«ԵԹԵ ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է, ՄԻԱՅՆ ՕԵԿ-ԻՆԸ ՉԻ ԹԱՆԿԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է,
ՄԻԱՅՆ ՕԵԿ-ԻՆԸ ՉԻ ԹԱՆԿԱՆՈՒՄ»
Երեկ ԱԺ-ում Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի հայաստանյան պատվիրակությունը մանրամասներ ներկայացրեց հուլիսի 6-12-ը Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահ Էլիսթեր Բերթի հրավերով Լոնդոն կատարած այցի վերաբերյալ: Ինչպես նշեցին պատվիրակության անդամները, բրիտանացի գործընկերների հետ հանդիպումների եւ քննարկումների առանցքում եղել են մի խումբ հարցեր, այդ թվում` երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին, կրթության ոլորտին, հայագիտությանն ու հայապահպանությանը վերաբերող հարցեր: Այս ամենի շուրջ եւ նաեւ ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի հայաստանյան պատվիրակություն անդամ ԼԵՎՈՆ ԴՈԽՈԼՅԱՆԻ հետ:
«ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՀԵՏ»
-Պարոն Դոխոլյան, որքանով տեղյակ ենք, հայաստանյան պատվիրակությունը Մեծ Բրիտանիայում մի շարք հարցեր է բարձրացրել, կմանրամասնե՞ք, թե կոնկրետ ինչ խնդիրներ են արծարծվել:
- Օրինակ, այն, որ այսօրվա մեր արտադրողները մեծ խնդիրներ ունեն բրիտանական սուպերմարկետների հետ, եւ ես այնտեղ հարց բարձրացրի, որ բրիտանական ոչ մի սուպերմարկետում հայկական արտադրանք գոյություն չունի: Այսինքն` բացի այն, որ մենք առաջատարն ենք գունավոր մետաղների արտահանման մեջ, պետք է նաեւ կարեւորել մեր առաջատար ճյուղերի գյուղմթերքների իրացումը: Մինչդեռ դա այսօր ոչ մի ձեւով ներկայացված չէ իրենց կողմից: Եվ սկզբունքորեն էլ, եթե մենք այդ հարցը չբարձրացնեինք, իրենց կողմից չկար էլ այդ խնդիրը: Նաեւ առաջարկեցի, օրինակ, տարբեր միջազգային սերտիֆիկատներ, փաստաթղթեր պահանջելուց բացի, հավելյալ բրիտանական սերտիֆիկատներ չպահանջել արտադրողներից, որը ահռելի մեծ գումարների հետ է կապված, ինչը ոչ նպատակային է հայկական գործարարների համար:
- Իսկ ինչպիսի՞ն էր հնչեցված խնդիրների վերաբերյալ բրիտանացի գործընկերների արձագանքը:
- Բարեկամական խմբի ղեկավարը խոստացավ անդրադառնալ այդ հարցերին ու ինչ-որ ձեւով փորձել լուծում տալ: Նաեւ համատեղ տնտեսական ցուցահանդեսներ անելու առաջարկը եղավ` թե՛ այստեղ, թե՛ այնտեղ: Իրենց կողմից ես տեսա ցանկություն, որ մենք համագործակցենք նաեւ տնտեսական հարթակներում: Նշեմ, որ Հայաստան-Մեծ Բրիտանիա ավիաուղիների վերագործարկման հարցը նաեւ բարձրացրեցինք, որն էլի շատ կարեւոր է, ինչը տուրիզմի համար լուրջ խթան կարող է հանդիսանալ: Այս ամենն ինձ թվում է` իրենք կքննարկեն: Թեպետ նրանք շատ հարցեր կապում են Եվրասիական տնտեսական միության հետ, բայց մենք ասացինք, որ Ռուսաստանում այսօր քաղաք չկա, որ Հայաստանը ներկայացված չլինի, յուրաքանչյուր խանութում հայկական արտադրանք կա` դա կարող է պահածո լինել, խմիչք կամ մեկ այլ հայկական արտադրանք: Ընդհանրապես, մենք խոշոր արտադրողներ ունենք` լեռնամետալուրգիայի, թանկարժեք մետաղների, բայց դա, ասենք, մի գործարարի է պատկանում, իսկ գյուղմթերք արտադրող հիմնարկները հիմնականում փոքր ու միջին ձեռներեցների է պատկանում, որոնց համար կարեւոր է ավելի մատչելի պայմաններ ստեղծելը: Եվ այն, ինչ բրիտանացիներն են առաջարկում, բացարձակ մատչելի չէ:
«ԵՍ ԷԼԻ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ, ՈՐ ԱՅՍՏԵՂ ՕԵԿ-Ի ՀԱՐՑԸ ՉԷ»
-Վերադառնալով հայաստանյան ներքին քաղաքականությանը` մեզ հետաքրքրում է, թե ի՞նչ փոխվեց ՕԵԿ-ոչ իշխանական քառյակ հարաբերություններում, որովհետեւ, կարծես թե, վերջիններս պատրաստվում են մասնակցել հուլիսի 18-ին կայանալիք ՕԵԿ-ի հանրահավաքին:
- Հանրահավաքի կազմակերպման առաջարկությունը ՕԵԿ-ինն է, բայց ինչպես մամուլում է հրապարակվել, եւ նաեւ ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում կարդացի, մեզ են միացել բավականին քաղաքացիական նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ: Այսինքն` այն սոցիալական խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք, բոլորիս խնդիրն է: Եթե հոսանքը թանկանում է, միայն ՕԵԿ անդամներինը չի թանկանում, այլ` բոլորինը: Խոսքը լայնածավալ հասարակական մասշտաբների մասին է, եւ բարձրացված խնդիրը բոլորի գրպաններին է անհատապես կպչելու:
- Բայց կոնկրետ քառյակից արձագանք եղե՞լ է, որ իրենք էլ կմասնակցեն:
- Հաշվի առնելով այն, որ ես այս ընթացքում Եվրոպայում եմ եղել` ինֆորմացված չեմ: Բայց գիտեմ, որ որոշ պատգամավորներ իրենց կարծիքը հայտնել են այս մասին: Կոնկրետ դիրքորոշում ես համենայնդեպս չեմ լսել, որ հայտնել են, թեպետ կարծում եմ, որ իրենց կողմից մասնակցություն լինելու է:
- Քաղաքական հանրահավաքները հիմնականում աշնանն են անում, ի՞նչ սպասելիքներ ունեք այս ամառային հանրահավաքից, եւ արդյո՞ք այս շոգին կհաջողվի համախմբել ժողովրդին ՕԵԿ-ի շուրջ:
- Ես էլի եմ ուզում ասել, որ այստեղ ՕԵԿ-ի հարցը չէ: Մեր կուսակցականները, ինչ խոսք, մասնակցելու են, բայց հաշվի առնելով, որ հարցը համազգային է, համաքաղաքական է, սոցիալական ուղղվածություն ունի, վստահ եմ, որ մեզ դեռ էլի կմիանան քաղաքացիական կազմակերպություններ, հասարակական կառույցներ, հասարակ քաղաքացիներ:
- Ի դեպ, վերջերս մամուլում մեծ արձագանք էր գտել այն միջադեպը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց մի խումբ ակտիվիստներ Ձեր եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի նկատմամբ անվստահություն էին ցուցաբերել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին:
- Միջադեպ` որպես այդպիսին, չի եղել, անվստահության հարցում էլ համաձայն չեմ Ձեզ հետ: Պարզապես, մարդիկ կարող են տարբեր մոտեցումներ ու հայացքներ ունենալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

