ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽԱԲՈՒՍԻԿ ՆԻՆՋԸ
Արխիվ 12-16ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽԱԲՈՒՍԻԿ ՆԻՆՋԸ
Այժմ այս շոգերին լրահոսում շատ քիչ են ներքաղաքական իրադարձությունների մասին լուրերը: Ոչ իշխանական ՙքառյակը՚ քնած է, քաղաքացիական նախաձեռնությունները քնած են, եւ միայն ՕԵԿ-ն է, որ այս ուրբաթ պատրաստվում է հանրահավաքի` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Սակայն, հանկարծ ընդամենը մեկ լուրից օդում մի տեսակ չարագուշակ տագնապ կախվեց: Այդ տագնապն արտահոսեց ԱՄՆ դեսպանատնից...
ՙԳԱՌՆԵՐԻ՚ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՙՀայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 15-ին հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ՚: Եվ դեսպանի խնդրանքով` ԼՏՊ-ն ՙՆերկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել երկրում տիրող համակարգային կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարումներին, արտագաղթի չնվազող տեմպերին, ընտրությունների շարունակական կեղծման ավանդույթին` դրանք համարելով Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներ՚: Չմոռացվեցին նաեւ Արցախի ու տարածաշրջանի խնդիրները, եւ, բնականաբար, քաղաքական խորը նինջ մտած ՙքառյակը՚ իր 12 կետերով հանդերձ... Չէ, ակնհայտորեն ամերիկացիք ինչ-որ բան են եփում:
Ու դրա դրսեւորումներն առայժմ երեւում են քարոզչամիջոցների ու սոցիալական ցանցերի արդեն ոչ թե մարազմատիկ, այլ շիզոֆրենիկ դրսեւորումներով: ՙՇակալ Եգորի՚ տիպի ՙծակպրոֆեսորները՚ ինչ-որ ՙռուսական շպիոնների՚ առասպելական ցուցակներ են կազմում, ռուսատյացությունը քարոզչական դաշտում հասել է արդեն կենդանաբանական մակարդակի, այնպես որ, կայքերի զգալի մասը կարդալը վնասակար է առողջությանը, հատկապես այս շոգ եղանակի պայմաններում:
Շպիոնոմանիան հասել է աբսուրդի: Որոնում են Բաղրամյան 26-ի ծպտյալ ՙկեղծ ընդդիմադիրների՚, որոնում են ՙԿԳԲ-ի գործակալների՚, եւ էլ ինչ տեսակի որոնումներ են կատարում` դա սահմանափակված է թերեւս միայն մոգոնողների երեւակայության թռիչքով: Բանը հասավ նրան, որ ոմանք` հավանաբար Քոչարյանի քարոզիչները, Հայրիկյանի, Դավիթ Շահնազարյանի, այլ թունդ արեւմտամոլ գործիչների, անգամ ՙԵվրոպական ընտրություն՚ շարժման թիկունքում փորձում են տեսնել Բաղրամյան 26-ի ստվերը:
Իր հերթին ամերիկյան անմիջական խամաճիկները ՙշպիոն են բռնում՚ ՙքառյակի՚ ներսում, ինչպես նաեւ բանը հասել է ՙԴեմ եմ՚ շարժումը ՙքառյակի՚ ծպտյալ գործակալ հռչակելուն, եւ նույնիսկ ստեղծման նախաձեռնությունը Հովիկ Աբրահամյանին վերագրելուն. ՙԱյդ նախաձեռնությունը ոչ թե կյանքի էր կոչվել պայքարելու կենսաթոշակային օրենքի դեմ, այլ հենց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ (կարելի էր այն կոչել ՙԴեմ եմ Տիգրան Սարգսյանին՚): Պարզ է, որ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը եւս դեմ էր տնտեսությունը ոչնչացրած այդ անձին: ՙԴեմ եմ՚-ը կազմակերպեց մի քանի երթ, հանրահավաք, որտեղ ներկա էին բավականին մեծ թվով մարդիկ:
Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ կարճ ժամանակում պարզ է դառնում, թե ով ում ՙտակ՚ է աշխատում, տղերք: Էդ ինչո±ւ հանկարծ Տիգրան Սարգսյանի հրաժարականից եւ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո դադարեցիք նստացույցերը կառավարության շենքի առջեւ, երբ այդ նույն կուտակայինի մասին օրենքից դեռ չի հանվել պարտադիր բաղադրիչը կամ ընդհանրապես օրենքը: Հիմա, իմ կարծիքով, Ձեր կազմակերպած հանրահավաք-երթերին նույնիսկ 150 հոգի չեն մասնակցի՚: Դրան ի պատասխան` սոցցանցերը լցվել են մեկնաբանություններով` քաղաքական դիակների մասին, որոնք տարիներով գարշահոտում են, եւ այդ գարշահոտը լրիվ անտանելի է դառնում հիմիկվա շոգերին:
Կարճ ասած, ամառային ՙքաղաքական նինջի՚ շրջանում տեղեկատվական-հոգեբանական պատերազմը ոչ միայն չի դադարում, այլեւ գնալով թեժանում է: Ի լրումն դրա` նաեւ չափազանց ակտիվացել են վանյանասաքունցական ՙկիբերասկյարները՚, որոնք ամեն մի սահմանային միջադեպից հետո փորձում են տեղեկատվական դաշտը հեղեղել խուճապարար տեքստերով:
