ԻՆՉՊԵՍ Է ԱՄՆ-Ն ՀԱՅԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ Է ԱՄՆ-Ն ՀԱՅԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Նրանք, ովքեր Change.org ինտերնետային կայքում երբեւէ մասնակցել են որեւէ ստորագրահավաքի, այս օրերին իրենց էլ.հասցեներին անվանական նամակներ են ստանում ո՛չ ավել, ո՛չ պակաս Թուրքիայից: Թշնամուց ստացած «գայթակղիչ» նամակում մասնավորապես ասված է. «Ավելի վաղ Change.org-ում ստորագրելով` փոփոխության համար մեզ հետ ճանապարհ ընկար եւ գործողություններ ձեռնարկեցիր: Մեզ տրված հասցեն ցույց է տալիս, որ Հայաստանում ես բնակվում: Բայց շատ ափսոս, որ այս պահին մեր խմբում չկա մեկը, որ գիտի հայերեն եւ անգլերեն ու կարող է աջակցել Հայաստանում իրականացվող արշավներին: Այս նամակը Հրանտ Դինք հիմնադրամի օժանդակությամբ ենք գրում»: Ապա նամակում «հեքիաթներ է» պատմվում հայ-թուրքական երկխոսության, փոխանակման ծրագրերի եւ այլնի մասին, իսկ վերջում` պահանջում. «Հենց հիմա դիմիր, որպեսզի միանաս մեզ»: Թե ինչպես է Թուրքիայի ձեռքում հայտնվել Change.org կայքում երբեւէ գրանցված բոլոր հայերի տվյալները, «Իրավունքը» պարզեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.
- Չեմ կարծում, որ տվյալները թուրքերի ձեռքում են: Գործում է նույն մոդելը, ինչպես sms գովազդում: Պատվիրատուն ցանկանում է կոնկրետ մի խմբի նամակ ուղարկել եւ այս դեպքում Change.org-ը դա անում է առանց տրամադրելու էլ.հասցեները պատվիրատուին:
- Այնուամենայնիվ, արդյո՞ք սա Հայաստանում լրտեսներ պատրաստելու թուրքական «գայթակղիչ» մեթոդ չէ:
- Հիմա գործում է մեծ հայ-թուրքական ծրագիր, որը USAID-ն է ֆինանսավորում: Կարծում եմ` դրա շրջանակներում է այս ամենը արվում, քանի որ «Հրանտ Դինք» հիմնադրամը շահառուներից մեկն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

