք են, եւ այդ ընտանիքի բոլոր անդամների նպատակը մեկն է` պաշտպանել Հայրենիքի սահմանները:
Առաջին այցելության ժամանակ չհաջողվեց զրուցել զորամասի հրամանատարի հետ, ինչի ցանկությունը շատ մեծ էր, քանզի հետաքրքիր է զրուցել այն մարդու հետ ում, զորամասի մյուս սպաների հետ, հաջողվել է պատրաստել մեծ գաղափարախոսությամբ ու պատասխանատվությամբ այս զինվորներին:
Ահա եւ զորամասը, մեզ է մոտենում բարձրահասակ, խիստ դեմքով փոխգնդապետը, բարեւում է եւ, իմանալով մեր այցելության նպատակը, նույն խիստ դեմքով մեզ հրավիրում է իր աշխատասենյակ: Նա է` զորամասի հրամանատար, փոխգնդապետ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Տեղավորվում ենք փոխգնդապետի աշխատասենյակում, ուշադիր զննում եմ տարածքը, կրկին նույն կարգն ու կանոնը: Նայում եմ փոխգնդապետի դեմքին եւ մի տեսակ անհարմար եմ զգում սկսել զրույցս այդ ՙխիստ հայացքով՚ մարդու հետ: Լռությունը խախտում են բազմաթիվ հեռախոսազանգերը, դե ես էլ առիթից օգտվելով առաջին հարցս եմ ուղղում փոխգնդապետին` խնդրելով ներկայացնել իր անցած զինվորական ուղին.
ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ,
ՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՄ ԴԱՐՁԵԼ
-Ծնվել եմ 1971 թվականին, Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքում, զինվորականի ընտանիքում: Հայրս Խորհրդային Միության բանակի գնդապետ է եղել, եւ իմ զինվորական դառնալը պատահական չի եղել: Միջնակարգ կրթություն եմ ստացել Վանաձորի Պուշկինի անվան 4-րդ ռուսական դպրոցում: Բարձրագույն կրթություն ստացել եմ Բելգրադի կառավարման ինստիտուտում: Ծառայել եմ խորհրդային բանակում եւ 2005 թվականին գերազանցությամբ ավարտել եմ Մոսկվայի համազորային ակադեմիան: Հայոց բանակում որպես սպա ծառայությունս սկսել եմ 1999 թվականից, սկզբում ծառայել եմ Վանաձորում, որից հետո իմ կամքով տեղափոխվել եմ Մեհրաբի զորամաս, այնուհետեւ ծառայել եմ Բերդի, Իջեւանի, Կապանի զորամասերում: 2012 թվականի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել եմ այս զորամասի հրամանատար: Ծառայության ընթացքում փոխել եմ 7 զորամաս, ակադեմիան ավարտելուց հետո գրեթե ամեն տարի մի զորամասում անցել եմ ծառայության:
- Պրն փոխգնդապետ, բավականին հարուստ ու երկար զինվորական կենսագրություն ունեք, ծառայել եք տարբեր գնդերում, ինչ նմանություններ եւ տարբերություններ ունեն այդ զորամասերը:
- Յուրաքանչյուր զորամաս ունի իր առանձնահատկությունները, չեմ կարող ասել` մի տեղ հեշտ է, մի այլ տեղ` դժվար, մի զորամաս լավ է, մյուսը` վատ: Եթե մարդն իր պարտականությունները կատարում է պատասխանատվությամբ, այդ դեպքում կարելի է ասել, որ ծառայությունն արդեն հետաքրքիր կանցնի:
Երկար խոսում է փոխգնդապետը, ցանկանում եմ լսել նաեւ այն դժվարությունների մասին, որոնք եղել են երկար տարիների ծառայության ընթացքում. վստահ եմ որ դժվարություններ շատ են եղել, սակայն փոխգնդապետը դրան չի անդրադառնում, միայն փաստում է` բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է Հայրենիքի սահմանների պաշտպանությանը, որը հարավ-արեւմտյան սահմանում իրականացնում են հմուտ սպաները զինվորների հետ միասին: Իսկ ինչպե±ս է հայ զինվորն իրեն զգում սահմանագծում, արդյո±ք ինքնավստահ է: Հարցս հնչեցնելուց հետո նայում եմ ուղիղ փոխգնդապետի հայացքին, առաջվա ՙխիստ հայացքով՚ մարդուն այժմ տեսնում եմ հպարտ ժպիտը դեմքին, հետո կհասկանայի, որ այս հսկա մարմնում կա բարի սիրտ, հոգատարություն, սրտացավություն դեպի հայ զինվորը, այն զինվորը, ով փոխգնդապետի համար մեր այսօրվա հերոսն է` Հայոց բանակի հերոսը:
ԵԹԵ ԶԻՆՎՈՐԸ ՎԱՐԺ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ԻՐ ԶԵՆՔԻՆ,
ԱՊԱ ՆԱ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ Է
-18 տարեկան տղան երբ բանակ է գալիս, նա բանակի, Հայրենիքի հսկվող սահմանների մասին լսել է միայն իր ընկերներից: Զինվորը երբ առաջին անգամ կանգնում է սահմանին, չի գիտակցում, թե որտեղ է եկել, այդ ժամանակ էլ հմուտ սպայական կազմը աշխատում է նրա հետ եւ բացատրում ամեն մի մանրուք: Երկրորդ անգամ 14 օր սահմանը հսկելուց հետո զինվորն արդեն գիտի իր անելիքը եւ այն, թե ինչպես պետք է կազմակերպի իր ծառայությունը: Նրանցից յուրաքանչյուրն այստեղ ձեռք է բերում ինքնավստահություն` գիտակցելով, թե ինչ պետք է անի սահմանում: Այդ ինքնավստահությունը որոշ տեղ հաստատվում է մարտական առաջնային պատրաստվածությունից հետո եթե սահմանին կանգնած զինվորը տիրապետում է իր զենքին, ապա նա ինքնավստահ է: Եթե գնդացրորդը չկարողանա գնդացրից նորմալ կրակ բացել, եթե դիպուկահարը չիմանա` ինքն առաջնահերթ ում պետք է ոչնչացնի, ահա այդ ժամանակ այդ ինքնավստահությունը չի լինի: Վստահությունը գալիս է զինվորի ֆիզիկական կոփվածությունից, նրա գաղափարախոսությունից: Նրանք գիտակցում են, թե մեր երկիրը որտեղ է գտնվում եւ ինչ հարեւաններ ունի, եւ այդ հարեւանները իրենցից ինչ են ներկայացնում: Մարտական պատրաստվածության եւ գաղափարադաստիարակչական աշխատանքներ զինվորների հետ միշտ էլ տարվում են, այդ պատճառով էլ նրանք վստահ են, որ կարող են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները: Վստահ կարող եմ ասել, որ մեր զորամասի բոլոր գումարտակների հրամանատարներն արդեն փորձառու են, գիտեն ինչպես 18 տարեկան տղայից պատրաստեն զինվոր:
Պատրաստեց` Հայոց բանակով եւ
հայ զինվորով միշտ հպարտ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Թեմայի շարունակությունը`
հաջորդ համարում