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԸ
Թե ինչու ՙքառյակը՚ հատկապես սեպտեմբերին է մտադիր ակտիվանալ` պարզ է: Հոկտեմբերին սպասվում է 2 բան. նախ` մեր եվրասիական գործընկերներից ՙամենաքըխը՚` Ղազախստանը, հենց հոկտեմբերն է նշում` որպես Հայաստանին Եվրասիական միություն ընդունելու ժամկետ, եւ երկրորդը` հոկտեմբերին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է ամփոփի Սահմանադրության փոփոխությունների շուրջ հանրային լսումները: Նշենք, որ ի տարբերություն քաղաքական անցուդարձի, այդ լսումները շատ ակտիվ ընթանում են հանրապետությունով մեկ, տեղափոխվում մարզից մարզ, հանձնաժողովի անդամներն էլ լրագրողներին հաճույքով տրամադրում են մեկնաբանություններ: Նաեւ հիշեցնենք Լեւոն Ակոպիչի ՙիդեա-ֆիքսը՚` Սահմանադրության հանրաքվեն վերածել ՙիշխանափոխության հանրաքվեի՚: Բայց բոլոր դեպքերում հարց է առաջանում` ինչո±ւ նույն դեսպան Հեֆերնը ԼՏՊ-ին շտապեց կանչել հիմա, այլ ոչ թե, ասենք, օգոստոսին, առավել եւս, որ Երեւանում մասոնական հավաքը դեռ առջեւում է: ԱՄՆ դեսպանն այն անձը չէ, որ որեւէ մեկին ինստրուկտաժ անի մասոնական հավաքից առաջ, առավել եւս այնպիսի կադրի պարագայում, ում ՙսեւ դղյակ՚ այցի է գալու Ֆրանսիայի մասոնների առաջնորդ Գի Արսեզեն: Հեֆերնի կողմից տրված ինստրուկտաժը կարող է վերաբերել միայն պրակտիկ քաղաքական գործողություններին, գաղափարաքարոզչական թեզերին եւ այլ` ընթացիկ, բայց ոչ երբեք ռազմավարական բնույթի գործերին: Ուրեմն, ի±նչ է սպասվում հենց առաջիկայում, ինչի± մասին պահանջվեց այդքան շտապ տեղեկացնել իր տեղական օպերատոր ԼՏՊ-ին... Հուսանք, որ իրավասու հատուկ կառույցները բավարար աչալրջություն կդրսեւորեն: Չնայած բացառված չէ նաեւ, որ ամերիկյան ակտիվությունն ու դրա հետեւանքները սոսկ բլեֆի բաղադրիչ են, որի նպատակն է հանրային կրքերի ՙջերմաստիճանը՚ ամռան ընթացքում քայլ առ քայլ բարձրացնել եւ աշնան սկզբին հասցնել եռման կետին:
Ի դեպ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը շտապեց որոշակի առասպելներ քամուն տալ: Նա բացատրեց, որ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցության դանդաղումը սոսկ գալիս է նրանից, որ մեր երկիրը կես տարում է անցնում այն ճանապարհը, որը միության մյուս անդամները անցել են 15 տարում: Ու նաեւ նշում է, որ անլուծելի ու անհաղթահարելի ոչինչ այդ գործընթացում չկա: Նա քանդեց նաեւ արեւմտամոլների մյուս կռվանը` Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման շուրջ աղմուկը, նշելով, որ վերջին 20 տարում այդ հարցում ոչինչ չի փոխվել, որ դա միշտ էլ եղել է: Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` այդ հարցին Արգենտինայում անդրադառնալուն, ապա քաղաքագետի կարծիքով, անդրադարձի հասցեատերը հայ հանրությունն է, որի ուղեղի մեջ արդեն հասցրել են տագնապի բավականին մեծ դոզա մտցնել:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա հանձնաժողովի անդամ, նախկին նախարար Գեւորգ Կոստանյանը Հրազդանում շատ կարեւոր բան է ասել: ՙՄենք պետք է սահմանենք այնպիսի վիճակ, որ անձերի փոփոխությունը չազդի համակարգի վրա: Կառավարման ձեւի փոփոխությունը պետք է երկրում հանգեցնի կուսակցական համակարգի կայացմանը, ինչը կբերի կուսակցական քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ամրագրմանը՚,- ասել է հանձնաժողովի անդամը: Իսկ դա նշանակում է հենց այն, ինչը Սերժ Սարգսյանը շեշտել էր դեռ այն ժամանակ, երբ ասել էր, որ 3-րդ անգամ պետության ղեկին չի կանգնելու եւ կարծիք էր հայտնել, որ նախորդ երկու նախագահներն էլ պետք է նույն ձեւով վարվեն: Խոսքը պետականության սահմանադրական իմունային համակարգի ստեղծման մասին է, որն ապահովելու է հենց ազգի ու պետության շահերը սպասարկող մեխանիզմի մշտական ինքնավերարտադրություն, ուր դրսից նույնիսկ շատ կարեւոր հանգույցներում կադրեր ներմուծելը, խոշոր հաշվով, ոչինչ չի փոխելու: Ու հենց դրան են դեմ եւ արտաքին խաղացողները, եւ մեր ներսի իշխանատենչ խմբերը: Որովհետեւ այդպիսի համակարգում նրանց նկրտումները դառնում են պարզապես անիմաստ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

